Ոստիկանները սպանվածի՝ իրեղեն ապացույց համարվող ավտոմեքենայով խախտում են կատարել. տեսանկարահանող սարքերն արձանագրել են (Տեսանյութ)
15:25, September 6, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն | ՈստիկանությունԱյս տարվա մայիսին դաժանաբար սպանված Հ. Ֆալանջյանի մայրը, դիմելով ՀՔԱ Վանաձորի գրասենյակ, հայտնել է, որ որդուն պատկանող ավտոմեքենան, որն այս պահին ոստիկանության պահպանությանն է հանձնված, շահագործվում է ոստիկանների կողմից:
Ավելին՝ որդու մահից 3 ամիս անց այդ ավտոմեքենայով խախտում է կատարվել, ինչի մասին փաստում են ինչպես փոստային առաքմամբ ուղարկված նամակը՝ վարչական խախտման վերաբերյալ, այնպես էլ ոստիկանության՝ www.police.am կայքէջում տեղադրված տեսագրությունը, որն արվել է տեսանկարահանող սարքերի միջոցով: Տեսագրության մեջ հստակ երևում է, որ խախտում կատարած ավտոմեքենան հենց Հ. Ֆալանջյանին պատկանող MERCEDES-BENZ մակնիշի ավտոմեքենան է:
Հարկ է նշել, որ իրեղեն ապացույցները, համաձայն օրենքի, պետք է պահվեն քրեական գործի հետ: Ոստիկանները, անօրինական ձևով շահագործելով իրեղեն ապացույց համարվող ավտոմեքենան, կատարել են քրեորեն հետապնդելի արարք: Ինչի վերաբերյալ հանգամանքները պարզելու և հանցագործություն կատարած անձանց պատասխանատվության ենթարկելու պահանջով ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ Գլխավոր դատախազություն: