Սուրիկ Խաչատրյանը պաշտոնանկ արվելուց բացի, պետք է ենթարկվի քրեական հետապնդման. Արթուր Սաքունց
17:04, October 6, 2016 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՍյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ազատման հարցը հարկադրված քայլ է, որը չունի բովանդակային որևէ նշանակություն: Այս մասին Tert.am–ի հետ զրույցում հայտնեց իրավապաշտպան, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, անդրադառնալով Սյունիքի Սուրիկ Խաչատրյանի աշխատանքից ազատելու կառավարության այսօրվա որոշմանը:
«Որովհետև կոռուպցիայի դեմ պայքարը պետք է տարվի ոչ թե անձերի փոփոխմամբ, այլ կոռուպպցիայի դեմ, և պաշտոնատար անձանց կողմից քրեական հանցագործությունների հիմքերով` քրեական հետապնդումների միջոցով պետք է հարցերը լուծվեն և իրական փոփոխություններով: Այսինքն` անպատժելիության մթնոլորտի հաղթահարման համար նման պաշտոնանկությունները չեն կարող որևէ նշանակություն ունենալ»,- ասաց Արթուր Սաքունցը:
Իրավապաշտպանը նաև ասաց, որ Սուրիկ Խաչատրյանը պետք է պաշտոնից ազատվելուց բացի, նաև քրեական պատասխանատվության ենթարկվի։
«Սուրիկ Խաչատրյանը պետք է գոհ լինի, որ ազատվի միայն պաշտոնանկությամբ, որովհետև Խաչատրյանը շատ էպիզոդներով պետք է ենթարկվի քրեական հետապնդման: Սակայն հաշվի առնելով կոնտեքստը, որի պայմաններում պաշտոնանկ արվեց Սուրիկ Խաչատրյանը, ապա, նա, բնականաբար, արդարացիորեն նաև դժգոհելու իրավունք ունի Սերժ Սարգսյանից, թե ինչու միայն ինքը, ոչ մյուսները»,– ասաց իրավապաշտպանը: