«Կուսակցական դեմքը նման կերպ չեն փրկում». Արթուր Սաքունցն արձագանքել է «Հայկական վերածնունդ»-ի անդամ Արկադի Փելեշյանի կողմից Ռաֆիկ Գրիգորյանին ծեծի ենթարկելու միջադեպին
12:55, October 6, 2016 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով, երեկ գիշեր «Հայկական Վերածնունդ» կուսակցության Վանաձորի ավագանու ցուցակը գլխավորող Արկադի Փելեշյանը՝ Ական, դաժան ծեծի է ենթարկել Վանաձորի Հայ Ավետարանական եկեղեցու առաջնորդ Ռաֆիկ Գրիգորյանին: Լրատվականը փորձել է ճշտել լուրը և զանգահարել Ռաֆիկ Գրիգորյանին, սակայն հեռախոսազանգին լացակումած պատասախանել է Գրիգորյանի կինը և փոխանցել, որ վերջինն ի վիճակի չէ պատասխանել և այս պահին նրան հետազոտում են բժիշկները: Նաև հայտնի է դարձել, որ Արկադի Փելեշյանը զինված է և սպառնում է այլ հայտնի անձանց ևս։
«Հայկական Վերածնունդ» կուսակցության մամուլի պատասխանատու Էդգար Առաքելյանն արդեն հայտնել է, որ այդ լուրերն իրականությանը չեն համապատասխանում: Նույն էլ Հեղինե Բիշարյանն է պնդել` ասելով, որ վստահ չէ, որ նման բան է եղել:
Ի դեպ, հիվանդանոց է մեկնել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: Ավելի ուշ` նա անդրադառնալով Բիշարյանի արձագանքին, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տիկին Բիշարյան, ես դեպքի վայրում եմ, եթե ճշտել եք ու այդպես եք արտահայտվում, ամոթ Ձեզ, եթե ի վիճակի չեք իրողությունը ճշտելու, ապա գոնե զանգեք ոստիկանություն` այնտեղից ճշտեք և նոր արտահայտվեք….Կուսակցական շահերը, դեմքը նման կերպ չեն փրկում…»:
Նշվում է, որ Արկադի Փելեշյանը Վանաձորում ունի քրեական համբավ: Ըստ շրջանառվող լուրերի, նա ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի սանիկն է, նաև հայտնի ռեժիսոր, վավերագրող, սցենարիստ Արտավազդ Փելեշյանի ազգականը:
Դեպքի առնչությամբ ՀՀ ոստիկանության Վանաձորի բաժին ահազանգ է ստացվել, Արկադի Փելեշյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: