Բացառիկ տեսանյութ. «Հայկական վերածնունդ»-ի թեկնածուն ինչպես է ներխուժել «Ավետարանական եկեղեցու» տարածք
15:20, October 6, 2016 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններArmLur.am-ն արդեն հայտնել է, որ երեկ երեկոյան ՀՎԿ Վանաձորի ավագանու ցուցակը գլխավորող Արկադի Փելեշյանը՝ Ական, դաժան ծեծի է ենթարկել Վանաձորի «Ավետարանական հավատքի քրիստոնեական եկեղեցու» առաջնորդ Ռաֆիկ Գրիգորյանին: «Ժողովուրդ» օրաթերթն այսօրվա համարում հայտնել է, որ Արկադի Փելեշյանը Վանաձորում քրեական համբավ ունի: Նա ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի եղբոր` Վանաձորի Տարոնի բաժնի ոստիկանապետ Էրիկ Շարմազանովի սանիկն է:
ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ ծեծի պատճառը քվեներն են եղել. եկեղեցու առաջնորդը եւ մի քանի այլ անձինք խոստացել են ձայներ տալ ՀՎԿ-ին, սակայն Արկադի Փելեշյանը չի ստացել իր ակնկալած քվեները: Խաբված ավագանին որոշել է զենքով հարցերը կարգավորել:
ArmLur.am-ին Վանաձորում շրջանառվող լուրերից հայտնի դարձավ, որ այս պատմությունը սկիզբ է առել ինչ-որ օրացույցներ բաժանելու հարցից: Բանն այն է, որ Փելեշյանը հոգևորականի թոռանը օրացույցներ է տվել և ասել, որ բաժանի եկեղեցի մտնող-դուրս եկողներին: Գրիգորյանի թոռն էլ դիմել է իրեն` հասկանալու համար` կարո՞ղ է ՀՎԿ-ի թեկնածուի պահանջը կատարել: Մերժում ստանալուց հետո Գրիգորյանի թոռը, ըստ նույն լուրերի, վերադարձրել է օրացույցները: Ապա Փելեշյանը դիմել է Գրիգորյանին, թե ինչպե՞ս ես համարձակվել անցնել իր խոսքի վրայով:
Վիճաբանության շարունակությունն այսօր ArmLur.am-ն արդեն ներկայացրել է:
Կատարվածի և մի քանի այլ հարցերի շուրջ ArmLur.am-ը զրուցեց «Ավետարանական հավատքի քրիստոնեական եկեղեցու» առաջնորդ Ռաֆիկ Գրիգորյանի հետ:
Հ.Գ. ՀՎԿ-ՕԵԿ-անդամները` իրենց ղեկավարի` Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ, տարբեր ամբիոններից մշտապես բարձրայնում են, թե քրեական անցյալ և ներկա ունեցողները երբեք չպետք է բարձր պաշտոններ զբաղեցնեն: Եվ այստեղ տրամաբանական հարց է առաջանում` բարձրագոչ հայտարարությունները գործով ապացուցելու համար ավելի ճիշտ չի՞ լինի, որ սույն քաղաքական ուժը միավորվի այդ քաղաքում ամենաշատ ձայներ հավաքած թեկնածուի շուրջ, այլ ոչ թե պնդի, որ Վանաձորի քաղաքապետ պետք է դառնա իր թեկնածուն` քրեական անցյալով ու ներկայով աչքի ընկած Արկադի Փելեշյանը: Գուցե Արթուր Բաղդասարյանը ընդդիմադիրի դե՞ր է խաղում:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: