Երբ Սեյրան Օհանյանը խոսում է գեներալների մասին, պետք է կարողանա մեկ հարցի պատասխանել
15:47, May 7, 2016 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Զինված ուժերՄեր զրուցակիցն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը
Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ աշխատանքից հեռացված երեք բարձրաստիճան զինվորականները քրեական պատասխանատվության չեն ենթարկվի, քանի որ չեն արել քրեորեն հետապնդելի արարք։ Մյուս կողմից, Սերժ Սարգսյանը Հանրային խորհրդի հետ հանդիպմանը վրդովված հայտարարում է, որ լսի խորհուրդները և լուծարի Ազգային ժողովը, ռազմական դրություն հայտարարի, 37 թիվը դարձնի մեր երկիրը։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունները։
Իշխանությունը՝ հանձինս այս պահին կարևոր դերակատարություն ունեցող անձերի՝ գերագույն գլխավոր հրամանատարի և պաշտպանության նախարարի՝ ըստ էության բացարձակապես ոչ համարժեք վերաբերմունք ցույց տվեց այն իրավիճակի և այն խնդիրների նկատմամբ, որոնք բացահայտվեցին և որոնք ունեցանք ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում։ Առաջին հերթին՝ բացարձակապես որևէ խոսք, արտահայտություն, որը կվկայեր այդ զոհերի նկատմամբ պատասխանատվության զգացումը, չկա։ Նրանք գտնում են, որ երեք բարձրաստիճան սպաների պաշտոնից հեռացումը արդեն իսկ բավարար է, որպեսզի համարենք, որ այդ պատասխանատվությունը արդեն կա։ Մինչդեռ համակարգային խնդիրների՝ տարիներով լուծված չլինելը հանգեցրեց այդքան մարդկային զոհերի, որ նրանք ամեն գնով փորձում են կոծկել։ Խնդիր է դրվում, որ պետք է քննություն իրականացվի առնվազն 92 զինծառայողների զոհվելու հանգամանքների ու պարզաբանման բացահայտման ուղղությամբ, որոնք ոչ միայն կոնկրետ դեպքեր են, այլ նաև գործող համակարգի հետևանքն են հանդիսանում։ Սա է այն մոտեցումը, որը կարող է խոսել պատասխանատվության մասին։
Մենք շատ լավ գիտակցում ենք, որ հեռացված բարձրաստիճան սպաները մի կողմից հանդիսացան քավության նոխազ, համակարգը փոքր զոհաբերություններով փորձեց իր դեմքը փրկել։ Մյուս կողմից ՝ դրանք զոհաբերություն էին, որոնցով իշխանությունը փորձում է իր հանցագործությունը ՀՀ քաղաքացու առջև վերստին կոծկել։ Թե Սերժ Սարգսյանը՝ որպես գերագույն գլխավոր հրամանատար և նախագահ, և թե պաշտպանության նախարարը շատ լավ գիտեն, որ պատճառը ոչ թե կոնկրետ անձնանց կողմից թույլ տված թերացումներ էին, այլ ձևավորված կոռուպցիոն համակարգը, որի հետևանքով պաշտպանության բնագավառում ստեղծված իրավիճակը փոխհատուցվեց մարդկանց կյանքով։ Հիմա, երբ Սերժ Սարգսյանը խոսում է 37 թիվը չկիրառելու մասին, ապա հերթական անգամ կեղծում է օրակարգային այդ հարցը, որովհետև ոչ թե 37 թվի մասին է խոսքը, այլ արդարադատության և քննության իրականացման անհրաժեշտության մասին։ Ոչ ոք չի ասում, թե պետք է կուլակաթափ անել այնպես, ինչպես ինքն է պատկերացնում։ Կա պահանջ և անհրաժեշտություն, որ պետք է կատարվի քննություն, այդ թվում կոռումպացված համակարգում։ Եվ հղում կատարել, թե իբր փաստաթղթերով ամեն ինչ ճիշտ է և հետևաբար ոչինչ անել չի կարելի, փաստաթղթերի համապատասխանությունը այն ունեցվածքին, որ մարդիկ ձեռք են բերել կոռուպցիոն տարբեր սխեմաների, հանցագործությունների միջոցով, պետք է դառնա քննության առարկա։
Բացի այդ, երբ Սերժ Սարգսյանը խոսում է, որ չպետք է ռազմական դրություն հայտարարվի, պատերազմ չպետք է հայտարարվի և այլն, իհարկե ճիշտ է ասում, բայց կներեք, եթե այդ չհայտարարված պատերազմի պարագայում պատերազմի ամբողջ ծանր բեռը վերստին գցվում է քաղաքացիների վրա՝ նրանից պահաջելով հերթական զոհերը, իսկ սեփական կոռումպացված համակարգի ներկայացուցիչների զոհաբերումը հանդիսանում է պաշտոններից հեռացումը, ապա հենց 37 թիվ է միայն ՀՀ քաղաքացիների համար և ոչ թե սեփական իշխանության, սեփական թիմի կրողների համար։
Ինչո՞ւ են խուսափում քրեական պատասխանատվության ենթարկելուց։ Սեյրան Օհանյանը հայտարարում է, որ նրանք քրեորեն հետապնդելի արարք չեն իրագործել և որ բանակը նման հարցերով չի զբաղվում։
Այո, բանակը չի զբաղվում, բայց իբրև գերատեսչության ղեկավար՝ նա պետք է տա այդ հարցադրումները՝ համապատասխան գրությունն ուղարկելով դատախազություն՝ ստուգումներ անցկացնելու վերաբերյալ։ Երբ նա նշում է, որ այդ չափի չարաշահում չկա, նա չի որոշողը, չափը պետք է որոշվի քննության արդյունքում։ Այն հիմնավորումները, որոնց հիման վրա մարդիկ հեռացվեցին, պետք է հանրությունը իմանա, և իրենք չպետք է որոշեն՝ այդ հետապնդումները բավարար են քրեական հետապնդում իրականացնելու համար, թե ոչ։ Երբ այդ նույն օլիգարխները կամ սաքուլիկները, որոնք հեռու են մնում փաստացի պատերազմական իրավիճակից և պատերազմի կանոններին համապատասխան պատասխանատվություն կրելուց, փաստացի պատերազմական իրավիճակների մեջ ներգրավում են ՀՀ քաղաքացիներին տարբեր մեթոդներով, ինձ համար անհասկանալի է այս մոտեցումը։ Երբ իրենք ասում են, որ ոչ մի զիջում չի լինելու, բայց այդ ոչ մի զիջումը պատաստ չեն իրենց կողմից անելու ՀՀ քաղաքացիներին իրենց կատարած հանցագործությունների բացահայտման տեսակետից, ապա հասկանալի է դառնում, որ Սերժ Սարգսյանն ունի երկու խրամատ, մեկը՝ բաժանարար գծում, մյուս խրամատը՝ իր քաղաքացիների հետ հարաբերություններում։ Եվ վերջին հայտարարությունները գնահատում եմ հետևյալ կերպ՝ կարճատև խուճապից հետո, որը պայմանավորված էր ապրիլյան ռազմական գործողություններով, որոնք կասեցվեցին հենց ՀՀ քաղաքացիների և նրա զինվորների կողմից, մարդիկ սկսել են սթափվել, վերստին վերագտնում են, հավաքում են իրենց ուժերը՝ իրենց իշխանությունը պահպանելու նպատակով։ Կար խուճապ, և իրենց համար անակնկալ էր այդ համախմբումը։
Այնուամենայնիվ, այդ համախմբումը ոչ միայն պետք է ուղղված լինի արտաքին մարտահրավերները կասեցնելուն, այլ նաև պետք է համախմբված լինի ներքին վտանգնելը կանխելուն, կասեցնելուն և վերացնելուն։ Այս տեսակետից շատ մտահոգիչ է, որ քաղաքական դաշտի մնացած դերակատարների առաջարկություններն՝ ամեն ինչ պատերազմի համար, ամեն ինչ հայրենիքի համար, բայց՝ միայն ժողովրդի հաշվին, իսկ իրենք հայրենիքի, ժողովրդի համար որևէ բան չեն ուզում ներդրած լինել, ընդհուպ նաև այդքան կարևոր արդարադատության, քննության իրականացումը: Որովհետև եթե հիմա չբացահայտվեցին, պատասխանատվություն չկրեցին այն բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում նաև չբացահայտվեցին այն խնդիրները, որոնց հետևանքով այդքան մարդկային զոհեր ենք ունեցել, ի՞նչ երաշխիք, որ այդ խնդիրները լուծվելու են, եթե դու քննություն չես իրականացնում և հանրությանը չես ներկայացնում այդ քննության արդյունքները: Քանի դեռ մարդիկ պատասխանատվություն չեն կրում այդ խնդիրների առաջացման համար, որևէ վստահություն իշխանության նկատմամբ չի կարող ձևավորվել։ Կոռուպմացված համակարգում պատերազմը հանդիսանում է ոչ թե հայրենիքի պաշտպանություն, այլ մսաղաց քաղաքացիների համար, որոնց թիկունքում իրենց ընտանիքները գտնվում են սոցիալապես անապահով վիճակում, առջևում գտնվում է հակառակորդը՝ իր վտանգներով, և ամբողջ իրավիճակում իշխանություն կոչեցյալը, որը պատրաստ չէ պատասխանատվություն կրելու։
Կոռնիձորի Արոն հայտարարել է, որ ինքը առաջին գիծ չի գնա այնքան ժամանակ, քանի դեռ օլիգարխի արյուն չի թափվել։
Սա եզակի ողջամիտ և շատ կարևոր հերթական ուղերձներից մեկն է, որ հնչեց, որովհետև շատ ուղերձներ հանրությունն արդեն հնչեցրել է։ Եվ իշխանությունն այդ բոլոր ուղերձներին անհամապատասխան պահվածք և վերաբերմունք դրսևորեց և ասաց՝ հույս չունենաք, մենք որևէ կաթիլ արյուն չենք թափելու, արյուն թափելու եք դուք՝ ՀՀ քաղաքացիները, և մենք ենք որոշելու։ Այդ փշրանքները, որ իբր օգնություն ուղարկում են, ավելի շատ նման է ինդուլգենցիայի։ Երբ Սերյան Օհանյանը խոսում է չարաշահումների, գեներալների մասին, ովքեր այս տարիների ընթացքում բիզնես են ստեղծել և այլն, պետք է կարողանա մեկ հարցի պատասխանել՝ այդ ինչպե՞ս է լինում, որ միայն գեներալներն են կարողանում բիզնես ստեղծել, այդ ինչպե՞ս է լինում, որ միայն իշխանության հովանավորությունն ունենալու դեպքում են կարողանում բիզնես ստեղծել։ Այդ բիզնեսի աղբյուրները տատիկներն ու պապիկնե՞րն են փոխանցել նրանց, թե՞ այլմոլորակայիններն են նվիրաբերել։
Սերժ Սարգսյանը երբ հայտարարում է, որ 37 թիվը չի կիրառելու, նշանակում է չի կիրառելու իր հպատակ օլիգախների և նրանց ունեցվածքի նկատմամբ։ Ինչպես Վիսոցկին է ասում՝ Жираф большой, ему видней դիրքից խոսել հանրության հետ, երբ հանրությունը ցույց է տվել իր համախմբվածությունն արտաքին սպառնալիքների կանխարգելման ուղղությամբ, նշանակում է՝ հանկարծ չմտածեք, թե այդ համախմբումից կվախենամ։ Սա մարտահրավեր է ՀՀ քաղաքացուն, անխտիր բոլոր ուժերը, որոնք կոչ են անում համախմբվել կոռումպացված համակարգի շուրջ, նրանք պատերազմի կուսակցություն են, որոնք մատը մատին չեն ուզում տալ դիվանագիտության, տնտեսության, սոցիալական բնագավառներում իրավիճակը փոխելու նպատակով։ Երբ խոսքը գնում է գենոֆոնդի պահպանման մասին, դա բոյկոտ է այդ 18 տարեկաններին, որոնք ունեն իրենց նպատակները, իրենց որպես մարդ ծրագրերը, որոնք չեն կարող ժառանվել։ Մարդու հոգին, միտքը չեն կարող ժառանգվել, նա պետք է իրացվի, և այդ գենետիկ ֆոնդը հերթական միսը պատրաստելու միջոց է հանդիսանում։ Երբ խոսում են, որ բոլոր 18 տարեկանները պարտադիր պետք է անցնեն զինծառայության, բայց իրենց սեփական կոռուպցիոն հանցագործությունները, որոնք գործադրել են իրենց երիտասարդներին գիտության բնագավառ խցկելու նպատակով, և շարունակելու են այլ մեխանիզմներ կիրառել, որպեսզի խուսափեն ծառայությունից,- այդ բոլորը խոսում են այն մասին, որ բացարձակ որևէ մտահոգություն ՀՀ քաղաքացու կյանքի, նրա անվտանգության նկատմամբ գոյություն չունի։ Նրանց համար մարդը միայն միջոց է իրենց կոռուպցիոն նպատակներին հասնելու համար, թե արտաքին և թե ներքին բնագավառում։
Ի՞նչ տեղի կունենա։
Հանրությունը առավել քան հստակ պատկերացնում է և հրապարակավ ներկայացնում է իր պահանջները և հերթական անգամ հանուն սեփական իշխանության գոյատևման օրակարգում գտնվող խնդիրները կեղծելը, մոլորեցնելը չի հաջողվի։