Ինչպե՞ս են ՀԿ-ները պայքարելու սահմանադրական փոփոխությունների դեմ
10:04, September 7, 2015 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Ընտրական իրավունք | Սահմանադրական փոփոխություններՍահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ ԱԺ-ում հրավիրված լսումներին, բացի քաղաքական ուժերից, մասնակցում էին հիմնականում անհայտ ՀԿ-ներ ու նախաձեռնություններ։ Քաղաքացիական կյանքում ակտիվ գործունեություն ծավալող ՀԿ-ները, որոնք մասնակցում էին Վենետիկի հանձնաժողովի հետ հանդիպմանը, մերժել էին ԱԺ լսումներին մասնակցելու հրավերը։ Դրանց թվում էր Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը։
«Կոնկրետ ինձ համար ֆունդամենտալ խնդիր է, եթե մի իշխանություն Մարտի 1-ի հանցագործության բացահայտում չի իրականացնում, երբ խախտված են մնում առնվազն տասը հոգու կյանքի իրավունքը, մարդու իրավունքներն ու ազատությունները, ինչպես կարող է այս իշխանությունը հանուն ինչ-որ խնդիրների լուծման նախաձեռնություն հանդես բերել, այսինքն՝ Սահմանադրություն խախտողի հետ Սահմանադրության փոփոխության վերաբերյալ քննարկմանը չեն մասնակցում»,- հիմնավորեց Արթուր Սաքունցը։
Նա ԱԺ-ում գտնվող ՀԿ-ների մասնակցությունը գնահատեց հետևյալ ձևակերպմամբ. «Դա ՀՀԿ-ականների և ոչ ՀՀԿ-ականների դաշինքի քննարկում էր։ Բացառություն էր ՀԱԿ խմբակցությունը. Լևոն Զուրաբյանը քաղաքական հայտարարությամբ հանդես եկավ»։
Իսկ ի՞նչ են անելու այն ՀԿ-ները, որոնք դեմ են նախագծին, ինչպե՞ս են պայքարելու այս փոփոխությունների դեմ։ Սաքունցն ասաց, որ քաղաքական պայքարին չեն միանա, իրենք նախագծի բովանդակության վերաբերյալ իրազեկում պետք է իրականացնեն։ Այսինքն՝ քաղաքացիների համար պետք է հասկանալի լինի՝ նոր Սահմանադրությամբ ինչ փոփոխություններ են սպասվում, ինչու կողմ և դեմ լինեն։
«Ես ավելի շատ մեր գործառույթը տեսնում եմ իրազեկման մասով, քանի որ այս փոփոխությունը կատարվում է հանրության անիրազեկության պայմաններում։ Սա հիմնարար խնդիր է։ Երբ որ փոփոխությունների վերաբերյալ հանրությունը բովանդակային պատկերացում և կարծիք չունի, նման պարագայում փոփոխությունների իրականացումն ու նաև պայքարը դրա դեմ, շատ արկածախնդրային է։ Եթե դուրս ես գալիս մի ամբողջ իշխանության դեմ, պետք է ունենալ ռեալ աջակցություն, իսկ դա կարող ես ունենալ, երբ ունես իրազեկվածության համապատասխան մակարդակ»,- ասաց իրավապաշտպանը։
Աղբյուրը՝ www.1in.am
Տես նաև՝ hcav.am