«Բանտարկյալները բանտային վատ պայմանների հարցը չեն բարձրացնում»
23:13, August 8, 2014 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Շանթ Հարությունյան, ՔաղբանտարկյալներՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը վստահեցնում է, որ անձամբ է երկու ամիս առաջ այցելել Վարդաշենի քրեակատարողական հիմնարկ ու զրուցել Շանթ Հարությունյանի ընկերոջ՝ նոյեմբերի 5-ի դեպքերով կալանավորված Վարդան Վարդանյանի հետ: Հիշեցնենք, որ այսօր Վարդան Վարդանյանը Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում բողոքում էր, որ իննը ամիս է՝ անազատության մեջ է ու ոչ մի հ/կ-ից իրենց չեն այցելել, չեն հետաքրքրվել ՝ինչ խնդիրներ ունեն:
Անդրադառնալով բանտախցերի անմարդկային պայմաններին, ինչից այսօր դժգոհում էր Վարդան Վարդանյանը, պարոն Սաքունցն ասաց. «Պայմանները ահավոր են ու անմարդկային: Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում նաեւ գերբեռնվածության խնդիր կա: Ես ինքս Վարդան Վարդանյանին ասել եմ, որ պայմանների հետ կապված պետք է բողոք գրի: Նա հստակ պատասխան չի տվել: Իսկապես պայմանները նվաստացնող են, ու պարոն Վարդանյանը կարող է իր փաստաբանի հետ այդ հարցը Հայաստանի իշխանությունների առջեւ բարձրացնել»:
Իրավապաշտպանի խոսքով, իրենք էլ են բանտերի վատ պայմանների խնդիրը պարբերաբար բարձրացնում իրենց զեկույցներում, բայց կարծում է, որ կոնկրետ դեպքերում, պետք է բանտարկյալներն էլ խնդրի մասին բարձրաձայնեն. «Որեւէ բանտարկյալ, հատկապես քաղբանտարկյալները խցային պայմանների մասին դատական ատյաններում չեն բարձրացնում, նույնիսկ ազատվելուց հետո»:
Աղբյուրը` www.aravot.am