Վանաձորի մարզադպրոցներում երկու սեռերի համար հավասար հնարավորություններ ստեղծված չեն. զեկույցի ներկայացում
11:57, September 8, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն2016թ. սեպտեմբերի 6-ին տեղի ունեցավ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից իրականացված «Երկու սեռերի կարիքների արտացոլումը Վանաձորի մարզադպրոցների կողմից մատուցվող ծառայություններում և բյուջետավորման գործընթացում» ծրագրի ամփոփիչ զեկույցի ներկայացումը` ծրագրի համակարգող Անուշ Համբարյանի և ծրագրի օգնական Հերմինե Գասպարյան կողմից։
Ծրագրի նպատակն էր բացահայտել, թե արդյոք համայնքային ենթակայության սպորտային հաստատությունները հավասարապես հաշվի են առնում համայնքի շահառուների տարբեր խմբերի՝ մասնավորապես աղջիկների և տղաների շահերն ու կարիքները և առհասարակ, որքանով են գենդերային հավասարության սկզբունքները կարևորվում սպորտի ոլորտում համայնքային քաղաքականության մեջ։
Հանդիպմանը ներկայացվեցին՝
– Տեղական մակարդակում գենդերային բաղադրիչի ներդրման քաղաքականության հիմքերը,
-Վանաձորի քաղաքապետարանի քաղաքականությունը սպորտի ոլորտում՝ գենդերային բաղադրիչի գնահատումը բյուջետային և ծրագրային մակարդակներում,
-Մարզադպրոցի շահառուների կարիքների գնահատման արդյունքները,
-Վանաձորի քաղաքապետարանի ենթակայության սպորտային հաստատությունների բյուջեների ուսումնասիրության արդյունքները,
-Առաջարկություններ ուղղված մարզադպրոցների ներկայացուցիչներին, քաղաքապետարանի համապատասխան բաժնի աշխատակիցներին և մարզպետարանի գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողովի անդամներին։
Քննարկմանը մասնակցում էին Վանաձորի մարզադպրոցների ներկայացուցիչները և համայնքապետարանի Ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի պետ Գևորգ Մացակյանը:
Բարձրացված խնդիրները, մասնավորապես` համայնքի մարզական ոլորտում երկու սեռերի համար անհավասար հնարավորությունները, հանդիպման մասնակիցները կապում էին ֆինանսական սուղ միջոցների և հասարակության մտածելակերպի հետ՝ դրանց լուծումը տեսնելով իրենցից դուրս: Այնուամենայնիվ, քննարկման ընթացքում մասնակիցները պատրաստակամություն հայտնեցին լուծելու դիտարկման արդյունքում բացահայտված այն խնդիրները,ո որոնք զգալի ֆինանսական ծախսեր չեն պահանջում: Առաջարկություն եղավ նաև զեկույցն ուսումնասիրելուց հետո կազմակերպել լրացուցիչ հանդիպում՝ քննարկելու ներկայացված առաջարկությունների իրագործման հնարավորություններն ու հետագա քայլերը մարզադպրոցների ղեկավարության և համայնքապետարանի Ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի հետ:
Զեկույցը՝ ԱՅՍՏԵՂ