Շանթ Հարությունյանի, ՀԽ-ի և Զարուհի Փոստանջյանի թեման` միջազգային համաժողովում
15:15, October 8, 2015 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՀայաստանում մարդու իրավունքների և արդարադատության համակարգի վիճակը հայաստանցի իրավապաշտպանները ներկայացրել են ԵԱՀԿ ԺՄԻԳ Մարդու իրավունքների իրականացման ամենամյա ժողովի ժամանակ:
«Ես անդրադարձա Հիմնադիր խորհրդարանի անդամների նկատմամբ քաղաքական հետապնդումների թեմային, որ դա ժողովրդավարական պետության պայմաններում ուղղակիորեն անթույլատրելի է, Շանթ Հարությունյանի և ընկերների թեման ևս տեղ գտավ իմ խոսքում, ինչպես նաև կարևորեցի Զարուհի Փոստանջյանի վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայության խայտառակ հայտարարությունը»,- նշում է իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
Իրավապաշտպանը կարեւորում է նման ժողովները, քանի որ միջազգային հարթակում պետության ներկայացուցիչներն ստիպված են լինում պատասխանել իրավապաշտպանների կողմից առաջ քաշված հարցադրումներին:
«Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչը թեմաների վերաբերյալ ուղղակի արձագանք չարեց… այսինքն՝ ի՞նչ պետք է ներկայացներ: Սակայն երբ խոսքը վերաբերում էր այլ հարցերի՝ խոշտանգումներ, դատական իշխանություն, նա ուղղակի ասաց, որ իրենք պատրաստ են համագործակցել հասարակական կազմակերպությունների հետ»,- ասում է պարոն Սաքունցը:
Իրավապաշտպան Հայկուհի Հարությունյանին անակնկալի է բերել պետության ներկայացուցչի արձագանքը հունիսի 23-ի դեպքերի մասին խոսելիս:
«Ինքը ներկայացնում էր, որ դա ոստիկանության համար իրականացված երկարատև բարեփոխումներից հետո աշխատանքի բարելավման դրսևորումներից մեկն է, ինչը վկայում է, որ ոստիկանությունը բոլոր ջանքերը գործադրել է, որ միջամտությունը հնարավորինս նվազագույն լինի»:
Ըստ նրա՝ Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակն ու դատական համակարգը պրակտիկայում բարելավելու ջանքեր չեն գործադրվում, չնայած որ ընդունվում են միջազգային ստանդարտներին համապատասխան օրենսդրական կարգավորումներ:
«Պետությունն առաջին հերթին բավականին դժվարությամբ է ընդունում խնդիրների գոյությունը, այսինքն՝ այն, ինչ որ մենք մատնանշում ենք որպես խնդիր, պետության համար գրեթե գոյություն չունի կամ ոչ այն ուժգնությամբ, ինչը մենք ենք ահազանգում»:
Իրավապաշտպանը որպես օրինակ բերում է հավաքների ազատությունը, երբ հստակ են սահմանված իրավունքներն ու դրանց սահմանափակումները, սակայն հաճախակի են ոստիկանության կողմից դրանց խախտման դեպքերը:
Տեսանյութը՝ այստեղ
Աղբյուրը՝ a1plus.am