Վարչապետ․ եթե առաջնագծում միայն անապահովներն են, պետք է շտկել այդ վիճակը
12:32, November 8, 2016 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԼեռնային Ղարաբաղում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վարչապետները հանդես են եկել համատեղ ճեպազրույցով:
Վարչապետ Կարեն Կարապետյանի պնդմամբ, եթե պարզվի, որ առաջնագծում ծառայում են միայն անապահով ընտանիքների որդիները, ապա դա նշանակում է, որ իրավիճակը շտկելու անհրաժեշտություն կա: Կարապետյանը խնդրին անդրադարձել է հանգստյան օրերին՝ Լեռնային Ղարաբաղ կատարած առաջին աշխատանքային այցի ընթացքում:
«Ես դա չեմ նկատել, բայց լսել եմ, որ նման ստատիստիկա կա, և կարծում եմ, որ այդ ստատիստիկան անարդարացի է: Եթե դա իրոք այդպես է, ապա մեր պաշտպանության բանակի հրամանատարները, մենք բոլորս, այդ հարցով մտածելու և ուղղելու անհրաժեշտություն ունենք»,- ասել է Կարապետյանը:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն ուսումնասիրել է ապրիլյան պատերազմի ու դրան հաջորդած օրերին զոհված շուրջ 100 զինվորներից 61-ի ընտանիքների սոցիալական վիճակը: Կազմակերպության ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցն ասում է, որ գրեթե բոլորն անապահով են:
«Այդ 61 ընտանիքներից միայն 4 կամ 5 ընտանիքի կարող ենք համարել սոցիալապես ապահով: Ստուգել ենք նրանց բնակարանային պայմանները, ֆինանսական եկամուտները, աշխատանք ունենալու հանգամանքը»,- «Ազատությանն» ասաց իրավապաշտպանը: Սաքունցը վստահ է՝ անարդարությունը վերացնելու համար ոչ թե մտահոգությունների, այլ կոնկրետ քայլերի անհրաժեշտություն կա: «Խնդիրը վաղուց ձևակերպված է, հիմա պետք է կոնկրետ քայլեր ներկայացնի, թե ինչ պետք է արվի: Իսկ Բարի ցանկություններ ու մտահոգությւոններ մենք կարող ենք արտահայտել, ոչ թե վարչապետը»,- շարունակեց Արթուր Սաքունցը:
Պատմական Տիգրանակերտում մի քանի լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը մասնակցում էր նաև Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արայիկ Հարությունյանը: Նա, մասնավորապես, խոսել է այն մասին, թե ապրիլյան պատերազմից հետո հավաքված միջոցներով ինչպես են արդիականացրել Ղարաբաղի պաշտպանական համակարգը:
«Հաստատ մեր զինվորն այսօր ավելի համալրված է համապատասխան սարքավորումներով՝ տեսնելու, խոցելու և այլն, շատ մեծ ինժեներական աշխատանք է կատարվել: Նյութատեխնիկական աջակցություն է ցուցաբերվել բանակին տարբեր ապարանքատեսակներով, որոնք մատակարարմամբ նախատեսված չեն: Մյուս կողմից՝ պատրաստվում ենք 2017 թվականի պետական բյուջեով ևս մեծ մասնակցություն ունենալ բանակի մարտունակության բարձրացման մեջ»,- ասել է ԼՂ վարչապետը:
Վերջինս հավելել է՝ ապրիլյան պատերազմից հետո առավել մտահոգիչ էր ոչ թե սահմանին, այլ Հայաստանում տիրող ներքին իրավիճակը: «Այն տրամադրությունը, որը կար Հայաստանում, ինձ համար ավելի մտահոգիչ էր, քան առաջնագծի վիճակը: Մենք գիտենք առաջնագծում ով է մեր հակառակորդը, ինչ է սպասվում մեզ:
Բայց իրավիճակը, որն արդեն վերջին ամիսներին տիրում էր Հայաստանում, ինձ ավելի շատ էր մտահոգում: Այսօր ես համոզված եմ, ինչպես այստեղ շատերը, հետևում եմ մամուլին, հետևում եմ ընդհանուր տրամադրություններին Հայաստանում և Արցախում, հասկանում եմ, որ այն լուսավոր կետը, որը մենք փնտրում ենք, արդեն երևում է, թունելի վերջը տեսնում եմ, յույսը տեսնում եմ»,- նաև հայտարարել է Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արայիկ Հարությունյանը:
Վարչապետ Կարեն Կարապետյանն էլ նշել է, թե սահմանային դիրքեր այցելելով՝ ինքը տեսել է «զինվորների կամքն ու ոգին, ինչը շատ պարտավորեցնող էր»: