«ՌԴ-ն չի կարող մեզ դաշնակից լինել»
12:04, April 9, 2016 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՂարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող պատերազմական իրավիճակի շուրջ «Ասպարեզը» զրուցել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հետ:
Նրա կարծիքով, այս նախահարձակ պատերազմական գործողությունները պայմանավորված են մի քանի գործոններով:
-Առաջինը, իհարկե, հակամարտող կողմերի սպառազինությունների մրցավազքն էր: Հաշվի առնելով Ադրբեջանի ֆինանսական հնարավորությունների անհամեմատ մեծ չափը, բնականաբար, նրա հնարավորությունները սպառազինությունների ձեռք բերման առումով առավել մեծ էին: Եւ Իլհամ Ալիեւը իր գլխավոր փաստարկը ձեւավորում էր այն հանգամանքով, որ այդ սպառազինությունների մրցավազքի միջոցով, իբր թե, ձեռք բերի առավելություն հայկական կողմի նկատմամբ եւ ուժի սպառնալիքով պարտադրի իր պայմանները՝ ղարաբաղյան խնդրի կարգավորման ուղղությամբ: Երկրորդ կարեւոր գործոնին եմ ուզում անցնեմ: Որոնք էին այն միջազգային խաղացողները, որոնք ապահովում էին այդ պահանջարկը: Միանշանակ է, որ վերջին 3-4 տարիների ընթացքում տարածաշրջանում սպառազինությունների հիմնական իրացնողը հանդիսանում է ՌԴ-ն, որն էլ որդեգրեց հետեւյալ տարբերակը, որովհետեւ ուրիշ այլ գործոն կամ գործիք Կրեմլը չուներ: Իր արտաքին քաղաքականության հիմնական գործիքը սպառազինությունների վաճառքն էր այն տարածքներում, որտեղ ուներ ինչ-որ շահեր. ադրբեջանական կողմին առնվազն 2 մլդ. դոլարի սպառազինություն իրացրեց, այնուհետեւ, իբր հակակշռող քայլ ՀՀ-ին 200 մլն. դոլարի սպառազինություն ձեռք բերելու համար վարկ տրամադրեց: Սա էր հիմնական երկրորդ գործոնը, որը հանգեցրեց պատերազմական իրավիճակին:
Երրորդ գործոնը Մինսկի խմբի ձեւաչափն է, որը հանդիսանում է միջազգայնորեն ճանաչված միակ մարմինը, որը զբաղված է ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմամբ: Շատ կարեւոր էր, որ Մինսկի խմբի կողմից, այս վերջին պատերազմական գործողություններից մի քանի շաբաթ առաջ, ներկայացվեց առաջարկություն, որպեսզի 2014 թվականի հունվարից հաճախակի դարձած հրադադարի ռեժիմի խախտումների փաստերի ուղղությամբ կատարվի քննություն: Այսինքն, զինադադարի կոնկրետ խախտման դեպքում իրականացվի քննություն, որի արդյունքների հիման վրա կբացահայտվի խախտողը, ինչը կդառնա միջոց հետագա խախտումները բացառելու ուղղությամբ: Ցավոք սրտի, Մինսկի խմբի համանախագահների այդ առաջարկությունն Ադրբեջանը չընդունեց: Իսկ այդ չընդունելուն հաջորդեցին այս ռազմական գործողությունները: Չորրոդ գործոնը 2013 թվականի սեպտեմբերին Սերժ Սարգսյանի, ըստ էության, անտրամաբանական եւ աննախադեպ որոշումն էր մեկ գիշերվա ընթացքում՝ հրաժարվել Արեւելյան գործընկերության ասոցացման համաձայնագրի ստորագրումից եւ ընտգրկվել ԵՏՄ կազմում, որից հետո ոչ ՀՀ-ի շահերից բխող այդ որոշման հետեւանքով Երեւանը զրկվեց արտաքին բնագավառում մանեւրելու եւ ազատ գործելու հնարավորությունից: Այսինքն, ինքը սահմանափակեց իր ազատության աստիճանը եւ այդ ամբողջը հանձնեց Կրեմլի հայացողությանը:
Սրանք այն հիմնական գործոններն են, որոնք հանգեցրեցին այն իրավիճակին, որ Ադրբեջանի իշխանությունը՝ ստանալով Կրեմլի ուղղակի աջակցությունը, Մինսկի խմբի համանախագահների ֆորմատից դուրս, միակողմանի գործողություններ իրականացրեց՝ ելնելով այն նպատակից, որ կարող է ռազմական ճնշման միջոցով Հայաստանին եւ ԼՂՀ-ին պարտադրելու, որպեսզի գնան զիջումների: Բայց դա չստացվեց: Հիմա Ադրբեջանը պետք է փորձի իր դեմքը փրկի: Իր դեմքը պետք է փորձի փրկի նաեւ Կրեմլը, որովհետեւ նա լավ հասկանում է, որ դա իր կողմից հրահրված ավանտյուրա էր: Հայաստանը պետք է կարողանա այս իրավիճակում համարժեք պատասխան տա:
Ըստ Արթուր Սաքունցի, Պաշտպանության նախարարությունը պետք է հրապարակի բոլոր վիրավոր, զոհված եւ անհետ կորած զինծառայողների տվյալները:
-Դա շատ կարեւոր է, որովհետեւ մենք պետք է իմանանք, թե որն է իրական պատկերը: Եւ բոլոր այն կարծիքները, թե իբր հիմա ժամանակը չէ այդ մասին ասելու, իբր թե դա ռազմական գաղտնիք է, կամ իբր թե խուճապի տրամադրություն չստեղծենք՝ դա բացարձակապես որեւէ հիմնավորում չունի: Որովհետեւ հասարակությունը ցույց տվեց, որ ինքն ամենեւին էլ խուճապի չի մատնվում: ՀՀ հասարակությունն իրեն շատ ավելի օպերատիվ եւ համարժեք է պահում, քան ՀՀ իշխանությունները, որոնց վարքագիծը, նաեւ թե՛ արտաքին եւ թե՛ ներքին քաղաքականության ամբողջ բովանդակությունն ամենեւին չի համապատասխանում այն պահանջներին ու որակին, որն ունի ՀՀ հասարակությունը, եւ դա նորություն չէ: Բայց պետք է ասեմ, որ ՊՆ-ն այն եզակի պետական կառույցն է, որը կատարում է իր գործառույթը, ինչը չեմ կարող ասել նախագահի պաշտոնը զբաղեցնող անձի, արտաքին գործերի նախարարության, ազգային անվտանգության կառույցի եւ այլնի մասին:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավարը նշեց, որ Հայաստանի համար, որպես դաշնակից հանդես եկող Ռուսաստանն այս օրերին կանգնած չէր Հայաստանի կողքին:
-Ըստ էության, Ռուսաստանը որպես դաշնակից հանդես չեկավ: Ավելի շատ հանդես եկավ այդ պատերազմական գործողությունների հրահրող եւ այդ գործողությունների նպաստավոր գործոն ձեւավորողը: Հայաստանի հանրության համար ակնհայտ դարձավ, որ հավաքական անվտանգության պայմանագիրը՝ որպես անվտանգության երաշխավոր, գոյություն չունի: Ակնհայտ դարձավ նաեւ, որ հայ-ռուսական ռազմավարական դաշնութայն համագործակցության մասին պայմանագիրը, ինչպես ժամանակին Բիսմարկն է ասել՝ «Չարժե այն թղթի արժեքը, որի վրա այդ պայմանագիրը ստորագրվել է»: ՀՀ-ի քաղաքական ղեկավարությունը եւ քաղաքական ուժերը, որոնք կողմ քվեարկեցին Եւրասիական տնտեսական միությանը, ենթարկվելով Կրեմլի ճնշմանը, նրանց այդ ձախողումներն արժեցան մեր զինվորներ կյանքը: ՀՀ եւ ԼՂՀ բնակիչներն իրենց կյանքի գնով փոխհատուցեցին այդ անգրագետ, ստրկամիտ եւ անհետեւողական քաղաքականության հետեւանքները սրբագրելու համար: ՌԴ-ն չի կարող մեզ դաշնակից լինել, որովհետեւ մեզ չի կարող լինել դաշնակից մի պետություն, որի միակ գործոնը սպառազինության եւ զենքի միջոցով վիճակն ապակայունացնելն է: Այս քաղաքականությունն ամբողջովին հակասում է Մինսկի խմբի շրջանակներում Ղարաբաղի կոնֆլիկտի լուծման 3 հիմնական սկզբունքներին: Այն է՝ խաղաղ բանակցություններ, տարածքային ամբողջականություն եւ ինքնորոշման իրավունք: Մենք դաշնակիցների վերանայման լուրջ խնդիր ունենք: Այս պահին, չնայած իրավիճակն այնպիսիսն էր, որ ռուսական գործոններն ավելի մեծ դեր ունեցան, բայց, այնուամենայնիվ, մենք ավելի համարժեք արձագանքներ տեսանք՝ ԵԱՀԿ-ի, ԵՄ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրախորհրդի կողմից:
Արթուր Սաքունցը տիրող հրադադարը ժամանակավոր է համարում: Նրա կարծիքով, հիմա վերագնահատելու ժամանակն է:
-Ի՞նչ անել հետո: Միանշանակ է, որ անհապաղ պետք է դադարեցվեն եւ նոր փաստաթուղթ մշակվի, որի հիմքում պետք է լինի զինադադարի վերականգնումը, զինադադարի խախտման դեպքերով քննություն իրականացնող մարմնի ձեւավորումը եւ ոչ միայն քննություն իրականացվի, այլեւ խախտող կողմի հանդեպ որոշակի սանկցիաներ կիրառվեն, որպեսզի ապահովվի խաղաղ բանակցությունները: Այս առումով կարեւորում եմ, որ Մինսկի խումբը, որ այցելում է Երեւան, Ստեփանակերտ եւ Բաքու, վերականգնի իր դիրքը: Կարեւորում եմ նաեւ հակամարտող կողմերի քաղաքացիական հասարակությունների միջեւ երկխոսության վերականգնումը: Այն, որ երկար ժամանակ հակամարտության մեջ գտնվող կողմերի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջեւ, հատկապես 2006 թվականից, շփումները նվազեցին, կարծում եմ մյուս «նպաստավոր» գործոնն էր, որը հանգեցրեց այս պատերազմական գործողությունների վերսկսմանը:
Ես ցավակցում եմ զոհվածների հարազատներին: Մենք պետք է հարցեր բարձրացնենք ամեն մի զոհվածի զոհվելու հանգամանքների ուղղությամբ քննության իրականացման անհրաժեշտության մասին, ամեն անհետ կորածի անհետ կորելու հանգամանքների պարզաբանման ուղղությամբ պետք է այս քննությունները կատարվեն եւ իրազեկեն հարազատներին ու հանրությանը: