Արթուր Սաքունց. «Աղքատ Հայաստանից 9 մլրդ դոլար է դուրս բերվել»
20:37, April 9, 2018 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՀելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը հանդես գալով ընդդիմության միացյալ հանրահավաքին նշեց.
«Սերժ Սարգսյանի վարչապետության անցմանը խոչընդոտելու դեպքում, համակարգը, որ կառուցված է իր վրա, իր դոսյեների, ֆինանսական կոռուպցիոն կապերի վրա, կփլուզվի: Այդ կուսակցությունը չունի երկրորդ մարդ, որ առաջադրի, Սերժ Սարգսյանն ինքն է խոստովանում, որ կադրեր չունի: Բոլորը գիտեն, որ խորտակվող նավից բոլորը փախչում են, առաջին հերթին առնետները»:
Նա անդրադարձավ օֆշորային սկանդալներում եւ Պանամայի փաստաթղթերում հիշատակվող հայ պաշտոնյաներին, այդ թվում Տիգրան Սարգսյանին, Միհրան Պողոսյանին, ասաց նաեւ, որ աղքատ Հայաստանից 9 մլրդ դոլար է դուրս բերվել, այդ պատճառով էլ գոյացել է 7 մլրդ պետական պարտքը:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավարի խոսքով, Սերժ Սարգսյանը եւ որեւէ մեկը պատասխանատվություն չի կրել ապրիլյան պատերազմի հետեւանքների համար: «Պետք է թույլ չտալ, որ Սերժ Սարգսյանը առաջադրվի վարչապետ…Այդպես Հայաստանը կարող է վերածվել ամենախայտառակ բռնապետության»: