ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը սեփական անգործությունը քողարկելու նոր տարբերակներ է որոնում
15:49, July 9, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն | ՀՀ Հատուկ Քննչական ԾառայությունԻնչպես արդեն տեղեկացրել ենք, քաղաքացի Տ. Մ.-ը դիմել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակ՝ հայտնելով, որ ոստիկանության աշխատակիցները մահափորձի կասկածանքով ամիսներ առաջ ներխուժել են իրենց բնակարան և իրեն ու ամուսնուն տեղափոխել ոստիկանության «Էրեբունու» բաժին, որտեղ էլ հոգեբանական ու ֆիզիկական ճնշման միջոցով փորձել են ցուցմունք կորզել այն մասին, որ ոմն Ս. Վ.-ի մահափորձն իրենք են իրականացրել:
Ինչպես հայտնում է Տ. Մ.-ը, սպառնացել են իրեն՝ «կանանց գաղութ», տասնօրական երեխային էլ մանկատուն ուղարկել:
Վերոնշյալ տեղեկատվության հիման վրա Կազմակերպության կողմից հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ Հատուկ քննչական ծառայություն:
Ավելի ուշ ՀՀ ՀՔԾ-ի գրությամբ պարզ դարձավ, որ ընդունված պրակտիկայի համաձայն, կրկին հանցագործության մասին հաղորդումն ուղարկվել է ՀՀ Ոստիկանության ներքին անվտանգության վարչություն, որն էլ ոստիկանության ծառայողների գործողություններում կարգապահական բնույթի խախտումներ «չի արձանագրել»:
Արդեն որերորդ անգամ ոստիկանական ծառայողների կողմից առերևույթ քրեորոն պատժելի արարք կատարելու վերաբերյալ քաղաքացու հայտնած տեղեկատվության հիման վրա ներկայացված հանցագործության մասին հաղորդումները ՀՀ Հատուկ քննչական ծառայության կողմից ուղարկվում են ՀՀ Ոստիկանության ներքին անվտանգության վարչություն՝ «ՀՀ ոստիկանության աշխատակիցների մասով քննարկման համար»:
Ներքին անվտանգության վարչությունը կամ ոստիկանության ծառայողների կողմից խախտումներ չի հայտնաբերում, կամ էլ բավարարվում է կարգապահական պատասխանատվության ենթարկելով (իսկ թե կոնկրետ ինչպիսի պատասխանատվության է ենթարկվում ոստիկանության ծառայողը, սովորաբար չի հրապարակվում):
Որպես կանոն՝ ըստ ՆԱՎ տեղեկությունների՝ հանցագործության մասին հաղորդում ներկայացրած անձինք «հայտարարում են», որ ոստիկանության ծառայողների նկատմամբ բողոք չունեն կամ «հերքում են» նախապես հայտնած տեղեկությունները, ինչին էլ հղում տալով՝ գործով նախապատրաստված նյութերը չեն ներկայացվում ՀՀ Հատուկ քննչական ծառայություն:
Սրանով, փաստորեն, ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը, ի դեմ ՀՀ Ոստիկանության ներքին անվտանգության վարչության, հետաքննական յուրօրինակ մարմին է ձևավորում, որը մի նպատակ է հետապնդում՝ ազատել ոստիկանության ծառայողներին քրեական պատասխանատվությունից:
Սա նաև հրաշալի տարբերակ է սեփական անգործությունը քողարկելու համար, հատկապես, եթե հաշվի առնենք այլ իրավիճկներում արձանագրված նախադեպերը, երբ իր բուն գործառույթները չկատարելով և իրական հանցագործներին պատասխանատվության չենթարկելով՝ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը քրեական հետապնդում է սկսում հանցագործության մասին հաղորդում ներկայացրած անձանց նկատմամբ՝ սուտ մատնության հիմքով: