«Եթե սեփական պետությունը տարրալուծում ես համայնքային, հայրենակցական միությունների, փաստորեն չես ճանաչում քո պետությունը»
23:57, October 9, 2017Ցավոք չնայած շատ քիչ մարդկանց գործադրած բոլոր ջանքերին, այնուամենայնիվ այդպես էլ չենք կարողանում դուրս գալ 1988-1991թթ. ազգային ազատագրական շարժման տրամաբանությունից և հոգեբանական վիճակից, հաղթահարել և անցում կատարել դեպի ՊԵՏԱԿԱՆ տրամաբանության և հոգեբանության տարածք։
Իհարկե շատերին “դուր է” գալիս, հարմարավետ է ազգային ազատագրական միաչափ հոգեբանական, մտածողության վիճակը, որն իր էությամբ կամավորական, ոչ պարտադիր բնույթ ունի, և չկա պետական պարտավորության կատարման ամենաօրյա չարչարվելու անհրաժեշտությունը։
Ազգային ազատագրական վիճակում գտնվելը ենթադրում է միայն այլ, օտար պետության տարածքում գտնվելու պայմանից բխող այդ պետության հանդեպ որոշ պարտավորությունների կատարում, որից խուսափելը, թաքնվելը, դիմադրելը համարվում է և հերսություն, և խիզախություն, և հնարամտության վկայություն։
Ազգային ազատագրականը համայնքային ապրելակերպ է։
2000֊ականներից թափ հավաքեց տարբեր մարզային֊պատմական անվանումներով հայրենակցական միությունների ստեղծման շքերթը։
Քո, ոչ այլ պետությունում, հայրենակցական միության հիմնադրումը, որևէ իմաստը, տրամաբանական, բովանդակային կապ չի կարող ունենալ պետության կարիքների հետ։ Ավելին, տարբեր աշխարհագրական, “փոքր հայրենիքներից” սերվածների համայնքների ստեղծումը, նման մոտեցումը, մտածելակերպը հանգեցնում է սեփական պետության քայքայմանը և պետական պարտավորությունների ոչնչացմանն ու և բովանդակազուրկ դարձնելուն։
Երբ ասենք Ռուսաստանում հիմնում են հայկական համայնքներ, կամ Ֆրանսիայում, ԱՄՆ֊ում, Ավստրալիայում ստեղծում, հիմնադրում են հայկական համայնքներ, հասկանալի է՝ այլ պետությունում զուտ էթնիկական ընդհանրության հենքով մարդիկ հավաքվում են, իրենց լեզուն, մշակույթը ուսումնասիրելու, պահպանելու և այլ նման բնույթի նպատակներով։
Համաձայնվեք, օրինակ Ֆրանսիայում Հայկական համայնքի ստեղծումը որևէ ազդեցություն, նշանակություն չունի և չի կարող ունենալ Ֆրանսիայի պետության բովանդակության հետ։ Եթե ունենա, ապա միանշանակ նման համայնքը լուրջ խնդիրներ կունենա պետության հետ։
Բայց երբ Հայաստանի Հանրապետությունում են ասենք լոռեցիները, ապարանցիները, սյունեցիները և այլն ստեղծում հայրենակցական միություններ, ապա ի՞նչ նպատակով՝ լոռեցիների, ապարանցիների մշակույթը լեզուն պահպանելու, սովորելու նպատակո՞վ։
Այսինքն Հայաստանի Հանրապետությունը ընկալում են որպես այլ պետությու՞ն։
Եվ հայրենակցական միությունների այս շքերթը նախաձեռնվեց պաշտոնատար անձանց անմիջական և՛ մասնակցությամբ, և՛ հովանավորությամբ, և՛ աջակցությամբ։
Իսկ համայնքային ապրելակերպի, մտածելակերպի գոյատևման համար անհրաժեշտ է ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, պետական “հովանոց”, պետական պայմաններ, ինստիտուտներ, որպեսզի գրանցվես, ճանաչվես, ստանաս աջակցություն և այլն։
Եթե սեփական պետությունը տարրալուծում ես համայնքային, հայրենակցական միությունների, փաստորեն չես ճանաչում քո պետությունը, հրաժարվում ես քո պետությունից։
Իսկ Նրանց ովքեր չեն տեղավորվում հայրենակցական, համայնքային տիրույթներում, որակվում են որպես իրենց իսկ կողմից չճանաչված պետության, բայց իրականում իրենց համայնքային֊հայրենակցական միությունների փիլիսոփայության հակառակորդներ։
Ամենակայացած, փորձառու հայրենակցական համայնքը հենց Առաքելական եկեղեցին է, որի համար իրապես կապ չունի, թե որ պետության տիրույթում կգործի՝ ունի այլ պետություններում գործելու, գոյատևելու, համագործակցության մեջ մտնելու դարերի փորձ։ Բայց բացարձակապես չգիտի ինչ անել “սեփական” պետությունում, որին վերաբերվում է այնպես, ինչպես նախորդած ժամանակաշրջանում այլ , օտար պետություններին է վերաբերվել։
Դե քանի որ չգիտեն, ինչ անել “սեփական, անկախ պետության հետ, և ծանոթ է, ավելի “հարազատ է” օտար պետության տիրապետությունից ազատագրվելու, անկախանալու ձգտման հոգեվիճակում գտնվելն ու մտածելակերպը, մնում է անընդհատ գտնվել, տեղավորվել ազգային ֊ազատագրական պայքարի կեցության մեջ, որն ավելի “հասկանալի ու ըմբռնելի է” թվում։
Եվ հիմա, անկախ պետության վիճակից ամեն գնով փորձում են նորից տանել ազգային ֊ ազատագրական կարգավիճակի։
Իսկ չկարողանալով տիրապետել, ստեղծել սեփական պետությունը, համոզված եղեք, այն չի կարող անընդհատ մնալ “անտեր”։
Դա ե՞ք ուզում, դրան ե՞ք ձգտում․․․․․