Հայաստանի Հանրապետության տարածք սփյուռքահայերի մուտքին առնչվող հարցերում օրենքի թափանցիկ և ոչ խտրական կիրառման ապահովումը էական նշանակություն ունի արդար կառավարման համար
19:07, February 10, 2016 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Ջ. Բ. Օզկիրիսյան (Շանթ Ոսկերչյան)Հայ իրավաբանների միության Մարդու իրավունքների պաշտպանության կոմիտեն ուսումնասիրել է ծագումով հայ, Ֆրասիայի քաղաքացի Շանթ Ոսկերիչյանին առնչվող գործը՝ նրան 2015 թվականի մայիսին Հայաստանի Հանրապետության տարածք մուտքի արտոնություն չտրամադրելու մասին: Մուտքի մերժման հարցը վիճարկման է հանձնվել դատական ատյաններին և օրենքով սահմանված կարգով դատական նիստը նշանակված է 2016թ. մարտի 2-ին, Հայաստանի Հանրապետությունում՝ Երևանում:
Հայ իրավաբանների միության Մարդու իրավունքների պաշտպանության կոմիտեն հատկապես մտահոգված է սույն գործով, քանի որ մինչ օրս Հայաստանի կառավարությունը չի ներկայացրել որևէ բացատրություն, որը կարող է հիմք հանդիսանալ պարոն Ոսկերիչյանին մուտքի արտոնագրի տրամադրումը մերժելու համար: Հետևաբար, Հայ իրավաբանների միությունը պահանջում է, որ պետական մարմինները հրապարակայնորեն ներկայացնեն այն կոնկրետ պատճառները, որոնք հիմք են հանդիսացել պարոն Ոսկերիչյանին Հայաստանի Հանրապետության տարածք մուտքի արտոնագիր չտրամադրելու համար: Բացի դրանից՝ Հայ իրավաբանների միությունը նախազգուշացնում է, որ Հայաստանի բոլոր համապատասխան պետական և դատական մարմինները պետք է ապահովեն, որ նախատեսված դատական գործի լսումներն անցկացվեն միջազգային նորմերին լիարժեքորեն համապատասխան և պատշաճ ընթացակարգով՝ ներառյալ խոսքի հնարավորության ընձեռումը և իհարկե, ցանկացած ենթադրյալ մեղադրանքի դեմ հակափաստարկ բերելու հնարավորությունը:
Թեև մենք ընդունում ենք, որ Հայաստանի Հանրապետությունն իրավասու է կարգավորելու իր տարածք մուտք գործելու արտոնագիր տրամադրելու հարցը, մենք պնդում ենք, որ արդար կառավարման սկզբունքի համաձայն՝ Կառավարությունը պարտավոր է ապահովել, որ ցանկացած կանոնակարգ, այդ թվում՝ մուտքի արտոնագրին վերաբերողը, ենթակա լինի օրենքի գերակայությանը և չիրականացվի կամայական կամ քմահաճ կերպով: Ավելի ճիշտ՝ օրենքի թափանցիկ և ոչ խտրական կիրառումը մուտքի արտոնագրի հետ կապված հարցերում հատկապես կարևոր է հայաստանյան համատեքստում, քանի որ հայտնի պատմական և ժողովրդագրական հանգամանքների բերումով հայ ժողովրդի մի պատկառելի հատված բնակվում է Հանրապետությունից դուրս և հետևաբար՝ նրա ազատ տեղաշարժի իրավունքը չպետք է ենթակա լինի քմահաճ սահմանափակումների ո՛չ Հայաստանի Հանրապետություն մուտք գործելիս և ո՛չ էլ երկրի ներսում: Հայ իրավաբանների միությունը անհրաժեշտ է համարում, որպեսզի պարոն Ոսկերիչյանին մուտքի արտոնագրի մերժման համար հիմք հանդիսացած պատճառները հրապարակավ ներկայացվեն, և առաջիկա դատաքննությունն իրականացվի անկախ և պատշաճ դատավարական ընթացակարգին համապատասխան: Վստահաբար, այն պետք է մտահոգի առհասարակ բոլոր հայերին, ովքեր ձգտում են պահպանել իրենց կապը Հայաստանի Հանրապետության հետ և որոշակի դերակատարում ունենալ հայ ազգին առնչվող հարցերում: Հայ իրավաբանների միության Մարդու իրավունքների պաշտպանության կոմիտեն ուշադիր հետևում է իրավիճակի զարգացումներին:
Հայ իրավաբանների միության Մարդու իրավունքների պաշտպանության կոմիտե
Փետրվարի 7, 2016թ.