Ոչ մրցակցային ընտրություններ, բայց խախտումներով լի
11:11, June 10, 2015 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՉնայած նրան, որ հունիսի 7-ին Հայաստանի 32 համայնքներում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները անցկացվեցին հիմնականում ոչ մրցակցային պայմաններում, միևնույն է դիտորդները որոշ համայնքներում արձնագրել են խախտումներ:
Այսօր ընտրական գործընթացի շրջանակում իրենց արձանագրած խախտումներն ու դիտարկումները ներկայացրեցին Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրի համակարգողԱրմեն Գրիգորյանը, Վանաձորի ՀՔԱ-ի ժողովրդավարական ինստիտուտների մոնիտորինգի և զեկուցման համակարգող Վարդինե Գրիգորյանը և, Արմավիրի Քաղաքացիական երիտասարդական կենտրոնի անդամ Ռազմիկ Սարգսյանը:
ՏԻՄ ընտրություններն անցկացվել էինԿոտայքի, Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, և Տավուշի մարզի 32 համայնքներում, որտեղ դիտորդական առաքելություն էր իրականացրել 9 հասարակական կազմակերպություն:
Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը դիտորդություն է իրականացրել Աբովյան և Ալավերդի քաղաքներում:
Արմեն Գրիգորյանը նշում է, որ համայնքներում հիմնական խնդիրը մրցակցության բացակայությունն է, ինչի հետևանքով քաղաքացիների մասնակցությունը ընտրություններին նույնպես ցածր է լինում: Ըստ նրա՝ այն համայնքներում որտեղ առաջադրված թեկնածուները շատ են լինում և կա մրցակցություն, քաղաքացիների մասնակցությունն էլ է ընտրություններին բարձր լինում:
«Ամենաշատ խախտումները գրանցվել են Աբովյանում: Խախտումների 21 տոկոսը կազմել են ընտրողների փոխադրման դեպքերը կամ կուտակումները՝ տեղամասից դուրս, 14 տոկոսը կազմել է ընտրողների ուղղորդումը և անօրինական կեպով օժանդակումը: Խախտումներ են եղել նաև կապված անձնագրերում դրվող կնիքների հետ»,-նշում է Ա. Գրիգորյանը:
Ռազմիկ Սարգսյանը նշում է, որ իրենք դիտորդություն են իրականացրել հիմնականում Աբովյան քաղաքում, որտեղ 26 ընտրատեղամասից խախտումներով աչքի են ընկել 28՚/7, 28/8 և 28/9 ընտրատեղամասերը:
«Оրինակ՝ 28/8 ընտրատեղամասը բացվել է 08:15 րոպե և ընտրողները դրսում սպասել են մինչև բացվելը: Դա խախտում է: 28/9-ում ընտրատեղամասի նախագահը հեռախոսազրույցներ էր ունենում ու ասում, որ . «Ոնց նկատում եմ դեմ քվեարկողները շատ են, պետք է լցոնում արվի, բայց դիտորդներն ու լրագրողները այնքան են եկել, որ չենք կարողանում որևէ բան անել»: Մեր դիտորդը լսել է այս հեռախոսազրույցը, որից հետո ընտրատեղամասի նախագահը սկսել է փոխել խոսակցության թեման և հետագայում էլ գործողությունների չի դիմել»,-ասում է Սարգսյանը:
Նա հավելում է, որ ընտրատեղամասերի ներսում երբեմն կուտակումներ էին լինում: Փորձել են նաև խառնաշթոփ ստեղծել վստահված անձանց և դիտորդների զգոնությունը թուլացնելու համար:
«Մեկ խնդիր ևս կար: Ընտրությանը քաղաքացիները գալիս էին կենսաչափական անձնագրերով, բայց իրավունք չունեին դրանով ընտրել, եթե փախստական չեն: Մենք թույլ չէինք տալիս, որ այդ անձնագրերով քվեարկեն ու ստիպված գնում էին տուն, վերցնում իրեց ID քարտեր, նոր դրանով քվեարկում»,-նշեց Սարգսյանը:
Ա. Գրիգորյանը հավելեց, որ նույն խնդիրը առկա է եղել Երևանի ավագանու վերջին ընտրությունների ժամանակ, սակայն որոշում է կայացվել, որ միայն Երևանի ընտրությունների ժամանակ կենսչափական անձնագրելով էլ քաղաքացիները մասնակցեն ընտրություններին:
«Բայց մյուս համայնքների համար չկա այդպիսի որոշում: Դա միայն Երևանի համար է եղել: Այսինքն երկակի վիճակ է ստեղծվում, օրվա մի կեսին թույլ էին տալիս, մյուս կեսին թույլ չէին տալիս կենսաչափական անձնագրերով քվեարկել»,-նշում է Ա. Գրիգորյանը:
Քննարկման մասնակից Վարդինե Գրիգորյանը նշեց, որ իրենք «Քաղաքացի-դիտորդ» կոալիցիայի շրջանակում դիտորդություն են իրականացրել Ալավերդի քաղաքում:
«Հիմնական խախտումները արձանագրվել են տեղամասի տարածքից դուրս՝ 50 մետր շառավղից դուրս: Բավականին շատ էր ընտրողների տեղափոխությունը: Իսկ տեղամասերում հիմնականում խաղաղ, բավականին պատրաստակամ հանձնաժողովներ էին: Ընդհանրապես պասիվ ընտրություններ էին և մինչև փակվելը մի քանի տեղամասերից տեղեկացանք, որ փորձում են ճշտել ցուցակները և տեսնեն, թե ով չի եկել մասնակցելու ընտրությանը: Եվ սկսեցին ընտրությանը չմասնակցած մարդկանց ասպես ասած «բերման ենթարկել» դեպի ընտրատեղամաս»,-ասաց Վ. Գրիգորյանը:
Նա հավելեց, որ այժմ քվեարկության գործընթացը ընտրություններին շատ հարթ է ընթանում, քանի որ ամբողջ աշխատանքները կատարվում են դրսում:
«Այն աստիճանի հնազանդության են հասել բնակչության շրջանում, որ կարելի է նույնիսկ չվերահսկել հենց տեղամասի տարածքը, այլ համոզված լինել, որ եթե բերել ես իջեցրել քաղաքացուն ընտրատեղամասի մոտ, ուրեմն իրենք գնալու են և հնազանդ քվեարկեն: Հիմա թե կաշառքների միջոցով, թե հորդորների, փոքր քաղաքներում նաև ծանոթ-բարեկամ սկզբունքով աշխատում են արդեն որոշված արդյունքի վրա»,-ասում է Վ. Գրիգորյանը:
Նա ընդգծում է, որ Ալավերդիում նույնպես մրցակցություն չկար, թեև թեկնածուներ եղել են առաջադրված:
«Երբեմն մրցակցությունը ժողովդրավարության իմիտացիայի համար է: Ալավերդիում ունեինք երկու թեկնածու, որոնցի մեկը հստակ որոշված էր, որ կհաղթի: Իրենք ընդհանուր ընկերներ էին, երկուսն էլ մարզպետի մտերիմներն էին ու ամբողջ պրոցեսը այնպես էր մտածված, որ կարծեինք, թե ժողովրդավարական ընտրություններ են»,-հավելում է Վ. Գրիգորյանը:
Քննարկման մասնակիցները համակարծիք էին, որ ընտրական գործընթացը միայն թերթիկը քվեատուփի մեջ գցելը չէ, այլ այն ավելի լայն գործընթաց է:
«Մինչ քարոզարշավը ճնշումներ կիրառելը, կամ թեկնածուին ստիպելը, որ նա ինքնաբացարկ լինի, նույնպես մեծ խախտում է, որը օրենսգրքում նշված չի, բայց ընտրական պրոցեսի վրա ազդեցություն է ունենում: Իսկ քաղաքացիների մասնակցությունը միշտ էլ ՏԻՄ ընտրություններին պասիվ է, քանի որ իրենք լուրջ չեն վերաբերում ու չեն տեսնում ՏԻՄ-ին՝ որպես իրենց խնդիրները լուծող մարմին»,-ասում է Ա. Գրիգորյանը:
Ռազմիկ Սարգսյանը հավելեց, որ եղել են դեպքեր, երբ որոշ անձիք ընտրատեղամասերում ճնշում են գործադրել լրագրողների ու դիտորդների վրա, սակայն ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը չի դիտարկել դա՝ որպես խախտում:
«Օրինակ՝ Արմավիրի 28/8 ընտրատեղամասում թիկնապահի կազմվածքով մարդիկ ասում էին դիտորդներին, թե ինչ իրավունքով են իրենք նկարում, հետո դուրս են հրավիրել լրագրողին, դիտորդին: Իսկ հանձնաժողովի նախագահը նման խախտումներին լուրջ չէր վերաբերում, անգամ չէր արձանագրում որևէ խախտում ու չէր միջամտում»,-հավելեց Սարգսյանը:
Տեսանյութն այստեղ:
Աղբյուրը՝ www.media-center.am