Բժշկի ապօրինություններից տուժած Հովհաննես Կաթրջյանի գործով բողոքի քննությունը հետաձգվեց
12:20, September 10, 2015 | Նորություններ, Սեփական լրատվություն | Պացիենտների իրավունքներ2015 թ. սեպտեմբերի 8-ին ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր՝ Ա. Բեկթաշյանի, շարունակվեց Հովհաննես Կաթրջյանի կողմից ՀՀ Երևան քաղաքի դատախազության դատախազ Գ. Մարգարանի՝ քրեական հետապնդումը դադարեցնելու, խափանման միջոցը վերացնելու, հետախուզումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման դեմ ներկայացված բողոքի քննությունը:
Բողոքի քննությանը մասնակցում էին բողոքաբեր Հ. Կաթրջյանը, վերջինիս ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը և դատախազ Գ. Մարգարյանը:
Բողոքաբեր Հ. Կաթրջյանի ներկայացուցիչը, ներկայացնելով բողոքի հիմքերը և հիմնավորումները, գտավ, որ Երևան քաղաքի դատախազության դատախազ Գ. Մարգարյանը գործով ձեռք բերված փաստերը չի գնահատել իրենց համակցության մեջ՝ դրանց տալով սուբյեկտիվ գնահատական, ինչն էլ հիմք է հանդիսացել քրեական գործի վարույթը կարճելու համար, իսկ նախաքննությունը չի իրականացվել տուժողի խախտված իրավունքների և ազատությունների վերականգնման նպատակով: Մասնավորապես, վիրահատությունները կատարելու ժամանակ կենտրոնի տնօրեն և վիրաբույժ Ս. Ջամալյանը տուժողին չի հայտնել տեղադրվող սարքերի գործարանային երաշխիքային ծառայության ժամկետների մասին, մինչդեռ երկու վիրահատության դեպքում էլ վճարումը կատարվել է՝ ըստ սահմանված գնացուցակի, որտեղ վիրահատությունների արժեքը կախված է սարքի ծառայության ժամկետից: Սակայն ծառայության ժամկետների նշումը Ս. Ջամալյանի կողմից խորհրդատվական բնույթ է կրել, ինչը չի նախատեսվում սարքերն արտադրող ընկերությունների կողմից: Բողոքով Հ. Կաթրջյանի ներկայացուցիչը նշեց նաև, որ նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ 2004 թ. Հ. Կաթրջյանի մարմնում տեղադրվել է մեկ անգամ օգտագործված սարք, այն դեպքում, երբ «Մետրոնիկ» ընկերությունը չի խրախուսում սարքի վերաիմպլանտացումը:
Այս հիմնավորումները Տ. Սիրադեղյանը բավարար համարեց՝ Ս. Ջամալյանի արարքում ՀՀ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածով նախատեսված խարդախության հանցակազմի առկայությունը հիմնավորելու համար:
Այսպիսով, Տ. Սիրադեղյանը խնդրեց պարտավորեցնել Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ Գ. Մարգարյանին` վերացնելու Հ. Կաթրջյանի իրավունքների և ազատությունների խախտումը:
Որոշման օրինականության և հիմնավորվածության վերաբերյալ որոշ նկատառումներ ներկայացրեց նաև տուժող Հ. Կաթրջյանը:
Դատախազ Գ. Մարգարյանն առարկեց ներկայացված բողոքի դեմ՝ պնդելով որոշմամբ ներկայացված իր դիրքորոշումը:
Նախագահող դատավոր Ա. Բեկթաշյանը հայտնեց, որ նախաքննության նյութերին ծանոթանալու նպատակով անհրաժեշտ է հետաձգել բողոքի քննությունը:
Սույն գործով հաջորդ դատական նիստը նշանակված է 2015 թ. սեպտեմբերի 29-ին՝ ժամը 10:30-ին:
Տես նաև՝ hcav.am