Իրավապաշտպանն անհամարժեք է համարում Փելեշյանի նկատմամբ խափանման միջոցը
00:24, October 10, 2016 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ«Հայկական վերածնունդ» կուսակցության Վանաձորի քաղաքապետի թեկնածու Արկադի Փելեշյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Փելեշյանը, հիշեցնենք, կասկածվում է Վանաձորի Հայ ավետարանական եկեղեցու առաջնորդ Ռաֆայել Գրիգորյանին ծեծի ենթարկելու մեջ:
Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն, Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով՝ եկեղեցու առաջնորդ Ռաֆայել Գրիգորյանին ծեծելու դեպքի առթիվ:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի կարծիքով, խափանման միջոցը համարժեք չէ:
«Խափանման միջոցի ընտրության այս ձևը, ի դեպ ասենք, մենք իրավապաշտպաններս, չենք խրախուսում և դեմ ենք արտահայտվում կալանքի որոշմանը ընդհանրապես լայնորեն կիրառման պրակտիկային, որովհետև գտնում ենք, որ կալանքը ամենածայրահեղ միջոցն է խափանման միջոցի, բայց էս գործի հանգամանքներում, երբ որ կա խումբ, և մեզ որևիցե տեղեկություն չկա, թե խմբի մնացած հինգ անդամները որտեղ են գտնվում, նրանք բերման ենթարկվել են, հայտնաբերվել են, թե՝ ոչ, և, գտնվելով դրսում չե՞ն կարող ազդել նախաքննության մարմնի վրա՝ ազդելով հանցագործության կատարման մեջ մեղադրվող անձի հարազատական կապերը ոստիկանության հետ չե՞ն կարող ազդեցություն գործել, թե Ռաֆայել Գրիգորյանի վրա, թե գործով անցնող հնարավոր վկաների վրա և թե նախաքննության մարմնի վրա։ Այս հանգամանքների պարագայում առավել քան հիմնավոր էր այլ խափանման միջոցի ընտրության հարցը», – ասաց Սաքունցը։
Փելեշյանի շահերի պաշտպան Ռուբեն Հակոբյանը, մինչդեռ, «Ազատության» հետ զրույցում նկատեց՝ կալանավորումը խափանման միջոցներից ամենախիստն է և պետք է կիրառվի բացառիկ դեպքերում:
«Եվ այդ նույն իրավապաշտպանները շատ հաճախ մեծ աղմուկ են բարձրացնում, որ հանկարծ անձի նկատմամաբ կիրառվում է ամենախիստ խափանման միջոց կալանավորումը և չեն կիրառում անազատության մեջ չպահելու հետ կապված խափանման միջոցներ։ Տվյալ դեպքում, երբ քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով, խոսել խափանման միջոց կալանավորման մասին ուղղակի առարկայազուրկ է», – ասաց Հակոբյանը։
Իրավապաշտպան Արթուր Սաքունցի կարծիքով, միակողմանի գործողություն է կատարվել: Ըստ նրա, քրեական գործը այլ հոդվածի հատկանիշներով պիտի հարուցվեր:
«Պետք է առնվազն կիրառվեր 119 հոդվածը՝ ուժեղ ֆիզիկական ցավ և հոգեկան տառապանք հասցնելը խմբի կողմից, էլ չեմ խոսում, որ այդ 12-15 րոպեի ընթացքում, որ տեղի է ունեցել բռնությունը Ռաֆայել Գրիգորյանի նկատմամբ առանձին սենյակում, նա գտնվել է փաստացի պատանդի վիճակում, որովհետև փորձել է խուսափել, փախչել այդ բռնությունից, բայց երկրորդ անձը, որը գտնվել է սենյակում, չի թողել, կանխել է», – ասաց Սաքունցը։
Ռուբեն Հակոբյանն էլ իր հերթին նշեց՝ քրեական գործը, եթե որևէ հոդվածով հարուցվում է, չի նշանակում, որ դա վերջնական իրավական գնահատական է: Հակոբյանն անդրադարձավ նաև «դաժան ծեծի» մասին արտահայտությանը:
«Այս պահի դրությամբ մեզ հասանելի փաստաթղթերից հայտնի է, որ տուժողի ախտորոշումը, որ ընդունվել է հիվանդանոց, եղել է հիպերտոնիկ կրիզ, այսինքն, բարձր ճնշում, և գլխուղեղ ցնցում՝ հարցականով, ինչը նշանակում է, որ արտաքնապես ընդհանրապես որևէ վնասվածք չկա», – ասաց Հակոբյանը։
Ռաֆայել Գրիգորյանը գրավոր հաղորդում է ներկայացրել, որ Փելեշյանը հոկտեմբերի 4-ին, վրեժխնդիր լինելու նպատակով, հենց իրենց կրոնական կազմակերպության տարածքում բազմաթիվ հարվածներ է հասցրել իրեն: Ըստ Գրիգորյանի, պատճառը թեկնածուի օգտին չքվեարկելն է եղել: