Ռուստամ Ղազարյանի գործով դատաքննությունն ավարտվեց
12:05, November 10, 2015 | Նորություններ, Սեփական լրատվություն | Պացիենտների իրավունքներ2015թ. նոյեմբերի 9-ին ՀՀ Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, նախագահությամբ՝ Ա. Պետրոսյանի, քննվեց Ռուստամ Ղազարյանի հայցը՝ ընդդեմ ՀՀ ԱՆ «Նարկոլոգիական հանրապետական կենտրոն» ՓԲԸ-ի՝ Ռ. Ղազարյանին Կենտրոնի հաշվառումից հանելու պահանջով:
Չնայած պատասխանող կողմը պատշաճ ծանուցվել էր դատական նիստի օրվա և ժամի մասին, սակայն չէր ապահովել որևէ ներկայացուցչի մասնակցություն, ուստի դատական նիստը շարունակվեց միայն հայցվորի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանի մասնակցությամբ:
Վերջինս պնդեց ներկայացված հայցն ամբողջությամբ և հիմնավորումներ ներկայացրեց՝ հայցվորին սահմանված կարգի խախտմամբ հաշվառելու, բժշկական դիտարկման ժամկետը որոշելու խախտումների, ինչպես նաև հայցվորի՝ որպես թմրամոլ հաշվառված լինելու պայմաններում որոշակի իրավունքների իրացման սահմանափակումների վերաբերյալ: Տ. Սիրադեղյանը խնդրեց՝ վերականգնել հայցվորի խախտված իրավունքները՝ վերացնելով ՀՀ ԱՆ «Նարկոլոգիական հանրապետական կենտրոն» ՓԲԸ-ի՝ նրա վերաբերյալ կազմված բժշկական փաստաթղթերում որպես թմրամոլ առկա գրառումներն ու հաշվառումը:
Դատարանը, հետազոտելով գործում առկա ապացույցները, Դատաքննությունը համարեց ավարտված:
Դատարանի որոշումը կհրապարակվի 2015թ. նոյեմբերի 23-ին՝ ժամը 17:30-ին:
Տես նաև՝ hcav.am