ՀՔԾ-ն վարկաբեկվեց հանուն ՍԱՍ-ի Արտակի
10:56, September 10, 2017 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ«Ըստ էության, որեւէ լուրջ ակնկալիք չունեինք, հաշվի առնելով նմանատիպ գործերով ՀՔԾ-ի կամ ընդհանրապես քննչական մարմինների վարքագիծը նախորդած ժամանակաշրջանում, թե պետք է օբյեկտիվ քննություն լիներ: Ավելին, եթե օբյեկտիվ քննություն լիներ, այդ դեպքում մենք պետք է մտածեինք, որ Սերժ Սարգսյանի կողմից «ՍԱՍ գրուպի» սեփականատեր Արտակ Սարգսյանի նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն է տեղի ունեցել, որը պայմանավորված է քրեական գործով օբյեկտիվ քննության իրականացմամբ: Սրանով արձանագրում են, որ նման գործերը, որոնք վերաբերում են իշխանության հենարանը կազմող, նրա ապահովության երաշխիքը կազմող օլիգարխների կողմից կատարված ցանկացած հանցագործության, անպատիժ կմնան»,- Araratnews.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը` անդրադառնալով Հատուկ քննչական ծառայության կողմից «ՍԱՍ գրուպի» նախընտրական աղմկահարույց ձայնագրության փաստով հարուցված քրեական գործը կարճելուն:
Հիշեցնենք, որ երեկ Araratnews.am-ը գրել էր, որ Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) որոշում է կայացրել կարճել «ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրեական գործը՝ «հանցակազմի բացակայության հիմքով»։
Ըստ Արթուր Սաքունցի` անպատժելիությունն է հանդիսանում Սերժ Սարգսյանի իշխանության գոյության երաշխիքը: «Հակառակ պարագայում, եթե օրենքի առաջ բոլորը հավասար են սկզբունքը աշխատեր, ապա նա կզրկվեր այդ հենարանից եւ այդ բնույթի հենարանից, որն իր օրգանական մասն է»,- ասաց իրավապաշտպանը, հավելելով, որ ՀՔԾ-ի կողմից միանշանակ ոչ օբյեկտիվ քննություն է կատարվել: «Ուղղակի այստեղ հերթական անգամ եւս մեկ պետական մարմին` հանձինս ՀՔԾ-ի, վարկաբեկվեց, վարկաբեկվեց հանրության մոտ»,- մեզ հետ զրույցում նշեց Ա. Սաքունցը: Նրա խոսքով` այս ամենն արդեն իսկ պետություն հասկացության վարկաբեկում էր:
Տեղի ունեցածը, Սաքունցի գնահատմամբ, խոսում է այն մասին, որ Սերժ Սարգսյանը բնավ չի հրաժարվել իր որդեգրած վարքագծից, որ ընտրությունները զուտ ձեւական բնույթ են կրում: «2008 թվականի մարտի մեկի արյունահեղությունից հետո, երբ Սարգսյանը համաձայնեց գալ իշխանության, նա արդեն իսկ որդեգրեց այդ քաղաքականությունը, որ ինքը պատրաստ է ամեն քայլի գնալ, որպեսզի իր իշխանությունը պահպանի»,- ասաց նա:
Հիշեցնենք՝ ապրիլի 13-ին Hayastan24.Com կայքի հրապարակած ձայնագրության մեջ մի տղամարդ «ՍԱՍ» ընկերության աշխատակիցներին հորդորում էր խորհրդարանական ընտրություններում ձայն բերել Արտակ Սարգսյանի համար, ապա սպառնում, որ «ձայն չբերողների հետ վատ են վարվելու»:
Այդ ձայնագրության հրապարակումից հետո երկու օր պահանջվեց, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանձնարարությամբ այն ուղարկվի ՀՔԾ՝ հանգամանքները ստուգելու նպատակով: Եվս մի քանի օր էլ պահանջվեց ՀՔԾ-ից, որպեսզի ստուգեն հանգամանքները:
Ձայնագրության հրապարակումից 6 օր անց՝ ապրիլի 19-ին, քրեական գործ հարուցվեց՝ Քրեական օրենսգրքի միայն մեկ՝ 154 պրիմ երկու հոդվածի 2-րդ մասով (թեկնածուներից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու, ընտրություններին մասնակցելուն կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելուն հարկադրելը, որը կատարվել է գույքին վնաս պատճառելու սպառնալիքով, անձամբ կամ միջնորդի միջոցով կաշառք տալով, բռնությամբ կամ բռնություն գործադրելու սպառնալիքով)։
Հավելենք, որ մամուլի հրապարակումների համաձայն` նախընտրական ժողովը վարել է պատգամավոր Արտակ Սարգսյանի ավագ եղբայրը՝ Արամ Սարգսյանը։