Հայտարարություն: Արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք Արաբկիրի զինվորական կոմիսարիատում
18:41, April 11, 2018 | Հայտարարություններ, ՍեփականԱյսօր՝ 2018 թվականի ապրիլի 11-ին, Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրանցված Մաքս Վարժապետյանի անձնական էջից տեղեկացանք, որ նրան Արաբկիրի զինկոմիսարիատում այսօր առաձնացրել են սենյակում, նրանից վերցրել են հեռախոսը, սպառնացել են, որ անձնական տվյալները կվերցնեն: Ավելին՝ առանձին սենյակ տեղափոխելուց հետո Մաքս Վարժապետյանին վիրավորել են՝ ասելով, որ «իր եւ իր ընկերոջ նմաններին պետք է վառել, փրթել, քանի որ նրանք ազգին հակառակ և ի վնաս են ծառայում» եւ միայն դրանից հետո են թույլ տվել դուրս գալ սենյակից: Մաքս Վարժապետյանը զինկոմիսարիատ է գնացել իր ընկերոջ հետ՝ նրան ուղեկցելու համար: Նրա ընկերը ներկայացել է զինկոմիսարիատ՝ հայտնելու համար իր սեռական կողմնորոշման ու գենդերային ինքնության մասին:
Մինչ այդ՝ 2018 թվականի ապրիլի 9-ին, երբ նրա ընկերը կանչվել է զինվորական կոմիսարիատ, նա ընկերոջը կրկին ուղեկցել է այնտեղ: Զինկոմիսարիատի աշխատակիցը, առանց ներկայանալու՝ պահանջել է նրանից հանձնել անձնական իրերը և անձնագիրը: Այնուհետեւ զինկոմիսարիատի աշխատակիցները նրան եւ ընկերոջը սկսել են ծաղրել եւ ի պատասխան քաղաքացու հարցին, թե որ կանոնակարգի համաձայն պետք է անձնական իրերը հանձնվեն, նրանց ասել են. «ախպերս կասկածելի եք թվում, համ էլ սա հասարակական վայր ա։ Չորեքշաբթի կգաս հարցերիդ կպատասխանենք»: Բացի դրանից՝ ծաղրելով հարցրել են. «էդ սումկեքիդ մեջ ռումբ ե՞ք բերել, որ տրաքացնեք մե՞զ, տեռորիստ ե՞ք։ Հըլը սաղ հանձնեք նոր մտեք ստուգվելու»:
Իսկ քաղաքացի Մաքս Վարժապետյանը նշված հարցն ուղղել է զինկոմիսարիատի աշխատակիցներին, քանի որ նկատել է, որ մյուս բոլոր քաղաքացիները ազատ մուտք են գործել զինկոմիսարիատ, եւ ոչ ոք չի վերցրել նրանց անձնական իրերը:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դատապարտում է նման վերաբերմունքը Մաքս Վարժապետյանի նկատմամբ եւ գտնում է, որ զինկոմիսարիատի աշխատակիցների նման գործողությունները հակասում են.
1. ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի պահանջներին, համաձայն որի՝ «Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:
2. ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է:
3. ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածի պահանջներին, համաձայն որի՝ «Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է»:
Հարկ ենք համարում հիշեցնել, որ
1. Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ Զինվորական ծառայության կազմակերպման սկզբունքներից է զինծառայողների պատվի և արժանապատվության նկատմամբ հարգանքն ու խտրականության արգելումը
2. Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են
3. Անհատական տվյալների մասին ՀՀ օրենքի համաձայն՝ «Անհատական տվյալները հավաքվում և մշակվում են օրինական ձևով
4. Անհատական տվյալները հավաքվում են հստակ սահմանված կամ հայտարարված օրինական նպատակների համար և չեն կարող օգտագործվել այլ նպատակներով՝ բացառությամբ օրենսդրությամբ սահմանված դեպքերի
5. Արգելվում է այնպիսի անհատական տվյալների հավաքումը և մշակումը, որոնք անհրաժեշտ չեն տվյալների մշակման նպատակի իրականացման համար (…)»
6. ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդվածի համաձայն՝ ոչ ոք չի կարող քրեական գործով ձերբակալվել, խուզարկվել, կալանավորվել, դատապարտվել, ենթարկվել բերման և դատավարական հարկադրանքի այլ միջոցների, ինչպես նաև իրավունքների ու ազատությունների այլ սահմանափակումների այլ կերպ, քան օրենքով սահմանված հիմքերով և կարգով: Նույն օրենսգրքի համաձայն՝ «Անձի խուզարկությունը և քննումը, ինչպես նաև (…) անձնական ազատությունը սահմանափակող այլ դատավարական գործողություններ կատարվում են քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով:
Պահանջում ենք ՀՀ Պաշտպանության նախարարությունից, ՀՀ Քննչական կոմիտեից եւ ՀՀ Գլխավոր դատախազությունից՝ քննության առարկա դարձնել Արաբկիրի զինկոմիսարիատի աշխատակիցների վարքագիծը եւ նրանց ենթարկել համարժեք պատասխանատվության:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ
11.04.2018 թ.