Սերժ Սարգսյան-ՀՀԿ-ՀՅԴ-Գագիկ Ծառուկյան դաշտն անապատ է՝ ինչքան էլ ջրես՝ պտուղ չի տա
21:40, September 11, 2017 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՄեր զրուցակիցն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը
«Ելքը» ԱԺ հայտարարության նախագիծ է ներկայացրել, ըստ որի՝ ՀՀ–ն պետք է որդեգրի ԵԱՏՄ–ից հեռանալու քաղաքական ուղեգիծ և Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունն իր մասով դադարեցնելու գործընթաց սկսի։ Ինչպե՞ս եք գնահատում։
Միանշանակ ողջունում եմ ինքնին քայլը և ակնկալում, որ այդ հայտարարությունը ոչ միայն կսահմանափակվի զուտ նախագծի ներկայացմամբ, այլ նաև հանրությանը իրազեկման լայն աշխատանքներ կկատարվեն տարբեր բնակավայրերում, մարզերում՝ բացատրելու, հասկացնելու, հիմնավորումները ներկայացնելու ուղղությամբ։
Ինչպե՞ս կարձագանքի հանրությունն այս նախաձեռնությանը։ 2013-ին շատ պասիվ էր հանրային արձագանքը։
Հանրությանը չպետք է մեղադրել պասիվ կամ անտարբեր լինելու մեջ, որովհետև պետք է հանրությանն իրազեկել։ Հեռուստատեսությունը, որ ամենամեծ լսարանն ունի, դրանով պետք է փորձեն, որպես ԱԺ խմբակցություն, իրենց հնարավորությունները կիրառել և լուսաբանել, քննարկումներ ծավալել, իսկ մենք պատրաստ ենք աջակցել։ Այսինքն՝ հանրությանը նախ պետք է իրազեկել, որ հետո նոր ակնկալիքներ ունենալ, հանրությանը պետք է նախապատրաստես, բացատրես, պատշաճ իրազեկում իրականացնես։ Իսկ հանրությունից, որ գտնվում է անիրազեկության մեջ կամ կենցաղային մակարդակում խոսակցությունների շրջանակում, այո-ոչի, լավի-վատի տիրույթում, բնականաբար, մեծ ակնկալիքներ չենք կարող ունենալ։
Հայաստանում ընդդիմությունը քաղաքական օրակարգ չի թելադրում։ Դուք այստեղ խնդիր չե՞ք տեսնում։
Ես խնդիրը տեսնում եմ քաղաքացիների հետ աշխատելու մեջ, որովհետև քաղաքական ուժերը մեկուսի են աշխատում։ Քաղաքական օրակարգը դառնում է ազդեցիկ, երբ կան համախոհներ, երբ հասարակությունն աջակցում է այդ օրակարգին, անկախ նրանից, թե այն ներկայացնող քաղաքական ուժը քանի անձով է ներկայացված Ազգային ժողովում։ Ուզում եմ հշեցնել, որ 1989 թվականին կոմունիստական իշխանության պարագայում Գերագույն խորհրդում օրակարգը թելադրում էին 1-2 հոգի։ Հանրությանը պետք է բացատրել, իսկ հանրությունն ավելի խելացի է, քան կարծում են։
Քաղաքական հիմնական ինտրիգը շարունակում է մնալ այն, թե ով կլինի 2018-ին վարչապետ։ Հնարավոր համարո՞ւմ եք ընդդիմության միավորումը Սերժ Սարգսյանի՝ վարչապետ դառնալը կանխելու օրակարգի շուրջ։
Մի հստակ ձևակերպում տամ. արհեստական է Սերժ Սարգսյանին Հանրապետական կուսակցությունից առանձնացնելը, նաև արհեստական է կուսակցությունը առանձնացնել Սերժ Սարգսյանից. ինչպես մեր պատմության ոչ վաղ անցյալում ասում էին Լենինն ու կուսակցությունն անբաժանելի են, նույնկերպ անբաժանելի են ՀՀԿ-ն ու Սերժ Սարգսյանը։ Այնպես որ, Սերժ Սարգսյանի հեռացմամբ կհեռանա նաև ՀՀԿ-ն։ Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն մեկ միասնական օրգանիզմ են, և Սերժ Սարգսյանի հեռացմամբ այդ կուսակցությունը քանդվելու է, փշրվելու է։
Իսկ այսօրվա ընդդիմությունը կարո՞ղ է առաջարկել մեկ միասնական օրակարգ։
Պետք է ընդդիմությանը հարցնել, թե արդյոք նրանք ունե՞ն նման ձգտում։ Նաև հետաքրքիր է, թե ով է հիմա հանդես գալիս որպես ընդդիմություն այդ հարցի տեսակետից։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ «Սերժ Սարգսյանը չպետք է լինի վարչապետ» օրակարգով կարելի է հասնել համամխբման կրկին հանրության հետ աշխատելով, իրազեկելով, բացատրելով։ Կարծում եմ նաև, որ մեծ ջանքերի կարիք չի լինի հանրությանը համոզելու համար, որ Սերժ Սարգսյանը որպես սպառված պետական ու քաղաքական գործիչ, այլևս պիտանի չէ Հայաստանին։ Նրա պիտանելիության ժամկետը վաղուց անցել է։
Շատերը նշում են, որ թեև Կարեն Կարապետյանը որպես նոր գործիչ էր եկել, բայց չի կարողանում իրեն արդարացնել։
Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ի մասը չի, նա արհեստականորեն կուսակցություն ներմուծված օրգան է, որը կատարեց իր դերը նախընտրական քարոզարշավի ժամանակ, երբ առաջ մղեցին իրեն, Վիգեն Սարգսյանին ու Արփինե Հովհաննիսյանին, որովհետև ՀՀԿ-ի նախորդ դեմքերը, անկախ իրենց տարիքից, արդեն նույնպես չէին կարող երևալ։ Չմոռանանք, թե «Էլեկտրիկ Երևանի» ժամանակ ինչպես հանրությունն իր վերաբերմունքն արտահայտեց Արմեն Աշոտյանի նկատմամբ, և ՀՀԿ-ում բոլորը կարող են նման գնահատականի արժանանալ։ Պարզապես Կարեն Կարապետյանը պետք էր այդ քարոզչական փուլն անցկացնելու համար, և դա հնարամտորեն կիրառվեց։
Կարեն Կարապետյանը խոստանում էր մեծ ներդրումներ, խոսում էր ներդրողների ակումբի մասին, բայց, կարծեք թե խոսքից գործի չի անցնում։ Հաշվի առնելով դա, հնարավո՞ր է հետագայում Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան բախում լինի։ Կա՞ այստեղ ինտրիգ։
Ես ձեզ վստահեցնում եմ, որ քանի դեռ կան Սերժ Սարգսյանը, ՀՀԿ-ն, գումարած Գագիկ Ծառուկյանի հրապարակային կամ ոչ հրապարակային միասնությունը, որոնցով պայմանավորված է օլիգարխիկ համակարգը, Հայաստանը պատրաստ չէ որևիցե ներդրման համար։ Գործող իշխանությունը և նրա աջակիցները, հանձինս քրեական արժեքներով ու մտածելակերպով ապրող օլիգարխիայի, Հայաստանի զարգացման հիմնական խոչընդոտն են։ Դու անապատում չես կարող վար անել, որովհետև դա ոչ մի արդյունք չի տա։ Ջուրը կլցնես, ավազի մեջ կկորի։ Այդպիսին է հիմա Հայաստանի տնտեսական դաշտը, ինչը պայմանավորված է Սերժ Սարգսյան-ՀՀԿ-ՀՅԴ-Գագիկ Ծառուկյան դաշինքով։