«Սպասում եմ դատավորների կողմից ՀՀ քաղաքացիներից ներողություն խնդրելու փաստին». Արթուր Սաքունց
15:56, June 11, 2018 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԵս դեռ սպասում եմ առաջին կամ վերաքննիչ կամ վճռաբեկ դատարանի, քաղաքացիական կամ վարչական, կամ քրեական գործերով, սահմանադրական դատարանի որևէ դատավորի կողմից հենց իր նախագահությամբ անցկացվող դատական նիստի ժամանակ հրապարակավ ներողություն խնդրելու փաստին։
Սպասում եմ դատավորի կամ դատավորների կողմից ՀՀ քաղաքացիներից ներողություն խնդրելու փաստին, երբ հրապարակավ կխոստովանեն և կհայտնեն իրենց կողմից թեկուզ մեկ գործով անարդար, ապօրինի, անհիմն որոշում կայացնելու մասին:
Այն որոշումների համար, որոնք ընդունել են գործադիր իշխանության կամ դատախազության կամ վճռաբեկ դատարանի նախագահի կամ ԱԱԾ-ի կամ ոստիկանության պետերի թելադրանքով, պարտադրանքով, և որոնցով խախտվել է ՀՀ քաղաքացու մարդու իրավունքը, որոնցով ՀՀ քաղաքացին ապօրինի կալանքի է վերցրվել, որոնցով ՀՀ քաղաքացին ունեզրկվել է, տնազուրկ է դարձել, ստիպված է եղել արտագաղթել կամ հայտնվել անազատության մեջ:
Սեփական սխալն ընդունելու ուղղությամբ գեթ մեկ նման անձնական քաջության օրինակ, եթե չասեմ օրինակների շարք ցույց տվեք, քայլ արեք, պարոնայք դատավորներ:
Գուցե Դուք անձամբ չեք արել, բայց լռության եք մատնել Ձեր կոլեգայի նման վարքագիծը, մի խուսափեք սեփական սխալներն ընդունելուց:
Ընդհակառակը, դրանով Ձեր քայլը կատարած կլինեք ՀՀ-ում արդարադատության նկատմամբ հանրային վստահությունը վերականգնելու ուղղությամբ:
Հավատացեք, էլ ով, եթե ոչ Դուք գիտեք, թե ինչ վճռորոշ և հիմնարար նշանակություն ունի դատական իշխանության նկատմամբ հասարակության, քաղաքացիների վստահությունը իրավական պետության կայացման մեջ:
Սպասում ենք Ձեր Քայլին: