ԴԱՀԿ ծառայության աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
17:09, April 12, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն | ՀՀ Հատուկ Քննչական Ծառայություն2016 թ. փետրվարի 17-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչություն է դիմել Երևան քաղաքի բնակչուհի Ա. Պ.-ը, որը հայտնել է, որ դատարանի որոշմամբ արգելանք է դրվել իրեն սեփականության իրավունքով պատկանող բնակարանի շարժական գույքի վրա, միաժամանակ՝ քաղաքացին հայտնել է, որ կատարողական գործողությունները 2015 թ. նոյեմբերի 30-ի որոշումներով ավարտվել են:
2016 թ. հունվարի 21-ին, առանց որոշման և պատշաճ ծանուցման, բնակարան են այցելել ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները և իրենց խոսքով՝ փորձել են ստուգել արգելադրված գույքի վիճակը և առգրավել այն: Ա. Պ.-ի բնակարանում այդ պահին գտնվող հարևանները փորձել են խոչընդոտել ԴԱՀԿ ծառայության աշխատակիցների կողմից ապօրինի գործողություններ կատարելը՝ նշելով, որ վերջիններս իրավունք չունեն, առանց սեփականատիրոջ, կատարելու վերոնշյալ գործողությունները:
Համաձայն քաղաքացու դիմումի՝ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները ինչ-որ արձանագրություն են կազմել և հեռացել:
2016 թ. փետրվարի 24-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը քաղաքացու դիմումի հիման վրա հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ Հատուկ քննչական ծառայություն՝ Ա. Պ.-ի կողմից Կազմակերպությանն ուղղված դիմումում ներկայացված փաստերի շուրջ համապատասխան քննություն կատարելու, ենթադրյալ հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու դեպքում քրեական գործ հարուցելու, պատասխանատու պաշտոնատար անձանց հայտնաբերելու և Ա. Պողոսյանի խախտված իրավունքները վերականգնելու հարցով:
ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի՝ հանցագործության մասին հաղորդումը 2016 թ. մարտի 3-ին վերահասցեագրել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայություն, որն էլ իր 2016 թ. մարտի 14-ի գրությամբ ԴԱՀԿ աշխատակիցների գործողությունները համարել է օրինաչափ:
ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն որևէ որոշում չի կայացրել՝ դրսևորելով անգործություն:
Վերոնշյալի առնչությամբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2016 թ. մարտի 11-ին դիմում է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազություն՝ ՀՀ Հատուկ քննչական ծառայությանը ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածի իմաստով որոշում կայացնելուն պարտավորեցնելու պահանջի մասին:
2016 թ. ապրիլի 4-ին ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը որոշում է կայացրել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ քրեական գործ հարուցելու մասին: