Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով տասներեքերորդ դատական նիստի մասին
17:32, April 12, 2016 | Մամլո հաղորդագրություններ | Ավետիսյանների ընտանիք2016 թվականի ապրիլի 8-ին ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում տեղի ունեցավ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի տասներեքերորդ արտագնա դատական նիստը՝ Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով:
Այս դատական նիստին հետազոտվեցին քրեական գործում առկա իրեղեն ապացույցները՝ 15 արկղ և 3 փաթեթ:
Իրեղեն ապացույցների մեջ էին Վ. Պեմյակովին ամրակցված ինքնաձիգն ու սվին դանակը, որոնցով կատարել էր սպանությունները, հագուստները, որոնք վերջինս թողել էր Ավետիսյանների բնակարանում, մազի ու արյան նմուշները, ինչպես նաև սպանվածների հագուստները, անկողնային պարագաներ, այլ իրեր:
Դատական նիստի ընթացքում ցուցադրվեց նաև քրեական գործում առկա 15 տեսաերիզներից մեկը, որը պարունակում էր սպանությունից հետո Ավետիսյանների տանը արված նկարահանումներ:
Ներկայացվեցին Ավետիսյաններին պատկանող բջջային հեռախոսները, որոնք դեպքի օրը գողացել էր Վ. Պերմյակովը:
Հրապարակվեցին Վ. Պերմյակովի ծառայակիցներին որպես վկա դատարան հրավիրելու վերաբերյալ հեռագրերի՝ ռուսական կողմի պատասխանները, ըստ որոնց՝ հնարավոր չի եղել ծանուցել նրանց, քանի որ նրանց գտնվելու վայրը հայտնի չէ:
Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները միջնորդություն ներկայացրին կրկնակի հարցում ուղարկելու վերաբերյալ:
Հաջորդ դատական նիստին կհարցաքննվի ամբաստանյալ Վ. Պերմյակովը:
Ավետիսյանների սպանության գործով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի հաջորդ արտագնա դատական նիստը նշանակված է 2016 թ. ապրիլի 15-ին՝ ժամը 12:00-ին: