«Մատաղիսի» գործը կասեցվել է վարույթ ընդունելուց անմիջապես հետո
15:04, October 12, 2016 | Նորություններ, Սեփական լրատվությունՀասարակական մեծ հնչեղություն ստացած «Մատաղիսի» գործը շարունակում է մնալ ինչպես հանրության, այնպես էլ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ուշադրության կենտրոնում:
Երկու ծառայակիցների սպանության մեջ մեղադրվող զինծառայողների արդարացման դատավճիռը ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից անփոփոխ թողնվելուց հետո անցել է ավելի քան երեք տարի, սակայն գործի նախաքննության վերաբերյալ որևէ պաշտոնական հայտարարություն դեռևս չի արվել:
Իրականացված քննչական գործողությունների, առաջադրված մեղադրանքների և մեղադրյալների վերաբերյալ՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի 2016 թ. սեպտեմբերի 10-ի հերթական հարցմանն ի պատասխան՝ ՀՀ Զինվորական դատախազությունից 2016 թ. սեպտեմբերի 28-ի գրությամբ հայտնել են, որ քրեական գործի վարույթը կասեցվել է դեռևս 2013 թ. սեպտեմբերի 2-ին՝ գործով որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձանց հայտնի չլինելու հիմքով:
Ընդ որում՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի՝ 2014 թ.-ին արված նույնաբովանդակ հարցմանը ՀՀ Զինվորական դատախազությունից պատասխանել էին, որ 2013 թ. սեպտեմբերի 2-ին քրեական գործը վարույթ է ընդունվել ՀՀ ՊՆ քննչական ծառայության տասներորդ կայազորային քննչական բաժնի տեղակալ Գ. Գրիգորյանի կողմից, և նախաքննությունն ընթացքի մեջ է:
Ինչպես պարզվում է վերջին պատասխանից, քրեական գործը վարույթ ընդունելու օրն էլ կայացվել է այն կասեցնելու մասին որոշումը, սակայն հետաքրքիր է, որ դեռևս երկու տարի առաջ արված հարցման պատասխանում գործը կասեցնելու մասին ոչինչ նշված չէ:
Ի դեպ՝ դատավարական և քննչական գործողություններ իրականացնելու, «բազմաթիվ վկաներ» հարցաքննելու վերաբերյալ հատվածը նույնությամբ կրկնված է ՀՀ Զինվորական դատախազության երկու պատասխաններում:
Չնայած իրականացված դատավարական և քննչական գործողությունների, վկաների հարցաքննությունների վերաբերյալ դատախազության պնդումներին՝ այնուամենայնիվ կարող ենք արձանագրել, որ տարիներ շարունակ քննվող այս գործով որևէ էական առաջընթաց դեռևս չկա: Իրավասու մարմինները քայլեր չեն ձեռնարկում հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ:
Հավելենք, որ 2016 թ. մարտի 17-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռ կայացրեց «Զալյանը և մյուսները՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործով, որով ճանաչեց ՄԻԵԿ 3-րդ (Խոշտանգումների արգելում) և 5-րդ (Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք) հոդվածներով նախատեսված իրավունքների խախտումները: