Քաղաքացիական հասարակության առաջարկությունները մեծ ուշադրության են արժանացել Համբուրգում
11:17, December 12, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն2016թ. դեկտեմբերի 6-7-ը Քաղաքացիական համերաշխության պլատֆորմը (CSP) Համբուրգում կայանալիք ԵԱՀԿ նախարարական խորհրդի քսաներեքերորդ համաժողովին ընդառաջ կազմակերպել է ամենամյա Քաղաքացիական հասարակության զուգահեռ համաժողովը: Երկօրյա համաժողովի ընթացքում ԵԱՀԿ տարածաշրջանի երկրների քաղաքացիական հասարակության հարյուրից ավել ներկայացուցիչներ քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության հրատապ խնդիրները և ընդունել Նախարարական խորհրդին ուղղված մի շարք առաջարկություններ, ինչպես նաև Քաղաքացիական հասարակության գործունեության հնարավորությունների պաշտպանության մասին համբուրգյան հռչակագիրը: Համաժողովի արդյունքում ընդունված այս փաստաթղթերը և մասնավորապես՝ Համբուրգյան հռչակագիրն արժանացել են ԵԱՀԿ ներկայացուցիչների և մասնակից պետությունների մեծ ուշադրությանը:
2016թ. դեկտեմբերի 7-ին Քաղաքացիական հասարակության զուգահեռ համաժողովի փակման նիստին համաժողովի արդյունքում ընդունված փաստաթղթերը ներկայացվել են ԵԱՀԿ գործող նախագահ և Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Ուոլտեր Շտայնմայերին և Ավստրիայի արտաքին գործերի փոխնախարար Մայքլ Լինհարթին, ովքեր ներկայացրել են 2017 թվականի ԵԱՀԿ նախագահող երկրները, ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչին և ԺՀՄԻԳ-ի տնօրենի առաջին տեղակալ Կատարժինա Յարոշիչիչ-Վարգանին: Շտայնմայերն իր ելույթում անդրադարձել է Համբուրգյան հռչակագրին՝ մտահոգություն հայտնելով ԵԱՀԿ տարածաշրջանում իրավապաշտպանների անվտանգության համար աճող սպառնալիքների վերաբերյալ և մասնակից պետություններին կոչ է արել քաղաքացիական հասարակության փորձագետների հետ միասին գտնել այդ խնդիրների լուծումը: Նա նաև ասել է, որ քաղաքացիական հասարակության կարծիքը «զգալիորեն» նպաստել է ԵԱՀԿ նախագահության ընթացքում Գերմանիայի կատարած աշխատանքին:
Հաջորդ օրը Նախարարական խորհրդի նիստի բացման խոսքում ԵԱՀԿ գործող նախագահ և Գերմանիայի արտաքին գործերի նախարար Շտայնմայերը ընդգծել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, այդ թվում՝ Քաղաքացիական համերաշխության պլատֆորմի աշխատանքի կարևորությունը: Նա ասել է. «Միևնույն ժամանակ, ուժեղ կառույց լինելու համար ԵԱՀԿ-ն պետք է հաշվի առնի ոչ միայն պետական կառույցների կարծիքները: Նկատի ունեմ՝ քաղաքացիական հասարակությունը և գիտական համայնքը, որոնք ուշադիր հետևում են մեր առօրյա աշխատանքին: Երեկ ինձ բախտ վիճակվեց զրուցել Քաղաքացիական համերաշխության պլատֆորմի ներկայացուցիչների հետ: Ամեն օր խիզախ տղամարդիկ և կանայք շատ դեպքերում՝ դժվարին պայմաններում պայքարում են մեր երկրներում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության համար: Մեծ շնորհակալություն Ձեր քրտնաջան աշխատանքի համար»:
2016թ. դեկտեմբերի 9-ին ԵԱՀԿ Նախարարական խորհրդի համաժողովի փակման նիստին իր ելույթում ԺՀՄԻԳ-ի տնօրեն Մայքլ Գեորգ Լինկն ընդգծել է, որ մարդու իրավունքների ոլորտում ԵԱՀԿ պարտավորությունների կատարումն ապահովելու համար խիստ կարևոր նշանակություն ունի իրավապաշտպանների պաշտպանությունը և կոչ է արել ուշադրություն դարձնել Քաղաքացիական հասարակության զուգահեռ համաժողովին ընդունված առաջարկություններին: Նա ասել է. «Իրավապաշտպանները հաճախ են ենթարկվում սպառնալիքների, հարձակումների և հետապնդումների միայն այն պատճառով, որ նրանք փորձում են, առանց խտրականություն դրսևորելու, պաշտպանել հասարակության առավել խոցելի ներկայացուցիչների իրավունքները»: Նա հավելել է. «ԵԱՀԿ մասնակից պետություններին կոչ եմ անում մեծ ուշադրություն դարձնել Համբուրգյան հռչակագրին, որտեղ ներկայացվում են ԵԱՀԿ պարտավորություններին հակասող սահմանափակումներից իրավապաշտպաններին զերծ պահելու համար անհրաժեշտ բազում կարևոր միջոցառումներ»:
Եվ վերջապես, ԵԱՀԿ Նախարարական խորհրդի համաժողովի փակման նիստին, ԵԱՀԿ 42 մասնակից պետություն հանդես եկան համատեղ հայտարարությամբ ի պաշտպանություն ԵԱՀԿ տարածաշրջանի երկրների իրավապաշտպանների՝ հղում անելով Համբուրգյան հռչակագրին: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
«Ինչպես նշվել է Քաղաքացիական հասարակության զուգահեռ համաժողովին ընդունված հռչակագրում, մեր տարածաշրջանում քաղաքացիական հասարակության գործունեության հնարավորությունները կրճատվում են, ինչը բացասական ազդեցություն է գործում ԵԱՀԿ համապարփակ անվտանգության հայեցակարգի իրականացման վրա:
Ողջունում ենք բոլոր մարդկանց և կազմակերպություններին, որոնք անդադար աշխատում են մասնակից պետությունների կողմից մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ստանձնած ԵԱՀԿ պարտավորությունների կատարումն ապահովելու համար և պահանջում են կառավարություններին հաշվետու լինել իրենց աշխատանքի համար: Նկատի ունենք քաղաքացիական հասարակության կազմակերպություններին՝ մեծ թե փոքր, տեղական, ազգային և միջազգային, ինչպես նաև խիզախ անհատներին, ովքեր ձեռնամուխ են լինում մարդու իրավունքների պաշտպանությանը:
[…]
Այդուհանդերձ, ԵԱՀԿ տարածաշրջանի որոշ հատվածներում շարունակում ենք նկատել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների վրա դրված լուրջ սահմանափակումներ և իրավապաշտպանների վրա հարձակումներ, ինչպես նաև քաղաքացիական հասարակության աշխատանքը սահմանափակող օրենսդրություն, որի արդյունքում իրենց մասնագիտական կյանքը ուրիշներին օգնելուն նվիրաբերած անձինք ենթարկվում են քրեական հետապնդման և կալանավորվում, փաստաբաններ, որոնց, մասնագիտական պարտականություններին համապատասխան, այլոց իրավական պաշտպանությունը ստանձնելու համար միայն առաջադրվում են մեղադրանքներ քրեական գործերով, լրագրողներ, որոնց ձայնը լռեցնում են նրանց ահաբեկելու, համապատասխան օրենքներ ընդունելու և նրանց գործունեությունը սահմանափակելու, և որ ավելի մտահոգիչ է՝ բռնության և սպանության միջոցով:
Այսպիսով՝ բավարար չէ պարզապես շնորհակալություն հայտնել նրանց, ժամանակն է, որ ձեռնամուխ լինենք նրանց իրավունքների պաշտպանությանը»:
Քաղաքացիական համերաշխության պլատֆորմը ողջունում է Քաղաքացիական հասարակության առաջարկությունների և Համբուրգյան հռչակագրի նկատմամբ մեծ հետաքրքրության դրսևորումը, ինչպես նաև տարածաշրջանի քաղաքացիական հասարակությանը նշանակալի աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը և ակնկալում է շարունակել ԵԱՀԿ-ի կառույցների և մասնակից պետությունների հետ համագործակցությունը՝ իրավապաշտպանների անվտանգության սպառնալիքներին հակազդելու և մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված այլ հրատապ խնդիրներ լուծելու նպատակով:
Թարգմանությունը՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի