Կոռուպցիայի դեմ պայքա՞ր. Ի՞նչ ուղերձներ են հղում ԱՄՆ եւ ԵՄ դեսպանները ՀՀ իշխանություններին
15:00, February 13, 2017 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | ԵՄՀայաստանում կոռուպցիայի դեմ ոչ արդյունավետ պայքարի մասին բարձրաձայնելով՝ ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը պատասխանում է Հայաստանի ղեկավարությանը, որը կոչ է անում գալ ու այստեղ ներդրումներ անել: Դեսպանը հասկացնում է՝ Հայաստանի իշխանություններն այլևս ֆինանսավորում չեն ստանա, ներդրումներ չեն կարող ներգրավել, քանի դեռ կոռուպցիայի դեմ պայքարում էական առաջընթաց չկա: «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում արեց «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար» Ստյոպա Սաֆարյանը:
«Եթե Հայաստանի ղեկավարությունը գնում է Նյու Յորքում տնտեսական համաժողով է անում ու ներդրումների կոչ անում ամերիկյան գործարարներին, ԱՄՆ դեսպանը կարծես նրանց կողմից պարզաբանում է, թե դա երբ կարող է տեղի ունենալ: Սա պահանջ չէ, Հայաստանի իշխանություններն ազատ են շարունակել նույն կոռուպցիոն բուրգով, նույն փտած վերնախավով ու պառլամենտով գործել նաև հետագայում: Դեսպանի արձագանքը ոչ թե պարտադրանք է, այլ պատասխան է Հայաստանի իշխանությունների կոչին»,- «Մեդիալաբին» ասում է Ստյոպա Սաֆարյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը փետրվարի 1-ին հայ-ամերիկյան առևտրաարդյունաբերական պալատում ունեցած իր ելույթում առանձնահատուկ ուշադրություն հրավիրեց կոռուպցիայի դեմ պայքարի հարցին: Նա հայտարարեց, որ կոռուպցիայի դեմ պայքարի հարցում բովանդակալի առաջընթաց ունենալու համար Հայաստանի կառավարությունը պետք է հանդես բերի քաղաքական կամք:
«Կառավարությունը պետք է ամրապնդի ու լիազորություններ տա հանրային հաստատություններին՝ բոլոր մակարդակներում և հստակ ուղերձ հղի վերևից, որ կոռուպցիան այսուհետ չի հանդուրժվելու և որ ոչ ոք օրենքից վեր չէ: Քանի դեռ այս ուղերձը չկա, իրապես փոխակերպող ազդեցությամբ փոփոխություն չի կարող տեղի ունենալ»,- ասել էր դեսպանը:
Նա նաև հայտարարել էր, որ լուծումներից մեկը կարող է լինել այն, որ կառավարությունը հստակեցնի, որ պետական պաշտոնյաների հնարավոր կոռուպցիոն գործունեության վերաբերյալ քննություն սկսելու համար պարտադիր չէ նրանց բռնացնել կաշառքի ստացման կամ «լավություն» անելու պահին, որ քննություն կարող է սկսվել, եթե պետական պաշտոնյայի հայտարարագրած ակտիվները գնահատելիս դրանց մեծությունը դատախազի մոտ ողջամիտ կասկածներ առաջացնի:
Նաև դեսպանն ընդգծել էր, որ հայկական լրատվամիջոցները հայտարարագրերի լավ վերլուծություններ են ապահովում և կարողանում են վերհանել այն դեպքերը, երբ պաշտոնյայի հայտարարագրած ակտիվները 40, 50 կամ 100 անգամ ավելին են, քան նրանց պետական աշխատավարձերը, սակայն կառավարության կողմից դրանք հիման վրա քայլեր ձեռնարկելու միտումներ չկան: Ռիչարդ Միլսը նաև ուշագրավ տեղեկություն էր հայտնել, նա ասել էր, որ ամերիկյան կողմը կոռուպցիայի դեմ պայքարի համար խոստացած գումարները դեռ չի հատկացրել հայկական կողմին:
«Քանի որ այժմ Հակակոռուպցիոն խորհուրդն առաջընթաց չի ունեցել, այս պահի դրությամբ վերջինիս աջակցելու համար նախատեսված միջոցների 2.5 տոկսից պակասն է փաստացի հատկացված»,- ասել էր նա:
Կոռուպցիայի դեմ պայքարի համար ֆինանսական միջոցներ հատկացնելու հարցը նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտոր Սվիտալսկին էր բարձրացրել: Նա օրերս հայտարարեց, որ ԵՄ-ն այս նպատակով Հայաստանին 15 մլն եվրո է հատկացրել, պատրաստ է էլի տալ, եթե տեսնի հստակ արդյունք:
Ստյոպա Սաֆարյանի խոսքով՝ և ԱՄՆ, և ԵՄ դեսպանները փաստացի նշել են, որ խնդիրը Հայաստանի էլիտայի որակի մեջ է:
«Չեն ուզեցել ավելի կոշտ բառեր ասել, բայց գրեթե հասկացրել են, որ գումարներ չեն հատկացնի, և Հայաստանը չի կարող ներդրումների ակնկալիք ունենալ, քանի դեռ չի փոխել իր էլիտային, քանի դեռ էլիտայում գտնվում են շատ կարկառուն օլիգարխներ, կաշառակերներ, իսկ կոռուպցիաայի դեմ պայքարը կրում է իմիտացիոն բնույթ»,- ասում է Սաֆարյանը:
Նրա խոսքով՝ մեկ այլ վտանգավոր միտում է նկատվում՝ սա մի մարտահրավեր է, որը հարվածում է Հայաստանի միջպետական հարաբերություններին, ինչպես, օրինակ, ԵՄ-Հայաստան, ԱՄՆ-Հայաստան հարաբերություններն են:
«Մի երկիր, որը պատերազմի ռիսկի տակ է, ինչը հենց բիզնեսի համար է ռիսկ, մի երկիր, որը փոքր շուկա ունի, գրավիչ չէ խոշոր կապիտալի համար, մի երկիր, որն իրավունքի գերակայություն չունի, լիարժեք իրավական ու ժողովրդավար չէ, բնականաբար, այդ երկրի իշխանությունը, եթե կոչով դիմում է աշխարհին, պետք է իմանա, որ պահանջները կարող են բավարարվել միայն այն դեպքում, եթե իշխանությունները լուծեն այդ խնդիրը: Իսկ դեսպանները իրեն այս հայտարարություններով ուղղակի պատասխանում են իշխանություների կոչին»,- նկատում է Սաֆարյանը:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոքով՝ ըստ էության արձանագրում ենք, որ միջազգային խոշոր դոնորներն արդեն հասկացել են, որ Հայաստանում ներդրումներն այլևս չեն կարող արդյունք ունենալ, որովհետև դրանց արդյունավետության ապահովմանը խոչընդոտող հիմնական գործոնը կոռուպցիան է:
Ըստ Սաքունցի՝ եթե նախկինում որոշակի վերապահումներով հանդերձ ԱՄՆ-ը ու ԵՄ-ն այս ոլորտում ֆինանսավորումը շարունակում էին՝ տուրք տալով Հայաստանի իշխանությունների հավաստիացումներին, թե իբր ջանքեր կգործադրեն կոռուպցիայի դեմ պայքարելու ուղղությամբ, ապա հիմա արդեն նրանք ոչ թե հավաստիացումներ են ակնկալում, այլ կոնկրետ իրավիճակի փոփոխություն ու արդյունքներ:
«Եվ ավելի ցայտուն դեպք, քան ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի կողմից կոռուպցիոն հանցագործության հետ առնչություն ունենալու վերաբերյալ քրեական գործի կարճումն է, չկա: Դա վերջին թարմ դեպքն էր, էլ չեմ խոսում նախկին վարչապետի օֆշորային խայտառակ պատմության մասին, որը նույնպես իրավական հեռևանքներ չունեցավ: Մյուս կողմից էլ ապրիլյան պատերազմը հիմնավորեց այն, որ կոռուպցիան այլևս ազգային անվտանգության հարց է: Սա նշանակում է հետևյալը, որ՝ չեք ստանալու գումար»,- «Մեդիալաբին» ասում է Արթուր Սաքունցը:
Նրա խոսքով՝ այս հայտարարություններից պարզ է դառնում, որ Հայաստանը կոռուպցիայի դեմ պայքարի համար որևէ լուրջ ֆինանսավորում չին ստանալու, քանի դեռ իրական պայքար չկա: Սաքունցը միաժամանակ հավելեց, որ որևէ ակնկալիք չունի, որ այս իշխանություններն արդյունավետ պայքար կտանեն կոռուպցիայի դեմ, որովհետև կոռուպցիայի դեմ պայքարի մոդելը, հանձինս հակակոռուպցիոն խորհրդի, բացարձակ անգործունակ մարմին է:
«Մենք բազմիցս ասել ենք և հիմա էլ կրկնում ենք, որ Հայաստանում գործող օրենսդրությունը չի խոչընդոտում կոռուպցիայի դեմ պայքարին, պարզապես բացակայում է իրական ցանկությունն ու քաղաքական կամքը՝ պայքարելու այդ երևույթի դեմ: Եվ հիմա դոլարային միլիոնատերեր կան հենց նույն Ազգային ժողովում, այսինքն՝ բիզնեսն ու օրենսդիր մարմինը սերտաճած են: Դրան բացարձակապես ուշադրություն չի դարձվում, բայց դա արդեն իսկ հետաքննության նյութ է, կոռուպցիայի փաստ: Խնդիրը կայանում է նրանում, որ Հայաստանում կոռուպցիան հանդիսանում է կառավարման գործիք, և ԵՄ ու ԱՄՆ դեսպանը հստակ արձանագրել են, որ՝ փոխեք գործիքները»,- ասում է իրավապաշտպանը: