Արդարադատության նախարարությունը ընտրողաբար է պատասխանում ազատազրկված անձանց վերաբերյալ գրություններին
16:15, March 13, 2018 | Նորություններ, Սեփական լրատվություն | Քրեակատարողական հիմնարկներՀՀ Արդարադատության նախարարությունը ազատազրկված անձանց վերաբերյալ՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի գրություններին արձագանքում է միայն այն մասով, որով հարմար է գտնում:
2017 թ. նոյեմբերի 8-ին «Վանաձոր» ՔԿՀ կալանավոր Է. Ե.-ի դիմումի հիման վրա ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել է ՀՀ Արդարադատության նախարարություն և հայտնել, որ կալանավորը բողոքում է խցային պայմաններից, որոնք բացասաբար են անդրադառնում իր առողջության վրա, և ՔԿՀ-ում տրամադրվող սննդի որակից:
Գրությանը ՀՀ Արդարադատության նախարարությունը պատասխանել է երեք ամիս անց՝ 2018 թ. փետրվարի 1-ին: Ընդ որում՝ չնայած գրությամբ բարձրացված հարցերի բովանդակությանը՝ դրան պատասխանել է ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության բժշկական սպասարկման բաժնի պետը և նշել, թե ինչ հետազոտություններ ու բուժում է անցել կալանավորը:
Անգամ այդ դեպքում պատասխանում որևէ անդրադարձ չկա կալանավորի առողջության վրա խցային պայմանների ունեցած ազդեցությանը: Դե իսկ սննդի որակի վերաբերյալ հարցերին բժշկական սպասարկման բաժնի պետը չէր էլ կարող պատասխանել:
Նախարարությունն այս քայլով փորձել էր խուսափել բարձրացված հարցերից:
Նույն վարքագիծն էր դրսևորել նաև «Նուբարաշեն» ՔԿՀ-ից «Արմավիր» ՔԿՀ տեղափոխված դատապարտյալ Է. Տ.-ի հարցով:
Նրա ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը Նախարարություն էր դիմել դեռևս 2017 թ. դեկտեմբերի 25-ին և պահանջել էր կարանտինային խցում սահմանված ժամկետից ավել պահվող դատապարտյալին տեղափոխել ընդհանուր մասնաշենք և ապահովել նրան անհրաժեշտ դեղորայքով:
Գրությանը 2018 թ. հունվարի 15-ին պատասխանել էր ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության պետի տեղակալ Ա. Համբարձումյանը և կրկին անդրադարձել միայն դատապարտյալի առողջական վիճակին, նշել, որ նա բուժման կարիք չունի:
Հաշվի առնելով, որ Արդարադատության նախարարությունը երկու դեպքում էլ խուսափողական պատասխաններ է տվել և փաստացի չի պատասխանել գրություններով բարձրացված բոլոր հարցերին՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2018 թ. փետրվարի 12-ին դիմել է ՀՀ արդադատության նախարար Դ. Հարությունյանին՝ գրություններով բարձրացված հարցերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն տրամադրելու, դատապարտյալ Է. Տ.-ին կարանտինային մասնաշենքից ընդհանուր մասնաշենք տեղափոխելու և ներկայացված գրություններով անարդյունավետ քննություն իրականացրած պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու հարցով:
2018 թ. փետրվարի 23-ին թվագրված պատասխանով ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության պետի առաջին տեղակալ Ա. Աֆրիկյանը հայտնել է, որ դատապատյալը կարանտինային խցում պահվում է՝ «անվտանգության ապահովման նկատառումներից» ելնելով:
Իսկ նախորդ երկու գրություններով բարձրացված հարցերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն տրամադրելու և գրություններով անարդյունավետ քննություն իրականացրած պաշտոնատար անձանց պատասխանտվության ենթարկելու՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի պահանջը կրկին անտեսվել է:
Դրանք Քրեակատարողական վարչության պետի առաջին տեղակալի պատասխանում ընդհանրապես չեն հիշատակվում: