Այսօրվա իշխանությունները մարդուն ստիպում են նվաստանալ իրենց առջև, ընդունել այն՝ ինչը հանցանք չի համարվում, միայն ազատության մեջ հայտնվեն, պահեն իրենց ընտանիքը. պաշտպան
18:53, April 13, 2017 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Սասնա ԾռերԽորենացու պողոտայում 2016թ. հուլիսի 20-ին տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցելու և ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործելու մեջ մեղադրվող, երեք տարվա ազատազրկման դատապարտված Սոսո Մարգարյանի, Գագիկ Միքայելյանի և Արսեն Մկրտումյանի գործով փաստաբանները բողոք են ներկայացրել Քրեական դատարան։ Այս մասին «Հետքի» հետ զրույցում հայտնեց Արսեն Մկրտումյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը: Փաստաբանը նշեց, որ իր պաշտպանյալի համար Վերաքննիչ դատարանից խնդրել են կիրառել ՀՀ Քրեական օրեսգրիքի 70-րդ հոդվածը՝ պատիժը պայմանականորեն չկիրառելը:
«Իմ պաշտպանյալը մեղքն ընդունել է, զղջացել է կատարվածի համար, իսկ Առաջին ատյանի դատարանը ծանր պատիժ է կայացրել»,-հայտնեց պաշտպանը: Ապա ավելացրեց, որ այսօր երիտասարդներին թողնում են կրկնահանցագործություն գործելու առջև: «Նուբարաշեն ՔԿՀ-ում ի՞նչ են սովորելու՝ թմրանյութերից կախվածություն, խաղամոլություն, քրեական ենթամշակույթ ունեցող անձանցից վարքագիծ սովորել, որը կարող է վատ հետևանքներ առաջացնել: Արդեն 9 ամիս է, որ այս տղաները գտնվում են ՔԿՀ-ում և արդեն հասկացել են ազատության արժեքը: Թող հինգ տարով պայմանական տան, բայց այս անձինք լինեն ազատության մեջ»,-հայտնեց Արա Ղարագյոզյանը: Արսեն Մկրտումյանի պաշտպանը նշեց նաև, որ հույս ունի դատարանից լսելու արդարացի որոշում:
Մենք զրուցեցինք Գագիկ Միքայելյանի պաշտպան փաստաբան Անի Չատինյանի (ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան) հետ, ով ներկայացրեց, որ Վերաքննիչ բողոքը բարձրացվել է իր պաշտպանյալի արարքում հանցակազմի բացակայության:
«Քար նետելու համար Քրեական օրեսնգրքում որևէ պատասխանատվություն չկա: Քար նետելը հանցագործություն չի համարվում՝ ընդ որում, եթե քարերը որևէ մեկին չեն դիպել, որևէ մեկին ուղղակիորեն վնաս չեն պատճառել: Տուժողներից որևէ մեկն իմ պաշտպանյալի գործողություններից չի տուժել»,-հայտնեց փաստաբանը:
Նա հավելեց, որ Առաջին ատյանի դատարանը՝ նախագահությամբ Գագիկ Պողոսյանի, խիստ պատիժ է նշանակել Գագիկ Միքայելյանի նկատմամբ՝ հաշվի չառնելով կրթությունը, դրական բնութագրերը, խնամքին գտնվող անչափահաս երեխային, ուստի արարքը վերաորակելու, արդարացման դատավճիռ կայացնելու կամ պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին բողոք են ներկայացրել:
Անի Չատինյանը պատմեց, որ Գագիկը Միքայելյանը դատարանում ասել է, որ մինչև հիմա չի մտածել Հայաստանից արտագաղթելու մասին, բայց այսօր պատրաստ է ամեն ինչ թողնել՝ հայրենասիրւթյուն, սահմանի պաշտպանություն ու հեռանալ Հայաստանից:
«Ասաց, որ իր ընտանիքը ծանր սոցիալական վիճակում է ապրում, և ավելի ծանր է ապրելու, քանի որ ինքն արդեն 9 ամիս է անազատության մեջ է և չի աշխատում: Այս տարիներին ստեղծածը պիտի վաճառեն, որպեսզի կարողանան ապրել: Դատարանին խնդրեց, որպեսզի իր նկատմամբ մեղմ պատիժ սահմանեն: Ասաց խնդրում եմ տաս տարի տվեք, բայց պայմանական տվեք, գնամ ընտանիքս պահեմ, երեխուս մեծացնեմ»,-հայտնեց պաշտպանը, ապա ավելացրեց, որ իր պաշտպանյալի խոսքերը հուզել են դահլիճում ներկաներին:
«Հուզիչ էր այդ պահը, նա հուզեց բոլորին: Դպրոցում ուսուցիչ աշխատող, կրթված, դաստիարակված մարդը, ով մատաղ սերնդի կրթությամբ է զբաղվում, այնքան նեղ տեղում է, որ այդպիսի դժվար հայտարարություններ է անում: Այսօրվա իշխանությունները մարդուն ստիպում են նվաստանալ իրենց առջև, ընդունել այն՝ ինչը հանցանք չի համարվում, միայն ազատության մեջ հայտնվեն, պահեն իրենց ընտանիքը»,- «Հետքի» հետ զրույցում ներկայացրեց Անի Չատինյանը:
Փաստաբանը նշեց, որ դատախազ Հայկ Պետրոսյանը չի փոխել Առաջին ատյանի դատարանում հայտնած դիրքորոշումը, առարկել է ներկայացրած վերանքննիչ բողոքների դեմ:
Հաջորդ նիստը տեղի կունենա ապրիլի 21-ին: