«Նուբարաշեն» ՔԿՀ դատապարտյալի կյանքին վտանգ է սպառնում. նա պատժի հետ անհամատեղելի հիվանդություններ ունի
18:17, July 13, 2018 | Նորություններ, Սեփական լրատվություն | Քրեակատարողական հիմնարկներ2011 թ.-ին սպանության մեղադրանքով 12 տարվա ազատազրկման դատապարտված Ա. Օ.-ը քրեակատարողական հիմնարկում ձեռք բերած պատժի հետ անհամատեղելի առողջական խնդիրների պատճառով 2016 թ. նոյեմբերի 26-ին դատարանի որոշմամբ ազատվել է պատժի հետագա կրումից, բայց 1 տարի անց՝ 2017թ. նոյեմբերի 9-ին, վերադաս դատարաններ բողոքարկելուց հետո առաջին ատյանի դատարանը կրկին նրան արգելանքի տակ վերցնելու որոշում է կայացրել, իսկ վերադաս դատարաններն այն թողել են անփոփոխ:
Դրանից հետո Ա. Օ.-ը հետախուզման մեջ է եղել և 2018 թ. հուլիսի 12-ին հայտնաբերվել ու կալանավորվել է: Այժմ նա գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում:
Բացի նրանից, որ Ա. Օ.-ի առողջական վիճակն անհամատեղելի է պատժի հետ և քրեակատարողական հիմնարկում նա կարող է ենթարկվել արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, «Նուբարաշեն» ՔԿՀ-ն, ուր տեղափոխել են դատապարտյալին, առանձնանում է դատապարտյալների համար նվաստացուցիչ պահման պայմաններով, հիմնարկը գերբնակեցված է, և այնտեղ չկա համապատասխան բուժանձնակազմ, որը կարող է բուժօգնություն տրամադրել Ա. Օ.-ի հիվանդության դեպքում:
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի պահման վատ պայմանների մասին բազմիցս ահազանգել է նաև ՀՀ ԱՆ քրեակատարաողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խումբը:
Ա. Օ.-ի պաշտպան, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը դեռևս մինչև նրան հայտնաբերելն ու «Նուբարաշեն» ՔԿՀ տեղափոխելն էր դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ անհապաղ միջոցներ ձեռնարկելու հարցով:
ՄԻԵԴ-ին ուղղված 2018թ. փետրվարի 5-ի դիմումում նա նշել էր, որ դատարանները, քաջատեղյակ լինելով դատապարտյալի մոտ առկա հիվանդություններին և այն հանգամանքից, որ ախտորոշումը համապատասխանում է ՀՀ Կառավարության սահմանած պատժի կրման հետ անհամատեղելի ծանր հիվանդությունների ցանկին, պատժի կրումից ազատելու մասին որոշումներ չեն ընդունում:
Եվրադատարանը դիմումը վաղաժամ էր համարել, քանի որ ներպետական ատյաններն այդ պահին դեռևս ամբողջությամբ սպառված չէին:
Դատարանի որոշմամբ 2018 թ. հուլիսի 12-ին Ա. Օ.-ին հայտնաբերելուց և կալանավորելուց հետո նրա պաշտպան Ա. Զալյանն այսօր՝ 2018թ. հուլիսի 13-ին, կրկին դիմել է ՄԻԵԴ, ուշադրություն հրավիրել նրան, որ ՀՀ քրեակատարողական համակարգը, առավել ևս «Նուբարաշեն» ՔԿՀ-ն, չունի բավարար ռեսուրսներ՝ Ա. Օ.-ին ու նման առողջական վիճակով այլ անձանց բավարար բժշկական օգնություն տրամադրելու:
Նա նշել է, որ Ա. Օ.-ի ազատազրկումը կարող է հանգեցնել անգամ մահվան՝ զուգորդված վատ վերաբերմունքով ու խոշտանգումներով, և խնդրել է քննության առնել 2018թ. փետրվարի 5-ի միջնորդությունը: