Ազատամարտիկները «թոզ փչել» են որակում իրենց պարգևավճարի ավելացումը
12:45, August 13, 2014 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԱզատամարտիկները նվաստացուցիչ են համարում Կառավարության որոշումը՝ հինգ հազար դրամով բարձրացնել հաշմանդամություն ունեցող նախկին զինվորականներին և ղարաբաղյան պատերազմում զոհված ազատամարտիկների ընտանիքներին տրվող ամսական պարգևավճարը: Արտեմ Պողոսյանը, ով Մարտակերտում ականի պայթյունից կորցրել է ոտքը, ստանալով երկրորդ կարգի հաշմանդամություն, ասում է՝ պատրաստ է հետ վերադարձնել այդ գումարը:
«Այդ հինգ հազար դրամը ավելի լավ կլիներ՝ չավելանար նույնիսկ, որովհետև այն թանկացումները՝ գազի, լույսի, որ տեղի ունեցան մեր երկրում, ոչ միայն չի կոմպենսացնում այդ հինգ հազար դրամով, այլ նաև ավելի շատ վիրավորական է: Ես կգերադասեի՝ այդ հինգ դրամների փոխարեն այդ գումարները ուղղվեր բանակին՝ ջահել երեխեքին հեռադիտակներ, գիշերային տեսողության սարքեր առնեին», – ասում է նա:
Արտեմ Պողոսյանն աշխատանք ունի, պետության հույսին չէ, բայց մարտական ընկերներին է մատնացույց անում․ օրվա հացի փող չունեն, հիմնականում աշխատունակ չեն՝ պատերազմում կուրացել են, ձեռք ու ոտք կորցրել:
«Շպրտեցին այդ հինգ հազար դրամները․․․ թոզ են փչում մեր աչքերին», – դժգոհում է ազատամարտիկը:
Իշխանությունները մինչդեռ այլ կարծիքի են․ Կառավարության նիստում ներկայացնելով նախաձեռնությունը՝ Հովիկ Աբրահամյանը վստահություն հայտնեց՝ ազատամարտիկների համար շոշափելի կլինի այս աջակցությունը:
«Այս որոշումով փաստորեն բարձրացվում է շուրջ 12 հազար 3 հարյուր հաշմանդամ զինծառայողների տրվող պարգևավճարի չափը 10-ից մինչև 50 տոկոսով, և զոհված զինծառայողների ևս շուրջ 6 հազար 500 անդամներ հնարավորություն են ստանում էապես բարելավել իրենց սոցիալական պաշտպանվածության մակարդակը», – հայտարարեց վարչապետը:
Ղարաբաղյան պատերազմի մասնակիցները հիշեցնում են՝ անցած տարի, երբ Վոլոդյա Ավետիսյանը փողոց դուրս եկավ արժանապատիվ կյանքի պահանջով, այն ժամանակվա վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել էր իրենց ու խոստացել առնվազն 20-ից 30 հազար դրամով բարձրացնել պարգևավճարները: Արտեմ Պողոսյանը, սակայն, Ավետիսյանի դեմ հարուցված գործից եզրակացրեց՝ իշխանությունները ցանկություն չունեն լուծել այս խնդիրը:
«Տղերք կան՝ գիշեր-ցերեկ էս դուռը, էն դուռը խփում են, մուրացկանի կյանք են վարում: Դա վայել չէ ազատամարտիկին: Վոլոդյան հենց դրա դեմ էր պայքարում, ուղղակի էդ մարդու բերանը փակեցին ու կալանավորեցին: Ազատամարտիկները էլի խաբված դուրս եկան, ինքն էլ հայտնվեց ճաղերի ետևում, իր պայքարն էլ վիժեցվեց, ու դրանով վախեցնում են մյուսներին, որպեսզի չխոսեն», – ասում է ազատամարտիկը:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը գործադիրի այս որոշումը անհաջող քաղաքական հնարք է որակում․ հաշմանդամ ազատամարտիկներին տրվող ամսական 60-ից 85 հազար դրամ նպաստը նա համեմատում է պետական գանձարանից պաշտոնյաների համար կատարվող գնումների հետ:
«Երկու մեքենայի համար 1 միլիոն 200 հազար դոլարի հատկացման այդ գումարը շատ հեշտ կարող էր վերաբաշխվել հենց հաշմանդամություն ունեցող ազատամարտիկների և զոհված ազատամարտիկների ընտանիքներին», – ասում է իրավապաշտպանը:
Սաքունցի գնահատմամբ, կոռուպցիան և ստվերային տնտեսության ահռելի չափերը թույլ չեն տալիս միջոցներն ուղղել սոցիալական ոլորտ, Վոլոդյա Ավետիսյանի դատավճիռն էլ կարող է ազատամարտիկների համբերության վերջին կաթիլը լինել:
«Բնակարանային ապահովման խնդիրները կան, առողջապահական ու կենսական ապահովման միջոցների հայթայթման խնդիրը կա: 5 հազար դրամը ի՞նչ է անելու: Իսկ նման գումարներով արդյո՞ք ազատամարտիկները կհամաձայնեն լռության մատնել իրենց ընկերոջ նկատմամբ ապօրինությունը՝ խիստ կասկածում եմ», – եզրափակում է Արթուր Սաքունցը:
Աղբյուրը՝ www.azatutyun.am