Հովհաննես Կաթրջյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունը հետաձգվեց
16:39, November 13, 2015 | Նորություններ, Սեփական լրատվություն | Պացիենտների իրավունքներ2015թ. նոյեմբերի 10-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Մ. Արղամանյանի, սկսվեց Հովհաննես Կաթրջյանի կողմից ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2015թ. սեպտեմբերի 29-ի որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի քննությունը: Հիշեցնենք, որ Ընդհանուր իրավասության դատարանը, դատական ստուգման ենթարկելով քրեական գործի վարույթը կարճելու մասին Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ Գ. Մարգարյանի՝ 2015թ. ապրիլի 13-ի որոշման օրինականության հարցը, մերժել էր Հ. Կաթրջյանի կողմից ներկայացած բողոքը:
2015թ. նոյեմբերի 10-ի բողոքի քննությանը մասնակցում էին բողոքաբեր Հ. Կաթրջյանը, վերջինիս ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տ. Սիրադեղյանը և դատախազ Գ. Մարգարյանը:
Բողոքի քննության շրջանակներում նախագահող դատավոր Մ. Արղամանյանը ներկայացրեց Ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտի հիմնավորումները, վերաքննիչ բողոքի էությունը, որից հետո վերաքննիչ բողոքի հիմնավորումները ներկայացնելու համար խոսքը տրվեց բողոքաբեր կողմին:
Հ. Կաթրջյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տ. Սիրադեղյանը հակիրճ ներկայացրեց գործի փաստական հանգամանքները, այնուհետև անցավ վերաքննիչ բողոքի հիմնավորումներին: Նա նշեց, որ Դատարանը թույլ է տվել ինչպես նյութական, այնպես էլ դատավարական իրավունքի խախտումներ, որոնք դատարանի որոշումը վերացնելու հիմք են: Տ. Սիրադեղյանը, սակայն, ամբողջությամբ չներկայացրեց վերաքննիչ բողոքի հիմնավորումները, քանի որ միջնորդեց՝ հետաձգել դատական նիստը՝ մեկ այլ գործով նախապես նշանակված դատական նիստի մասնակցելու պատճառով:
Դատարանը, բավարարելով ներկայացված միջնորդությունը, հետաձգեց դատական նիստը և նշանակեց 2015թ. նոյեմբերի 16-ին՝ ժամը 15:00-ին:
Հիշեցնենք, որ Հ. Կաթրջյանը 1985 թվականից ապրում է սրտի խթանիչ սարքով, երկու անգամ՝ 2004 և 2008 թվականներին վիրահատվել է «Հայաստանի առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնում»: Վերջին դեպքում վճարվել է 8-10 տարի գործարանային երաշխիքային ծառայության ժամկետ ունեցող սարքի տեղադրման համար գնացուցակով նախատեսված գումարը: Հետագայում Հ. Կաթրջյանը պարզել է, որ տեղադրվել է 5 տարի 5 ամիս գործարանային երաշխիքային ծառայության ժամկետ ունեցող սարք, իսկ 2004 թվականին տեղադրվել է արդեն իսկ մեկ անգամ օգտագործված սարք, ինչը սարքն արտադրող ընկերությունը չի նախատեսում: Կենտրոնի տնօրեն և վիրաբույժ Սմբատ Ջամալյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ, սակայն այն կարճվել է 2015թ. ապրիլի 13-ին Երևան քաղաքի դատախազության դատախազ Գ. Մարգարյանի կողմից: