Ցուցարարի գործով վարչական դատարանը վճիռը կհրապարակի ապրիլի 3-ին
15:17, March 14, 2018 | Նորություններ, Սեփական լրատվություն2018 թ. մարտի 13-ին ՀՀ Վարչական դատարանում կրկին սկսվեց ցուցարար Հասմիկ Էվոյանի գործի դատաքննությունը:
Հասմիկ Էվոյանը Գևորգ Սաֆարյանի կալանքի ժակետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդության քննարկմանն ընդառաջ՝ 2016 թ. մարտին տեղի ունեցած հավաքի մասնակիցներից է:
Ցուցարարի դեմ ներկայացված հայցով ՀՀ Ոստիկանությունը պահանջում է վարչական պատասխանատվության ենթարկել նրան ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1-րդ հոդվածի 11-րդ և 15-րդ կետերի պահանջներով: Իսկ Հասմիկ Էվոյանն ու նրա ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տ. Սիրադեղյանը պահանջում են ոչ իրավաչափ ճանաչել ոստիկանության գործողությունները:
Գործը քննող դատավոր Ա. Թովմասյանի՝ վերաքննիչ վարչական դատարանի դատավոր նշանակվելուց հետո այն վերամակագրվել է դատավոր Ա. Միրզոյանին, և դատաքննությունը նորից է սկսվել:
Երեկ կայացած դատական նիստի ընթացքում կողմերն իրենց բացման խոսքում պնդեցին ներկայացված հայցերը:
ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչ Ս. Մելիքյանը պնդեց, որ ցուցարարները չեն կատարել ոստիկանության պահանջը, ինչից հետո ձերբակալվել են:
Իսկ Հ. Էվոյանի ներկայացուցիչ Տ. Սիրադեղյանը հայցվորին հարցեր ուղղելուց հետո նշեց, որ ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180․1 հոդվածի 11-րդ մասով արձանագրություն չի կազմվել, և այդ մասով գործի վարույթը պետք է կարճվի: Ապա առարկեց ոստիկանության հայցի դեմ՝ նշելով, որ Հ. Էվոյանի գործողություններում նրան վերագրվող արարքների հատկանիշները բացակայում են:
Տ. Սիրադեղյանը ներկայացրեց նաև հակընդդեմ հայցադիմումը. հիմնավորումներ ներկայացրեց ոստիկանների կողմից ցուցարարի իրավունքները խախտելու մասին և խնդրեց ոչ իրավաչափ ճանաչել ոստիկանության գործողությունները:
Ոստիկանության ներկայացուցիչն առարկեց հակընդդեմ հայցի դեմ:
Ապա դատարանը հետազոտեց գործում առկա ապացույցները, այդ թվում՝ ԶԼՄ հրապարակումները, տեսանյութերը:
Կողմերը հանդես եկան ամփոփիչ ճառերով:
Դատարանի վճիռը կհրապարկվի 2018 թ. ապրիլի 3-ին՝ ժամը 17։50-ին: