Վրաստանյան փորձագետները հայ գործընկերների հետ կիսվում են խոշտանգումների կանխարգելման բազմամյա փորձով
15:47, June 14, 2018 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՀելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ու Խոշտանգման զոհերի հոգեսոցիալական և բժշկական վերականգնողական վրացական կենտրոնի (GCRT) կողմից Եվրոպական միության ֆինանասավորմամբ իրականացվող «Պայքար խոշտանգման և վատ վերաբերմունքի դեմ Վրաստանում, Հայաստանում և Ուկրաինայում» ծրագրի շրջանակում 2018 թ. հունիսի 3-ին կազմակերպված դասընթացի մասնակից Գոհար Աբրահամյանի անդրադարձը «Ալիք մեդիայում»
Դասընթացի մասին առավել մանրամասն այստեղ
——————————–
Վրաստանի փորձառու մասնագետները հայաստանյան գործընկերներին առաջիկայում օգնելու են կանխարգելել փակ և կիսափակ հաստատություններում խոշտանգումները, խոշտանգումների զոհերի վերականգնմանը, խնդրի վերաբերյալ ջատագովությանն ու իրազեկվածության բարձրացմանը։
Եվրոպական Միության ֆինանսավորմամբ «Պայքար խոշտանգման և վատ վերաբերմունքի դեմ Վրաստանում, Հայաստանում և Ուկրաինայում» ծրագիրը Հայաստանում մեկնարկել է 2018 թ. փետրվարի 1-ին: Այն իրականացնում են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը Խոշտանգման զոհերի հոգեսոցիալական և բժշկական վերականգնողական վրացական կենտրոնի (GCRT) հետ համատեղ։
Ծրագրի շրջանակում նախատեսված են դասընթացներ ու սեմինարներ տարբեր շահագրգիռ կողմերի համար, անվճար իրավական աջակցություն և վերականգնողական ծառայություն խոշտանգում վերապրածներին ու նրանց ընտանիքների անդամներին, ջատագովություն միջազգային մակարդակներում և լրագրողական թեմատիկ նյութերի մրցույթ:
Հելսինկյան քաղաքացիական ասամբելայի Վանաձորի գրասենյակի ծրագրերի համակարգող Օֆելյա Զալյանն «Ալիք մեդիային» ասում է, որ սա առաջին համագործակցությունը չէ, նախկինում մեկ այլ ծրագրի շրջանակներում ևս համագործակցել են։
«Այս կազմակերպությունը Վրաստանի առաջատար կազմակերպություններից է, ունեն փորձագետների շատ մեծ ու պրոֆեսիոնալ թիմ»,- ասում է Զալյանը։
Ծրագրի շրջանակներում օրերս Հայաստանի Ծաղկաձոր քաղաքում լրագրողների համար անցկացվեց դասընթաց, որի շրջանակներում 2000 թվականին հիմնված GCRT-ի փորձառու մասնագետները նախ ներկայացրին իրավիճակն, այնուհետև լրագրողների հետ կիսվեցին այս հարցերի լուսաբանման նրբություններով։
«Հայաստանցիներն ու վրաստանցիները շատ նման են իրար, շատ ընդհանրություններ ունենք, այս իմաստով շատ հեշտ ու արդյունավետ է միմյանց հետ աշխատելը։ Նույն խնդիրներն ունենք նաև փակ հաստատություններում գտնվող մարդկանց նկատմամբ վերաբերմունքի, վերականգնման առումով»,-«Ալիք մեդիային» ասում է GCRT կազմակերպության հոգեբան Մաիա Ծիռամուան։
Ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանում հասարակությունը մի շարք կարծրատիպեր ունի, որոնք խոցելի խմբերին խանգարում են ինտեգրվել հասարակությանը։
«Օրինակ՝ նախկին դատապարտյալները լուրջ խնդիրներ ունեն հասարակություն վերադառնալու հարցում, գործատուները նրանց չեն ընդունում աշխատանքի, շատ հաճախ նրանց նույնիսկ հարազատ ընտանիքը չի ընդունում։ Անչափահասները շատ հաճախ չեն վերադառնում դպրոց՝ կրթությունը շարունակելու։ Այդ պարճառով մեր կազմակերպությունն աշխատում է նաև այդ ուղղությամբ»,-ասում է փորձագետը։
Ըստ Ծիռամուայի՝ վերջին տարիներին Վրաստանում շատ բան է փոխվել։ Կարողացել են ընդունել անչափահասներին վերաբերող բավականին հաջող օրենք, որով հանցագործություն գործած անչափահասին մեկ անգամ ուղղվելու հնարավորություն է տրվում, նրանց հետ աշխատում են հատուկ մասնագետներ, հոգեբաններ, որոնք իրավիճակ են փոխում երկրում։
«Սակայն մենք շատ բան ենք փոխել մինչ այդ օրենքին հասնելը։ Մենք ոստիկանների, դատավորների, քննիչների մոտեցումն ենք փոխել։ Այժմ ավելի շատ աշխատում ենք հանցագործությունների կանխարգելման վրա։ Հենց նմանատիպ հարցերի շուրջ էլ առաջիկայում խոսելու ենք հայ գործընկերների հետ ու կիսվելու ենք մեր փորձով»,-ասում է Ծիռամուան։
Այս ծրագրի շրջանակներում հայ մասնագետները կայցելեն Վրաստան՝ ծանոթանալու երկրում գործող խոշտանգումներից և այլ տրավմաներից վերականգնողական կենտրոնների աշխատանքին, ինչպես նաև բժշկական-իրավաբանական փաստաթղթավորման սկզբունքներին՝ Ստամբուլյան արձանագրության համաձայն:
Բացի այդ, ենթադրամաշնորհ ստացած կազմակերպության կողմից վերականգնողական աջակցություն կտրամադրվի ընդհանուր թվով 250 խոշտանգման զոհի կամ նրանց ընտանիքի անդամների:
Վրացերեն տարբերակը՝ aliq.ge/ge