ՀՀ գլխավոր դատախազը խուսափում է «Սասնա ծռերի» խցերի դռները բացած իրանցի կալանավորների գործով իրավական գնահատական տալ ՔԿՀ ծառայողների գործողություններին
16:48, June 14, 2018 | Նորություններ, Սեփական լրատվություն | Քրեակատարողական հիմնարկներՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել է ՀՀ Գլխավոր դատախազություն՝ 2018 թ. ապրիլի 25-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի իրանցի կալանավորների կողմից ՔԿՀ 6 խցերի դռները բացելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը ՀՀ Հատուկ քննչական ծառայություն փոխանցելու հարցով:
Aravot.am-ում ապրիլի 27-ին արված հրապարակման համաձայն՝ իրանցի կալանավորները մեկուսացրել են ՔԿՀ աշխատակցին, նրանցից խլել բանալիներն ու բացել են «Սասնա ծռեր» խմբի անդամների խցերի դռները: Նրանց հորդորել են դուրս գալ խցերից, բայց վերջիններս, խուսափելով հնարավոր սադրանքից, չեն հետևել հորդորին:
Դեպքից 2 օր անց՝ ապրիլի 27-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել, որում առաջարկել էր նաև առգրավել մասնաշենքի տեսանկարահանող սարքերի տեսագրությունը:
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը 2018 թ. մայիսի 7-ին տեղեկացրել էր, որ ՀՀ Քրեական օրենսգրքի 34-355 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով քրեական գործ է հարուցվել դեռևս 2018 թ. ապրիլի 25-ին և նախաքննություն իրականացնելու համար ուղարկվել ՀՀ Քննչական կոմիտե:
ՀՀ գլխավոր դատախազ Ա. Դավթյանին ուղղված 2018 թ. մայիսի 8-ի գրությամբ նշել ենք, որ հարուցված քրեական գործի շրջանակում պետք է իրավական գնահատական տրվի նաև ՔԿՀ ծառայողների գործողություններին, իսկ այդ դեպքում քննություն են իրականացնում ՀՔԾ քննիչները:
ՔԿՀ ծառայողը պետական հատուկ ծառայություն իրականացնող անձ է, իսկ պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց՝ իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների նախնական քննությունը կատարում են հատուկ քննչական ծառայության քննիչները, հետևաբար՝ տվյալ դեպքում նախնական քննությունը պետք է կատարեին հատուկ քննչական ծառայության քննիչները, ոչ թե՝ Քննչական կոմիտեն:
Իսկ ՀՀ Քրեական դատավարության օրենսգքի համաձայն՝ ՀՀ գլխավոր դատախազը կարող է քննչական այլ մարմինների քննիչների վարույթից վերցնել և հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթին հանձնել քրեական գործեր, որոնք առնչվում են պաշտոնատար անձանց հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործություններին, կամ որոնցով այդ անձինք ճանաչված են որպես տուժող, ինչպես նաև ցանկացած այլ քրեական գործ, եթե դրա փաստական հանգամանքներով պայմանավորված` առկա է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտություն:
Քրեական գործի քննությունը ՀՀ ՀՔԾ փոխանցելու մասին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դիմումին ՀՀ Գլխավոր դատախազության ներկայացուցիչ Ա. Բարսեղյանը 2018 թ. մայիսի 17-ին թվագրված գրությամբ պատասխանել է, որ «պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց՝ իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների վերաբերյալ բավարար փաստական տվյալներ ձեռք բերելու դեպքում» կքննարկվի գործը ՀՔԾ վարույթ հանձնելու հարցը: