Հովիկ Աբրահամյանը «արա»-ո՞վ է խոսել Արթուր Բաղդասարյանի ազգականի հետ
14:43, July 14, 2014 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՇիրակի մարզի Սպանդարյան համայնքի ղեկավար Վաղինակ Բաղդասարյանը հերքում է համայնքի բնակիչ Մովսես Խաչատրյանին` ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը իր հետ «արա»-ով չի խոսել: Այս մասինԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում ասել է ինքը` գյուղապետը: Հիշեցնենք, Շիրակի մարզ կատարած այցի ընթացքում Սպանդարյան համայնքի բնակիչ Մովսես Խաչատրյանի եւ Հովիկ Աբրահամյանի միջեւ տեղի էր ունեցել ուշագրավ խոսակցություն: Հ. Աբրահամյանը «արա»-ով էր խոսել գյուղաբնակներից մեկի հետ: Մովսես Խաչատրյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել էր, որ վարչապետը ոչ միայն իր, այլ նաեւ գյուղապետի հետ է «արա»-ով խոսել:
Գյուղապետը սակայն նշեց, թե նման խոսակցություն չի եղել, եւ վարչապետն իր հետ «արա»-ով չի խոսել: «Հանդիպման ընթացքում մենք բարձրացրել ենք կարկտահարության, հողմահարության խնդիրը, անմիջապես ուղարկվել է կառավարություն, հետեւանքները ուսումնասիրվել է, ու նաեւ կա ծրագիր, որ այն բնակիչները, որոնք վնասներ են կրել, կառավարությունը իր մոտեցումը ցույց տա, եւ ուզել են այն բնակիչների ցուցակները, ովքեր գյուղվարկեր ունեն»,- պատմեց գյուղապետը: Վաղինակ Բաղդասարյանը ասաց, թե իր մոտավոր հաշվարկներով գյուղը մոտ հիսուն-վաթսուն միլիոն դրամի վնաս է կրել: «Հիմա ճշգրտումներ են կատարվում, միանգամից հնարավոր չէ ստույգ տվյալներ ասել»: Գյուղապետի խոսքերով՝ վնասվել են հատկապես գարու եւ ցորենի ցանքատարածությունները եւ նաեւ մոտավորապես 20-25 հեկտար բանջարանաբոստանային կուլտուրաներ: Ամբողջությամբ վնասվել է նաեւ գյուղաբնակներից մեկի տանիքը, եւ եւս երեսուն բնակչի տանիքներ մասամբ են տուժել:
Ինչ վերաբերում է Մովսես Խաչատրյանի եւ Հովիկ Աբրահամյանի միջեւ տեղի ունեցած խոսակցությանը, որը, ի դեպ, կա նաեւ համացանցում, որտեղ վարչապետը բարձր տոնով է խոսում գյուղացու հետ, գյուղապետը հայտարարում է, թե այդ ամենը զրպարտանք է: «Մարդը շատ սիրալիր լսեց, իսկ բնակիչը սկզբից մի քիչ ըմբոստ ներկայացրեց, վրդովված, եւ ընդհակառակը՝ վարչապետի լավ վերաբերմունքից, հանգիստ պատասխանեց ու հետո անձամբ գնաց տվյալ մարդու դաշտը, որը վնասվել էր»,- ասաց նա: Գյուղապետը «նեղսրտած է», եւ հիմա հայտարարում է, որ չէր կարելի վարչապետի հետ նման կերպ խոսել: «Ես որպես համայնքի ղեկավար մի պահ փորձեցի թույլ չտալ, բայց ընդհակառակը՝ վարչապետը ասեց՝ թողեք լսեմ, ու լսեց մինչեւ վերջ»,- ասաց նա: Վ. Բաղդասարյանը ասաց նաեւ՝ տվյալ գյուղացին նամակ է հանձնել վարչապետին:
Անդրադառնալով Մովսես Խաչատրյանի այն պնդմանը, թե Հովիկ Աբրահամյանը գյուղապետի հետ եւս «արա»-ով է խոսել, Վաղինակ Բաղդասարյանն ասաց. «Դա ճիշտ չէ, մարդը ոչ վիրավորական խոսք է ասել, ոչ էլ վրդովված է խոսել: Բացի այդ, իրա այցի ընթացքում նախատեսված չէր կանգնել համայնքում, երբ որ մենք բնակիչներով կանգնած էինք, մենք էլ չէինք սպասում վարչապետին, որովհետեւ այցով նախատեսված չէր, տեսնելով ազգաբնակչություն՝ իջավ մարդը, զրուցեց, հետո բոլորովս գնացել ենք, մարդը մանավանդ ինձ հետ կոպիտ չի խոսել»:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը այցելել էր Շիրակի մարզ: Վարչապետը եղել էր այն համայնքներում, որոնք տուժել էին տեղացած կարկուտից: Հ. Աբրահամյանի այցը համայնքներ «շեղվել էր» հիմնական ծրագրից, որովհետեւ տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ գյուղաբնակները փակել էին ճանապարհը: Մինչդեռ կառավարությունից ավելի ուշ հայտնեցին, որ վարչապետի ճանապարհը չի փակվել: Նկատենք՝ գյուղապետ Վաղինակ Բաղդասարյանը, ըստ էության, նշեց, որ վարչապետը կանգնել եւ զրուցել է ճանապարհին «հավաքված» գյուղացիների հետ:
Հավելենք, որ մեր ունեցած տեղեկություններով Հովիկ Աբրահամյանը զայրացել է, որովհետեւ ստիպված է եղել կանգնել Սպանդարյան համայնքում, որովհետեւ այն համարվում է ՕԵԿ-ական Ա. Բաղդասարյանի հայրենի գյուղը, իսկ գյուղապետը Ա. Բաղդասարյանի ազգականն է: Վաղինակ Բաղդասարյանը եւ Արթուր Բաղդասարյանը հորեղբոր թոռներ են:
Աղբյուրը՝ galatv.am