Երկու երեխայի մահվան մեջ մեղադրվող Ա. Պետրոսյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունը հետաձգվեց
10:29, September 14, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն | Կարինե Հովհաննիսյան2016 թ. սեպտեմբերի 13-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում, նախագահությամբ դատավոր՝ Ա. Ազարյանի, քննության առնվեցին ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2016 թ. հունիսի 2-ի վճռի դեմ տուժողի իրավահաջորդ Հակոբ Հովհաննիսյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանի և ամբաստանյալ Անահիտ Պետրոսյանի ու վերջինիս պաշտպան Արայիկ Ղազարյանի կողմից բերված վերաքննիչ բողոքները:
Հիշեցնենք, որ Ա. Պետրոսյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքի կատարման համար և դատապարտվել ազատազրկման 3 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու` այն է բժշկական բնույթի պաշտոններ վարելու և բժշկական գործունեություն իրականացնելու իրավունքից զրկելով 1 տարի 6 ամիս ժամկետով։
Դատական նիստին ներկայացել էին ամբաստանյալ Ա. Պետրոսյանը, վերջինիս շահերի պաշտպան Ա. Ղազարյանը, մեղադրող Գոռ Ալոյանը, տուժողներիի իրավահաջորդներ Սերգեյ Ամիրխանյանը, Հ. Հովհաննիսյանը և վերջինիս ներկայացուցիչ Ա. Չատինյանը: Ս. Ամիրխանյանի ներկայացուցիչներ Կարինե Անդրեասյանը և Գարիկ Գալիկյանը չէին ներկայացել դատական նիստին: Դատավարության մասնակիցները չառարկեցին դատական նիստը նրանց բացակայությամբ անցկացնելու դեմ:
Դատարանը ճշտեց բացարկի միջնորդությունների բացակայության հարցը, որից հետո ամբաստանյալի պաշտպան Ա. Ղազարյանը երկու միջնորդություն ներկայացրեց դատարանին: Նա նախ խնդրեց արգելել զանգվածային լրատվամիջոցների կողմից դատական նիստի նկարահանումը՝ պատճառաբանելով, որ առաջին ատյանի դատարանում դատական նիստերի լուսաբանումը միակողմանի է եղել: Նա հայտնեց նաև, որ տուժողի իրավահաջորդի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի օրինակն ինքը և իր պաշտպանյալը չեն ստացել, ուստի՝ խնդրեց բավարար ժամանակ տրամադրել դրան ծանոթանալու համար:
Մեղադրող Գ. Ալոյանը չառարկեց ներկայացված միջնորդությունների դեմ, տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ա. Չատինյանն անհրաժեշտ համարեց զանգվածային լրատվամիջոցների կողմից դատական նիստի տեսանկարահանումը, միաժամանակ, չառարկեց դատական նիստը հետաձգելու միջնորդության դեմ:
Դատարանը, տեղում խորհրդակցելով, որոշեց թույլատրել տեսանկարահանումը՝ պայմանով, որ այն կատարվի մեկ դիրքով: Միաժամանակ, դատարանը որոշեց հետաձգել դատական նիստը՝ հնարավորություն տալով պաշտպանական կողմին ծանոթանալու տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի բողոքին:
Սույն գործով հաջորդ դատական նիստը նշանակվեց 2016 թ. հոկտեմբերի 6-ին, ժամը 10:30-ին:
Տես նաև՝ azatutyun.am