«Պետք է այնպիսի համակարգ ստեղծվի, որ տաղանդավոր երիտասարդներին տարկետում տրամադրելու որոշումից դարձյալ չօգտվեն պաշտոնյաների ու օլիգարխների երեխաները». Փորձագետներ
10:02, November 14, 2017 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժերՊետք է այնպիսի համակարգ ստեղծվի, որ տաղանդավոր երիտասարդներին տարկետում տրամադրելու որոշումից դարձյալ չօգտվեն պաշտոնյաների ու օլիգարխների երեխաները: «Մեդիալաբի» հետ զրույցում այս մասին ասաց քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը՝ անդրադառնալով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի» մասին օրենքի նախագծով տրվող լուծումներին:
«Այս արատավոր մեխանիզմը պահելով՝ մենք նույն կոռուպցիոն ռիսկերը կարող ենք ունենալ՝ ավելի նեղացված կազմի համար սահմանված տարկետումը իրացնելիս: Այդ դեպքում էլ, այո, ամենակարող հայրիկները և մայրիկները բավական լավ կդասավորեն իրենց երեխաների կենսագրությունը, միավորները, որպեսզի նրանք ընկնեն դրա տակ: Այսինքն՝ էլի սոցիալական արդարության հարց է ծագելու»,- «Մեդիալաբին» ասում է Ստյոպա Սաֆարյանը:
Հիշեցնենք, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի» մասին օրենքի նախագծով վերացվում է ակադեմիական տարկետումը: Ըստ այդմ՝ տարկետում կստանան բակալավրիատում սովորող միայն այն ուսանողները, ովքեր պաշտպանության նախարարության հետ պայմանագիր կկնքեն և կպարտավորվեն ուսումնառությունից հետո բանակում ծառայել երեք տարի: Մնացած դեպքերում 18 տարին լրանալուն պես երիտասարդները զորակոչվելու են բանակ: Այս նախագիծն արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է Ազգային ժողովի կողմից, սպասվում է, որ պետք է ընդունվի երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ:
Տարկետման վերացման որոշման դեմ դասադուլ ու բողոքի ակցիաներ են անում ուսանողները, որոնց միացել են նաև դասախոսները: Պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը հայտարարել է, որ խիստ տաղանդավոր երիտասարդների համար կարող է տարկետում կիրառվել:
Ըստ Ստյոպա Սաֆարյանի՝ եթե մենք մրցակցության, ընտրության և այլ խնդիրներ չունենայինք բոլոր համակարգերում՝ սկսած քաղաքականից, վերջացրած տնտեսական ու կրթական համակարգերով, այսօր չէինք էլ կանգնի խնդրի առաջ՝ տարկետում պե՞տք է լինի, թե՞ ոչ: «Ի վերջո, այդ նույն մեխանիզմները բավական լավ կաշխատեին նաև շնորհալի, տաղանդաշատ տղաների գիտական ուղին հարթելու համար՝ մնացածին թողնելով հայրենիքի առաջ իրենց պարտքը կատարելու հնարավորությունը: Ինձ մոտ այն տպավորությունն է, որ իրենք անընդհատ հետևանքների հետ են կռիվ տալիս, փոխանակ ֆունդամենտալ խնդիրներից բռնելու, որոնց լուծումները համալիր կարող են լինել»,- ասում է Սաֆարյանը:
Եթե կա զորակոչիկների պակաս, ինչի մասին ահազանգում են ժողովրդագետները, ըստ վերլուծաբանի, ապա դրա լուծումը ոչ թե բոլորին բանակ տանելն է, այլ ծնելիությունը խթանելը: Եթե կա սոցիալական արդարության խնդիր, ապա դրա լուծումը պետք է լինի զորակոչի մեխանիզմների լրջագույն վերանայումը: Եթե կա երիտասարդ գիտնականներին մյուսներից զատելու խնդիր, ապա այդ դեպքում բուհական բարեփոխումներ պետք է լինեն: Այնպես չէ, որ այս նոր մեխանիզմը լուծելու է սոցիալական արդարության հարցը, որովհետև խնդրի արմատներն ու պատճառներն այլ տեղ են:
«Հետևաբար, այո, խնդիրներ լինելու են: Պատահական չէ, որ արդեն մտահոգություններ են հայտնվում, որ տաղանդաշատների անվան ներքո նորից կարող ենք տեսնել մեծահարուստների ու պաշտոնյաների զավակներին, և ընդամենը մի քանի տեղ կլինի իսկապես բացառիկ արժանավորների համար»,- հավելեց նա:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցն «ապուշություն» է որակում նման ձևակերպմամբ մոտեցումը: Ըստ նրա՝ հարց է ծագում՝ ովքե՞ր են այդ խիստ տաղանդավորներին ընտրողները: «Իրենք ընդհանրապես ունե՞ն համապատասխան չափանիշներ կամ կարողություններ՝ նման ընտրություն կատարելու համար: Երկրորդ՝ ընդհանրապես նման մոտեցումը՝ տաղանդավոր, ոչ տաղանդավոր, բուն խնդրի նենգափոխում է, որովհետև խոսքը վերաբերում է կրթության իրավունքի իրականացմանը: Եվ այստեղ գիտություն, տաղանդ և նմանօրինակ հասկացություններով մոտեցումը բացարձակապես հակասում է կրթության իրավունքի բուն էությանը: Եվ հերթական անգամ ռազմականացումը, որը տարածվում է կրթության, գիտության, արվեստի վրա, բոլոր բնագավառների վրա, փորձում են կոծկել ինչ-որ հիմարություններով»,- «Մեդիալաբին» ասում է Արթուր Սաքունցը: Ըստ նրա՝ հաշվի առնելով Հայաստանի պրակտիկան՝ պարզ է, որ ովքեր ֆինանսապես կամ սոցիալապես ապահով են, նրանք էլ «տաղանդավոր» են: Այսինքն, իրավապաշտպանի խոսքով, Հայաստանում նենգափոխված են ինքնին տաղանդ, միտք, կրթություն հասկացությունները:
«Եվ իրենց այդ արատավոր և հանցավոր քաղաքականության հետևանքով ստեղծված իրավիճակը, երբ մարդկային, ֆինանսական ու տնտեսական ռեսուրսներն արդեն սահմանափակվել են, փորձում են իրենց պատասխանատվությունը, որը պետք է կրեն, հերթական անգամ ծածկադմբոց անել: Եվ այդ սահմանափակ ռեսուրսների պարագայում փորձում են նորից եղած ռեսուրսներն օգտագործել՝ ինչ-ինչ պետական խնդիրներ լուծելու համար: Տրամաբանությունը գործում է՝ ինչքան կա, այնքանն օգտագործենք, ոչ թե ստեղծենք: Իսկ դա պետականության քանդման, պետականության ոչնչացման արատավոր գործելակերպ է: Եվ քանի ուշ չէ, պետք է խելքի գան ու ընդհանրապես հրաժարվեն այդ մոտեցումներից: Երկու տարբերակ կա՝ կամ իրենք պետք է հեռանան, կամ էլ պետք է դադարեցնեն իրենց արատավոր ու հանցավոր գործունեությունը»,- ասում է Արթուր Սաքունցը: