«Անկախ դիտորդը» հրապարակեց ԱԺ և Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ ամփոփիչ զեկույցը
12:53, June 14, 2017 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Ընտրական իրավունք«Անկախ դիտորդ» չորս հասարակական կազմակերպությունների դաշինքը այսօր հրապարակեց խորհրդարանական և Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ ամփոփիչ զեկույցը, որի գլխավոր եզրահանգումներից մեկն այն է, որ վերջին ընտրություններին ևս տեղի ունեցավ «վարչական ռեսուրսների կազմակեպված և զանգվածային չարաշահում»:
Զեկույցում ընդգծված է նաև, որ ընտրատեղամասերի գրեթե 70 տոկոսում խախտվել է անձանց քվեարկության գաղտնիությունը, «տեղի է ունեցել աննախադեպ վերահսկողություն»։
«Պարբերաբար եղել են դեպքեր, երբ ընտրողի հետ քվեախցիկ է մտել կողմնակի անձ՝ կա՛մ օգնելու, կա՛մ չօգնելու, ուղղակի վերահսկելու նպատակով», – ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի աշխատակից Վարդինե Գրիգորյանը:
Ըստ դիտորդական կազմակերպության զեկույցի՝ չարաշահվել է օգնողի ինստիտուտը: Դանիել Իոաննիսյանի խոսքով, միայն Ազգային ժողովի ընտրություններին պաշտոնապես գրանցվել են 70 հազար օգնողներ․ – «Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ եղել են տեղամասեր, որտեղ դա այն աստիճան կազմակերպված էր, որ վարչական շրջանի ղեկավարը անձամբ համակարգում էր օգնողներին, անձամբ ասում էր՝ այս մարդիկ եկել են օգնելու մի քիչ անց ժամանող ընտրողներին: Հետևապես քվեարկության գաղտնիության խախտումը բավականին լուրջ ազդեցություն ունեցավ քվեարկության արդյունքների վրա»:
Ըստ «Անկախ դիրտոդի» զեկույցի, խորհրդարանական ընտրություններին ընտրողների մեծ մասը ընտրել է ոչ թե կուսակցության, այլ անհատի, որն օգտագործել է իր անձնական լծակներն ու ֆինանսական միջոցները ձայներ ստանալու համար, ինչի հետևանքով, ըստ դիտորդների, չի իրականացել իշխանությունների տված խոստումը՝ խորհրդարանական համակարգին անցնելուն զուգահեռ բարձրացնել կուսակցությունների դերակատարումը երկրում։
«Անկախ դիտորդն» իր ամփոփիչ զեկույցում հատուկ անդրադառնում է նաև ընտրակաշառքի դեպքերին՝ նշելով, որ «քարոզարշավի վերջին և հատկապես լռության ու քվեարկության օրերին բազմաթիվ ահազանգեր են ստացվել ընտակաշառքի մասին, չնայած դրան իրավապահների կողմից ընտրակաշառքի գեթ մի դեպք առ այսօր չի բացահայտվել»։
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցին մտահոգում է իրավապահների անգործությունը. – «Այն լայնածավալ տեղեկատվությունը, որ կար, և դրանց վերաբերյալ արձագանքների կամ օպերատիվ գործողությունների բացակայությունը բավական լուրջ մտահոգիչ է: Իմ անձնական զրույցը ոստիկանության պետերից մեկի հետ ․ ես ասում եմ՝ այսպիսի ահազանգ կա, նա ասում է՝ Քրեական օրենսգրքով այդ հանցագործությունը չի համարվում ծանր հանցագործություն, և ես պարտավոր չեմ այդ ահազանգի ուղղությամբ օպերատիվ-հետախուզական գործողություն իրականացնեմ»:
Սաքունցի խոսքով՝ ընտրությունների ընթացքում ոստիկանների գործողություններին պատրաստվում են անդրադառնալ առանձին զեկույցով:
Իսկ մինչ այդ դատախազության ներկայացուցիչը չի թաքցնում՝ ընտրությունների վերաբերյալ խախտումների ու հանցագործությունների նյութերի ճնշող մեծամասնությունը նախապատրաստվել է դիտորդական կազմակերպությունների ահազանգերի շնորհիվ․ – «Այդ 923 նյութերը, կամ 124 նյութերը, որ նախապատրաստվել են, դրանք 80 տոկոսը նախապատրաստվել են դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ակտիվ ներգրավվածության և բարձրաձայնման արդյունքում»:
Քննարկմանը ներկա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Տիգրան Մուկուչյանը նշեց, որ դիտորդների որոշ նկատառումների հետ համաձայն է, շատերի հետ՝ ոչ, բացի այդ հորդորեց չանտեսել դրական փոփոխությունները, որ տեղի են ունեցել վերջին ընտրություններին․ – «Առաջին անգամ մենք ունեցանք տեղամաս, որի քվեարկության արդյունքը համապետական ընտրությունների ժամանակ անվավեր ճանաչվեց տարածքային հանձնաժողովի կողմից: Արդյո՞ք չարժեր սա գոնե արտացոլել այս զեկույցի մեջ: Մենք ունեցանք առաջին անգամ դեպք, երբ մի քանի տասնյակ քաղաքացիներ իրենց որակավորման վկայականներից զրկվեցին ԿԸՀ որոշումներով․ չարժե՞ր սրա մասին գրել: Եթե ուզում ենք բալանսավորել, ուրեմն եկեք անենք․․․ Ես չեմ ասում չկան թերություններ, բայց արված աշխատանքը պետք է ֆիքսել»:
«Ազատության» խնդրանքով Մուկուչյանն անդրադաձավ նաև օգնողների ինստիտուտի չարաշահման մասին պնդումներին. – «Շատ բարդ է օգնողների ինստիտուտի հետ կապված ասել, թե ինչ տոկոս է չարաշահվել, ինչ տոկոս չի չարաշահվել: Գուցե եղել են նաև չարաշահումներ: Բայց, համենայն դեպս, էդ ինստիտուը կա, մարդիկ եկել են տեղամասային կենտրոն, գրանցվել են, ինչը նշանակում է, որ սահմանված կարգը ըստ էության պահպանվել է»: