Մեթադոնային փոխարինող բուժում ստացող անձանց պայմանական վաղակետ ազատման իրավունքը
16:56, February 15, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն2015 թ. նոյեմբերի 5-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից ՀՀ Արդարադատության նախարարությանն է ներկայացվել Մեթադոնային փոխարինող բուժում ստացող անձանց պայմանական վաղակետ ազատման իրավունքի վերաբերյալ՝ Կազմակերպության վերլուծությունը համապատասխան առաջարկություններով:
Միաժամանակ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պատրաստակամություն է հայտնել լրացուցիչ քննարկումների և անհրաժեշտ պարզաբանումների:
Շուրջ երկու շաբաթ անց միայն 2015 թ. նոյեմբերի 19-ի պատասխան գրությամբ ՀՀ Արդարադատության նախարարության կազմակերպական-իրավական վարչության պատասխանում նշված է, որ Նախարարության կողմից մշակվում է <<Կալանավորվածների և դատապարտյալների հետ սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքներ իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կարգը հաստատելու մասին>> ՀՀ Արդարադատության նախարարի նոր հրամանի նախագիծը, և Կազմակերպության առաջարկությունները կքննարկվեն նախագծի քննարկման ընթացքում:
Նույն թվականի դեկտեմբերի 3-ի պատասխան գրությամբ ՀՀ Արդարադատության նախարարության օրենսդրական զարգացման և իրավական վերլուծությունների վարչությունից հայտնում են, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից ներկայացված <<…առաջարկի հիման վրա Հրամանով հաստատված կարգում ներկայումս լրացում կատարելու անհրաժեշտությունը բացակայում է>>:
Մասնավորապես, վկայակոչելով մի շարք իրավական նորմեր՝ Արդարադատության նախարարությունից հայտնում են, որ չնայած այն հանգամանքին, որ <<մեթադոնը բուժման ընթացքում կիրառվում է որպես դեղամիջոց, սակայն անձի ամբողջական առողջացման փուլը կարող է երկար տևել, իսկ առողջության ազդեցությունը վարքագծի նկատմամբ կարող է պահպանվել անգամ բուժման կուրսն ավարտելուց հետո՝ նպատակահարմար չհամարելով այդպիսի անձին բուժման սկզբում կամ դրա վաղ շրջանում որպես ռիսկային չհաշվառելը>>:
Ավելին՝ դատապարտյալների նկատմամբ մեթադոնային բուժում սահմանելը համարում են որպես տարբերակված մոտեցում՝ <<նրանց նկատմամբ արդեն իսկ ցուցաբերվում է տարբերակված մոտեցում և բուժումը ստանալուց հետո մեկ տարվա ընթացքում այդպիսի դատապարտյալները կարող են հանվել հաշվառումից և արդյունքում՝ համարվել ոչ ռիսկային>>:
Այսպիսով, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի վերոնշյալ առաջրկությունը, քննարկվելով Արդարադատության նախարարության տարբեր վարչություններում, ի վերջո մերժվել է:
Վերլուծությունն ամբողջությամբ` այստեղ