Ոստիկանությունը տեսանյութով չկարողացավ ապացուցել Սիրադեղյանի օրինախախտությունը
10:17, June 15, 2015 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՎարչական դատարանում այսօր ոստիկանությունն ընդդեմ քաղաքացիական ակտիվիստ Տարոն Սիրադեղյանի հայցի քննությունն էր: Նա մեղադրվում է 2014 թ. հունիսի 23-ին էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մոտ կազմակերպված բողոքի ակցիային մասնակցելիս ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար:
Դատարանն այսօր ուսումնասիրեց թե հայցվորի, թե պատասխանող կողմի տեսանյութերը ակցիայից: Դատարանը ոստիկանության ներկայացուցչից հետաքրքրվեց՝ տեսանյութում երեւո՞ւմ է Տարոն Սիրադեղյանը: Ոստիկանության ներկայացուցիչն էլ խոստովանեց, որ չի երեւում: Իսկ երեւո՞ւմ է, թե ոստիկանն ինչպես է ներկայացրել օրինական պահանջը հարցին նա դժվարացավ պատասխանել:
«Նախ պետք է լինի պահանջը, հետո դա լինի օրինական, ձեր հայցը վերաբերում է օրինական պահանջը չկատարելուն»,- դիտողություն արեց դատավորը: Արդեն տեսանյութի ուսումնասիրության ժամանակ ակցիայի ամենախառը պահին մի անձ գոռում էր ճանապարհը բացեք, բայց կադրում չէր երեւում, ոստիկանության ներկայացուցիչն էլ ասաց՝ ահա. «Տեսնում եք դա ոստիկանն է ասում, էլ ով պետք է ասեր»: Չնայած տեսանյութում այդպես էլ չերեւաց Տարոն Սիրադեղյանը, բայց ոստիկանության ներկայացուցիչը մինչեւ վերջ պնդեց, որ նա հաստատ այնտեղ է եղել, որովհետեւ ինքն է ասել, որ մասնակցել է այդ ակցիային: Պատասխանող կողմը միջնորդեց նաեւ դատարան ներկայացնել գրանցամատյանը. «Տրամադրվել է հաշվառման գրքի պատճենը՝ ընդ որում առաջին էջի, որտեղ վեց հոգու անձնական տվյալներ են, տրամադրված պատճենից չենք կարող հասկանալ՝ բնօրինակի նմա՞ն է ու արդյոք այլ ուղղումներ չեն արվել: Բնօրինակ տարբերակն ենք ուզում համեմատելու համար, հակառակ դեպքում կմիջնորդենք այս պատճենը չկցել գործին»:
Միջնորդությանը առարկեց ոստիկանության ներկայացուցիչը, եթե ոստիկանության ստորաբաժանման կլոր կնիքը դրված է լուսապատճենի վրա, պետք է հավաստի, որ իրականության հետ համապատասխանում է: Պատասխանող կողմն էլ պարզաբանեց միջնորդության իմաստը. «Տարոն Սիրադեղյանը չի տեսել գրանցամատյանը, հերթապահ աշխատակիցների հետ շփում չի ունեցել, դրա համար կասկածի տակ ենք դնում գրանցամատյանի գոյությունը»: Տարոն Սիրադեղյանն էլ ավելացրեց. «Անզեն աչքով երեւում է, որ կատարվել է թվաբանություն ժամերի հետ կապված, փորձել են մաքսիմալ տեղավորվել միջակայքում, մոտ քսան րոպե պոչից հանել են, որ ցույց տան սահմանված երեք ժամից ավելի չեն պահել»:
Աղբյուրը՝ www.aravot.am