Լիա Միսակյանի գործով դատարանը մեղադրական դատավճիռ կայացրեց
17:59, June 15, 2015 | Նորություններ, Սեփական լրատվություն | Լիա Միսակյան2015 թ. հունիսի 15-ին ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր՝ Լ. Ավետիսյանի, հրապարակվեց 2 տարեկան 3 ամսական Լիա Միսակյանի մահվան դեպքի առթիվ Լիլիթ Վարդանյանի և Զարինե Այվազյանի նկատմամբ հարուցված քրեական գործով դատավճիռը:
Դատարանը, դռնբաց դատական նիստում քննության առնելով քրեական գործն ըստ մեղադրանքի «Արաբկիր» ԲԿ-ի հերթապահ բժիշկներ Լիլիթ Վարդանյանի և Զարինե Այվազյանի, վճռեց, Լիլիթ Վարդանյանին և Զարինե Այվազյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքի կատարման մեջ՝ նշանակելով ազատազրկման ձևով պատիժ՝ համապատասխանաբար 2 տարի և 2 տարի 6 ամիս ժամկետով՝ առանց լրացուցիչ պատժի նշանակման: Միաժամանակ, կիրառելով ՀՀ անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ ընդունված համաներման ակտի 4-րդ կետի 1-ին ենթակետը, դատարանն ամբաստանյալներին ազատեց պատժի կրումից:
Դատարանի դատավճռով Լիլիթ Վարդանյանի և Զարինե Այվազյանի նկատմամբ կիրառված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը թողնվեց անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Նկատի ունենալով, որ տուժողի իրավահաջորդը և նրա ներկայացուցիչները քաղաքացիական հայց չէին ներկայացրել, այդ հարցը դատարանը համարեց լուծված:
Դատարանի դատավճիռն ամբողջությամբ կհրապարակվի այն սահմանաված կարգով ստանալուց հետո:
Հիշեցնենք, որ 2 տարեկան 3 ամսական Լիա Միսակյանն «Արաբկիր» ԲԿ ընդունվել էր 2012 թ. դեկտեմբերի 31-ին 20:30-ի սահմաններում, որտեղ էլ մահացել էր 2013 թ. հունվարի 3-ին 00:20-ի սահմաններում: Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք էր առաջադրվել «Արաբկիր» ԲԿ-ի հերթապահ բժիշկներ Լիլիթ Վարդանյանին և Զարինե Այվազյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի (Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը) 2-րդ մասով ամրագրված արարքի հատկանիշներով, որի համար որպես պատիժ սահմանված է ազատազրկում՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա: