Կայացավ Փնջիկ Թերոյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունը
11:57, July 15, 2015 | Նորություններ, Սեփական լրատվություն2015 թ. հուլիսի 14-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում, նախագահությամբ դատավոր Վ. Ռշտունու, տեղի ունեցավ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի և Փնջիկ Թերոյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքների քննությունը: Հիշեցնենք, որ ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ Ա. Խաչատրյանի, 2015 թ. մայիսի 19-ին մերժեց հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Ա. Մինասյանի՝ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումը վերացնելու և գործը նոր նախաքննության ուղարկելու պահանջով ներկայացված բողոքը:
ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2015 թ. մայիսի 19-ի որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի քննությանը մասնակցում էին բողոքաբեր Փ. Թերոյանը, Ա. Սաքունցի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան Անի Չատինյանը և վարույթն իրականացրած քննիչ Ա. Մինասյանը: Գործով վերահսկողություն իրականացրած դատախազը չէր ներկայացել բողոքի քննությանը աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով:
Բողոքաբեր Փ. Թերոյանը պնդեց իր կողմից ներկայացված բողոքը, ներկայացրեց լրացուցիչ դիրքորոշում գործի որոշ ելակետային հարցերի շուրջ:
Նախագահող դատավոր Վ. Ռշտունին որոշ հարցեր ուղղեց բողոքաբերին, դատարանը հետաքրքրվեց, թե բողոքաբերի որ իրավունքներն են խախտվել, փորձեց հստակեցնել, թե կոնկրետ ինչ գործողությունների դեմ է բողոք բերվել: Փ. Թերոյանը նշեց, որ քննիչն իր կողմից հանձնված սկավառակների զննության արդյունքում կեղծ արձանագրություն է կազմել, առանց ընթերակաների՝ արձանագրելով սկավառակների մեջ առկա տեղեկատվության միայն մի մասը, այսինքն՝ քննիչը կատարել է քրեորեն պատժելի արարք:
Վարույթն իրականացրած ՀՀ ՀՔԾ ՀԿԳ քննիչ Վ. Մինասյանն առարկեց ներկայացված բողոքի դեմ, նշեց, որ կայացված որոշումը հիմնավորված է և ինքը չի հասկանում, թե Փ. Թերոյանի որ իրավունքներն են խախտվել քննիչի կողմից թույլ տրված խախտումների արդյունքում:
Նախագահող դատավոր Վ. Ռշտունու հարցին ի պատասխան քննիչը նշեց, որ չնայած իր կողմից առգրավվել են քննչական բաժնում կատարված նախաքննության նյութերը, սակայն սկավառակները եղել են փաթեթավորված և չեն զննվել իր կողմից, քանի որ նյութերն առգրավվել են բնօրինակով դատաձեռագրաբանական փորձաքննություն նշանակելու համար:
Դատավորը հարցրեց, թե արդյոք քննություն տարվել է ապացույց կեղծելու մասով, քանի որ զննության արձանագրությունը քրեական դատավարությունում հանդիսանում է ապացույց: Վարույթն իրականացրած Վ. Մինասյանը նշեց, որ եթե ապացույց կեղծելու հիմքեր լինեին գործով, ապ այդ ուղղությամբ համապատասխան քննություն կկատարվեր:
Ա. Սաքունցի ներկայացուցիչ Ա. Չատինյանը նշեց, որ Փ. Թերոյանը խարդախություն կատարելու վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, որն իր սեփականության դեմ ուղղված հանցագործություն է, սակայն դրա շուրջ արդյունավետ քննություն չի կատարվել, որի արդյունքում խախտվել է նաև Փ. Թերոյանի արդար դատաքննության իրավունքը:
Բողոքի քննությունը համարելով ավարտված՝ դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:
Որոշումը կհրապարակվի 2015 թ. հուլիսի 15-ին, ժամը 12:00-ին: