Վ. Գասպարյանը ինքնախոստովանական ցուցմունք է տվել, ՀՔԾ-ն պետք է նրան կանչի հարցաքննության Մարտի մեկի գործով
14:13, September 15, 2014 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ«Վ. Գասպարյանի երեկվա հայտարարությունը, որ ինքը, որպես ռազմական ոստիկանության նախկին ղեկավար, հանձնարարություն է ստացել Մարտի մեկի իրադարձությունների ժամանակ պահպանելու ՀՀ կառավարության շենքը, դա ցնցող փաստ եմ համարում»: ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը: Ըստ նրա՝ ոչ թե Վ. Գասպարյանի ասածն էր նորություն, այլ որ Գասպարյանն ինքն է նման բան հայտարարում:
Հիշեցնենք, երեկ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ով մասնակցել է Արզնիում կազմակերպված ոստիկանության զորքերի ուսումնական զորավարժությանը, ավարտից հետո պատասխանել է լրագրողների հարցերին: Նա նաեւ հայտարարել է, որ ուղղակի չի զբաղվել այդ գործով: «Մարտի մեկին իմ մասնակցությունը եղել է այնքանով, որ ռազմական ոստիկանությունը կառավարության շենքի պահպանությունն է վերցրել իր վրա, եւ ես օպերատիվ խմբով արդեն դեպքի վայրից հետո տեղազննություններին մասնակցել եմ նույնպես»,- հայտարարել է Գասպարյանը:
Ըստ Սաքունցի՝ Վ. Գասպարյանի այս հայտարարությունը բավարար է, որ ՀՔԾ-ն կանչի Վ. Գասպարյանին հարցաքննության՝ առնվազն որպես վկա:
«Վ. Գասպարյանի ինքնախոստովանական ցուցմունքը առաջին հերթին հիմնավորում է հետեւյալը.
1. Այն ժամանակվա իշխանությունները՝ հանձին Ռ. Քոչարյանի, ըստ էության զինված ուժերի ստորաբաժանումներն օգտագործել են ներքաղաքական իրավիճակում քաղաքական նպատակներով:
2. Մինչեւ արտակարգ դրության ռեժիմի հայտարարելը արդեն իսկ նրանք ներգրավված են եղել:
3. Պետք է նաեւ ներկայացնեն, թե ինչ հիմնավորումներ են ունեցել, որ մտածել են, թե ցուցարարները կառավարության շենքի կամ էլ պետական որեւէ գերատեսչության շենքի վրա պիտի հարձակում գործեին. չէ՞ որ պետական շենքերի պահպանության խնդիր են իրականացրել»:
Ըստ Ա. Սաքունցի՝ ՀՔԾ-ն պետք է Վ. Գասպարյանին հրավիրի հարցաքննության՝ ստանալու պարզաբանումներ ռազմական ոստիկանության նախկին պետից հիշյալ հարցերի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը համապատասխան նամակով դիմել էր նաեւ ՀՀ դատախազ Գ. Կոստանյանին, երբ վերջինս նոր էր նշանակվել դատախազ, պահանջով՝ Ռ. Քոչարյանին եւ Ս. Սարգսյանին, ի թիվս մի շարք պաշտոնատար անձանց, կանչել հարցաքննության Մարտի մեկի գործով:
Ա. Սաքունցին Գ. Կոստանյանը առայժմ չի պատասխանել.
«Գլխավոր դատախազից պատասխան չստացանք, ՀՔԾ-ն պատասխանեց, որ ոչ ոք իրավունք չունի իրենց ցուցում տալու: Բայց ոչ ոք ցուցում տալու նպատակ էլ չուներ, այլ մատնանշելու այն անձանց, որոնց հարցաքննությունը պարտադիր պայման է՝ Մարտի մեկի հանցագործության բացահայտման համար»:
Ա. Սաքունցի խոսքերով՝ իրենք դիմել են նաեւ միջազգային կառույցներին, պատրաստվում են նորից դիմել: Ռ. Քոչարյանի եւ Ս. Սարգսյանի գլխավորած պաշտոնատար անձանց ցուցակում կլինի նաեւ Վ. Գասպարյանի անունը որպես Մարտի մեկի կազմակերպիչ:
«Դիմել ենք Եվրոպայի խորհուրդ, էլի պատրաստվում ենք դիմել: Որպես պահանջ ներկայացնում ենք՝ արգելել Մարտի մեկի ցուցակում ընդգրկված պաշտոնատար անձանց մուտքը եվրոպական երկրներ»:
Աղբյուրը՝ galatv.am