Շուտով կտեսնենք մոբիլիզացումն ու պատասխան քայլերը
18:39, November 15, 2014 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Զինված ուժերՄեր զրուցակիցն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը
Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին աննախադեպ միջադեպ եղավ. խոցվեց հայկական ռազմական ուղղաթիռը: Ինչպե՞ս եք գնահատում այն և ինչո՞վ եք բացատրում նման միջադեպի տեղի ունենալը:
Նախ ցավակցում եմ ուղղաթիռի անձնակազմի զոհված անդամների հարազատներին: Սա իսկապես ծանր կորուստ է ոչ միայն նրանց ընտանիքների, այլև Հայաստանի և ԼՂՀ-ի զինված ուժերի համար, որովհետև նման մասնագետներ այդքան էլ հեշտ չէ պատրաստել եւ հեշտ չէ վերականգնել այդ կորուստները:Ինչ վերաբերվում է ուղղաթիռի խոցմանը, ապա այդ փաստն ունի մի քանի չափումներ: Նախ, ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատարը հայտնեց, որ ուղղաթիռն ընկել է ադրբեջանական դիրքերից 20 մետր հեռավորության վրա: Այսինքն ուղղաթիռը շատ ավելի մոտ է եղել բաժանարար գծին, և զորավարժությունների շրջանակում նման տեխնիկայի օգտագործումը նման հեռավորության վրա անտրամաբանական է՝ հաշվի առնելով շփման գծում այս տարվա ամռանը գրանցված լարվածությունը, որը հանգեցրեց զոհերի: Տրամաբանությունը հուշում էր, որ զորավարժությունների կազմակերպիչները պետք է հաշվի առնեին բաժանարար գծի այդ հատվածում լարվածության հնարավորությունը և չիրականացնեին այնպիսի գործողություններ, որոնք կարող էին հրահրել կամ նպաստել լարվածության մեծացմանը: Այդ տեսակետից, իմ խորին համոզմամբ պետք է հարց բարձրացնել, թե ով է որոշել, որ զորավարժությունները պետք է այդքան մոտ լինեին սահմանին, ինչ հաշվարկների հիման վրա են նման որոշում կայացրել, և արդյոք հաշվի են առել լարվածությանը նպաստող այն գործոնները, որոնք առկա էին մի քանի ամիս առաջ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով: Այս առումով պետք է բավական լուրջ քննություն իրականացվի:
Երկրորդ. այս միջադեպը տեղի ունեցավ Հայաստանում ՆԱՏՕ-Հայաստան համագործակցության շրջանակներում անցկացվող «ՆԱՏՕ-ի շաբաթ» իրազեկման ակցիայի ժամանակ: Այս հանգամանքը չպետք է աչքաթող արվի: Արդյոք ուղղաթիռի խփման փաստն ուղղված չէ Երևանում «ՆԱՏՕ-ի շաբաթվա» միջոցառման դեմ: Իմ խորին համոզմամբ, դա հարված էր ՆԱՏՕ-ի շաբաթվա միջոցառումներին:
Երրորդ չափումն արդեն կապված է Հայաստանի ԵՏՄ անդամագրման գործընթացի հետ: Այսօր այնպիսի իրավիճակ է Հայաստանում, որ առանց ռուսական կողմի իմացության նման զորավարժություններ չէին կարող կազմակերպվել: Այսինքն, առնվազն ռուսական կողմն իրազեկված էր, որ Ղարաբաղում պետք է զորավարժություններ կազմակերպվեն Հայաստանի և ԼՂՀ զինված ուժերի մասնակցությամբ: Ի դեպ, նախքան այս զորավարժությունները, սեպտեմբեր-հոկտեմբերին Ռուսաստանի ՊՆ-ի և ՀԱՊԿ-ի ներկայացուցիչները պարբերաբար այցելություններ են կատարել Հայաստան: Այսինքն նրանք անպայման տեղյակ էին այդ զորավարժությունների կազմակերպման և դրանց տեղի վերաբերյալ, և հաշվի առնելով ամռանը շփման գծի լարվածությունը, ինչպես նաև Սոչիում Պուտինի նախաձեռնությամբ կայացած Սարգսյան-Ալիև հանդիպումը, պետք է նրանք առնվազն նախազգուշացնեին, որ բաժանարար գծի մերձակա տարածքում նման զորավարժությունների կազմակերպումը կարող է հրահրել լարվածության աճ: Եվ քանի որ առանց ռուսական կողմի իրազեկման դա չէր կարող լինել, ես կարծում եմ, որ զորավարժություններն իրականացվել են ռուսական կողմի «դաբրո»-ով:
Որքանո՞վ այս միջադեպը կարող էր պայմանավորված լինել Հայաստանի ներքին ու արտաքին գործոններով:
Հայաստանում, ցավոք, ներքին գործոններ այլևս չկան, քանի որ դաշտն ամբողջովին վերահսկվում է Ռուսաստանի կողմից: Ընդհակառակը, Հայաստանում ներքին գործոնի ձևավորման միակ նպաստավոր գործոնը Արևմուտքի ու ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններն են: Իսկ Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի ու ԵՏՄ-ի հետ հարաբերությունները ներքին գործոնի վերացմանն ուղղված գործընթացներ են: Այս առումով ևս տեղի ունեցած միջադեպը ռուսական ազդեցության հետևանք է:Հաջորդ կարևոր հարցն այն է, թե ում էր ձեռնտու այս միջադեպը: Իմ համոզմամբ, այն միանշանակ շահավետ էր Ռուսաստանին, որովհետև Պուտինը մշտապես փորձեր է կատարել ու հիմա էլ կատարում է՝ ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը վերացնելուն և որպես միակ դոմինանտ ու որոշիչ ուժ հանդես գալու նպատակին: Ես կարծում եմ, որ Մինսկի խմբի ձևաչափն այսօր վտանգված է Ռուսաստանի միակողմանի և ագրեսիվ գործողությունների հետևանքով: Մոսկվան շատ լավ գիտակցում էր, որ ադրբեջանական կողմը փորձելու է պատասխան տալ կազմակերպված զորավարժություններին, ու քանի որ հայկական կողմն ինքնուրույն որոշումներ կայացնելու առումով բավական թույլ է և զրկված է նման որոշումներ կայացնելուց, հետևաբար այս միջադեպի հիմնական պատասխանատուն ռուսական կողմն է:
Մի հետաքրքիր փաստ էլ կուզենայի արձանագրել. հերթական անգամ Հայաստանի ՊՆ-ն և Զինված ուժերը, որոնք մնացել են, ըստ էության, միակ ազգային կառույցը, կրկին լարված իրավիճակում մնացին մենակ: Այս տարվա հուլիս-օգոստոս ամիսներին ևս տեսանք, որ ԱԳՆ-ն, քաղաքական կառույցները բացարձակ զրոյացված վիճակում էին, իսկ երբ լարվածությունն անցավ, այսպես կոչված փսեւդո-հայրենասերները կամուֆլյաժներ հագած հայտնվեցին դիրքերում, իբրև թե իրենց աջակցությունը հայտնելու հայ զինվորներին: Բայց երբ իսկապես լարվածությունը հասել էր գագաթնակետին, նրանք բոլորը լռության էին մատնված և ընդհանրապես որևէ վերաբերմունք կամ քայլ չէին կատարում: Այս անգամ վերստին հայկական զինված ուժերը մնացին մենակ, վտանգի առջև դեմ հանդիման: Քաղաքական վերնախավը, որը պատասխանատու է այս իրավիճակի ստեղծման համար, հերթական անգամ ցույց տվեց իր անպատասխանատվությունը:
Պետք է ասեմ, որ, իհարկե, ադրբեջանական կողմը բոլորովին անպատասխանատու գտնվեց, առնվազն միջազգային մարդասիրական իրավունքի տեսակետից, որովհետև ուղղաթիռը խոցելուց հետո էլ մինչև հիմա թույլ չեն տալիս, որպեսզի անձնակազմի անդամների մարմինները հետ վերցնեն: Սա ուղղակի աննախադեպ երևույթ է, երբ ադրբեջանական կողմը նման ցինիկ վարքագիծ է դրսևորում, բայց միջադեպի առաջացման պատճառների պատասխանատվության հարցը կա նաև հայկական կողմում: Սա հստակ պիտի ձևակերպել: Եթե այդ քննությունը չկատարվի, դա կարող է հանգեցնել տարբեր մանիպուլյացիաների և փսևդո-հայրենասիրական մեկնաբանությունների: Կլինեն շրջանակներ, որոնք կփորձեն սեփական նեղ խմբային կամ անձնական շահերի տեսակետից օգտագործել, շահարկել այն՝ սեփական գոյությունը հիմնավորելու և նշանակություն տալու համար:Ես խորապես համոզված եմ, որ ադրբեջանական կողմը ևս գտնվում է ռուսական ազդեցության տակ: Այսինքն, ես սրանով փաստում եմ, որ Ռուսաստանը, մի կողմից գիտակցելով հնարավոր լարվածությունը, այնուամենայնիվ չի խոչընդոտել հայկական զորավարժությունների անցկացումը բաժանարար գծի անմիջական մերձակայքում, մյուս կողմից զերծ չի պահել Ադրբեջանին հնարավոր գործողություններից, որը կարող է լարվածություն առաջացնել: Սրանով Ռուսաստանը ստեղծել է մի իրավիճակ, երբ երկու կողմերին հրահրելով ինքն ունենում է բավական լուրջ հնարավորություն անմիջականորեն մասնակցել գործընթացին՝ որպես վճռորոշ ուժ և որոշումներ կայացնող:
Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ մի քիչ էլ անհամաչափ պատասխան են տալու Ադրբեջանին:
Կարծում եմ՝ ինչքան էլ հիմնավոր է այդ քայլը պաշտպանական գերատեսչության տեսակետից, այն այնուամենայնիվ կարող է լարվածությունն ավելի մեծացնել: Ուղղաթիռի ոչնչացումը պետք է հանդիսանա ավելի շատ քաղաքական ու դիվանագիտական կորպուսի լուծելիք խնդիրը, հակառակ դեպքում, եթե նույնաբովանդակ պատասխաններ տրվեն, լարվածությունն ավելի կմեծանա, որը կբերի այնպիսի իրավիճակի, որ հակամարտության խաղաղ կարգավորման մասին խոսելը կդառնա շատ դժվար, եթե ոչ անհնար: Դա կարող է բերել էլ ավելի մեծաթիվ մարդկային զոհերի, կործանարար ազդեցություն կունենա և ԼՂՀ-ի, և Ադրբեջանի, և Հայաստանի, և ողջ տարածաշրջանի համար: Իսկ տարածաշրջանում նման կործանարար գործընթացները շահավետ են միայն ու միայն Պուտինին և նրա քաղաքականությանը:
Այս տեսակետից, պետք է հաշվի առնել, որ այս միջադեպը համընկավ Պուտինի կողմից Ուկրաինայի արևելքում ռուսական զորքերի ներխուժման փաստի, նաև Բալթյան երկրներում ռուսական օդուժի ակտիվացման հետ, երբ ՆԱՏՕ-ի ուժերը հերթական ռուսական օդանավը առգրավեցին, որը խախտել էր Էստոնիայի օդային տարածքը: Համընկնում է նաև Մեձդնեստրում լարվածության մեծացման, նաև Ռուսաստանի արևելքում, ԱՄՆ-ին հարակից տարածքում Ռուսաստանի օդային ուժերի խախտումների հաճախակիացման հետ: Այսինքն, Պուտինը փորձում է իրեն ենթակա բոլոր տարածքներում տարբեր ուղղություններով մեծացնել լարվածությունը: Այս պահին մենք հայտնվել ենք Պուտինի աշխարհքաղաքական ագրեսիվ քաղաքականության գործիքներից մեկի դերում, որից տուժելու ենք առաջին հերթին մենք: Այսինքն, ուղղաթիռի դեմ հարձակումը ես համարում եմ որպես պուտինյան ագրեսիայի հետևանքներից մեկը, որտեղ երևում է մեր՝ որպես զոհի կարգավիճակը պուտինյան քաղաքականության մեջ: Մյուս կողմից, տեսնում եմ նաև Ադրբեջանի՝ որպես մյուս զոհի կարգավիճակը պուտինյան քաղաքականության մեջ:
Այս առումով ես կարևորում եմ միջազգային հանրության կողմից ուղղաթիռի խոցման միջադեպի քննության իրականացումը: Պետք է պարզել, թե որոնք են եղել այն գործոնները, որոնք հանգեցրել են դրան: Համակողմանի պետք է ուսումնասիրվեն դրան հանգեցրած պատճառները և պետք է միջոցներ ձեռնարկել, որ նման միջադեպերը չկրկնվեն: Հակառակ պարագայում իրապես սա կարող է լինել Պանդորայի արկղի բացում, որը կարող է բերել նման միջադեպերի կրկնության և խաղաղ բանակցությունների ձևաչափի իսպառ վերացման, իսկ դա այս պահին ձեռնտու է միայն Կրեմլին:
Միջազգային հանրությունը որքանո՞վ կկարողանա դա անել, հաշվի առնելով, որ նրանց հայտարարությունները շատ մեղմ են ու զուսպ:
Ինձ թվում է միջազգային հանրությունը մեղմ չէ, որովհետև միջազգային ասպարեզում գործող բոլոր կառույցները արձագանքել են միջադեպին: Այսինքն, բավական համարժեք են գնահատել տեղի ունեցածը և ուշադրություն են դարձրել: Միջադեպին արձագանքել է ԵՄ-ն, ԵԱՀԿ նախագահը, ՆԱՏՕ-ն, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը: Այսինքն չեմ կարծում, որ զգուշավոր կամ մեղմ են մոտեցել իրավիճակին: Դիվանագիտական ձևակերպումները, որոնք օգտագործվել են միջազգային կառույցների կողմից, խոսում են այն մասին, որ բավական ուշադիր են և բովանդակային տեսակետից շատ լավ են հասկանում, թե դա ինչի կարող է բերել: Կարծում եմ՝ բավական լայն հնարավորություններ կան ազդել իրավիճակի վրա, սակայն դա ժամանակի հարց է: Բոլորը շատ լավ գիտակցում են, որ հետխորհրդային տարածքներում լարվածության առաջացման հիմնական պատասխանատուն պուտինյան Ռուսաստանն է: Դա տեղավորվում է մեկ ընդհանուր խնդրի մեջ, և Արևմուտքում հասկանում են, որ խնդիրները, որոնք պետք է լուծեն, ավելի են մեծանում: Այսինքն, այստեղ գործ ունենք ոչ միայն Ղրիմի անեքսիայի կամ Ուկրաինայի դեմ ագրեսիվ գործողությունների, այլև լարվածության նոր օջախների առաջացման հետ: Միջազգային հանրությունը ղարաբաղյան այս միջադեպի հետևանքով մոբիլիզացվելու, իր ուժերը իմի բերելու և պատասխան տալու շատ ավելի մեծ մոտիվացիա ունի: Կարծում եմ, առաջիկա ժամանակներում մենք հստակ կտեսնենք այդ մոբիլիզացումը և պատասխան տալու պատրաստակամությունն ու քայլերը:
Աղբյուրը՝ www.lragir.am