Ինչու Միացյալ Նահանգները պետք է ավելի սերտ կապեր հաստատի Հայաստանի հետ
11:18, November 16, 2016 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ2014 թվականին Ռուսաստանին Ղրիմի միացումից ի վեր Արևմուտքի քաղաքականություն մշակողները հետևողական աշխատանք են տարել՝ կանխելու Արևելյան Եվրոպայում և հետխորհրդային տարածաշրջանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից նոր ռազմական գործողությունների հրահրումը: Թեպետև ռազմական գործողությունները զսպելու ուղղությամբ Արևմուտքի գործադրած ջանքերի շնորհիվ ՆԱՏՕ–ի անդամ պետությունների նկատմամբ Ռուսաստանի կողմից ռազմական ագրեսիայի դրսևորման հավանականությունը նվազել է, Միացյալ Նահանգների քաղաքականություն մշակողները մեծ սխալ են թույլ տվել՝ քիչ ուշադրություն դարձնելով Հարավային Կովկասում Ռուսաստանի դրսևորած ապակայունացնող պահվածքին:
Ռուսաստանի կողմից Վրաստանի սահմանների հաճախակի կարգավորումները, Հայաստանի նկատմամբ գերիշխանության ամրապնդումը և Ադրբեջանին առնչվող դիվանագիտական նախաձեռնություններն ընդգծում են Մոսկվայի համար Հարավային Կովկասի կարևորությունը` որպես իր ռազմական ներկայության թատերաբեմ: Կովկասում Ռուսաստանի գերիշխանությունն էլ ավելի է խորացել հայ–ադրբեջանական սահմանային տարածաշրջան Լեռնային Ղարաբաղի ձգձգվող հակամարտության հարցում Միացյալ Նահանգների չեզոքության հետևանքով: Հարավային Կովկասում Միացյալ Նահանգների մշտական ներկայության բացակայությունը նպաստել է նրան, որ Պուտինը հանդես է գալիս որպես տարածաշրջանում գործող առաջատար ազդեցիկ ուժ, և Մոսկվան դիտավորյալ բորբոքում է ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում՝ իր գերիշխանության հավակնություններին հագուրդ տալու համար:
Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցությունը նվազեցնելու համար՝ Միացյալ Նահանգները պետք է զգալիորեն մեծացնեն Հայաստանին տրամադրվող տնտեսական և ռազմական օգնության ծավալը: Ի դեմս Երևանի հաստատված ամուր նեցուկը Միացյալ Նահանգներին հնարավորություն կտա աշխարհաքաղաքական հենակետ ունենալ Հարավային Կովկասում: Բացի այդ, հայ-ամերիկյան դաշինքի ամրապնդման արդյունքում՝ Հարավային Կովկասում և ԱՊՀ տարածաշրջանում Ռուսաստանի ունեցած գերակայությունը կխարխլվի հետևյալ չորս հիմնական առումներով:
Առաջին, անվտանգության ոլորտում հայ–ամերիկյան գործընկերության ամրապնդման արդյունքում Վաշինգտոնը Հարավային Կովկասում ձեռք կբերի հուսալի դաշնակից, որն անհրաժեշտության դեպքում կհակադրվի Կրեմլին: Հայ–ամերիկյան դաշինքի իրատեսական հեռանկարը զգալիորեն տարբերվում է այդ մասին տարածված տեսակետներից: Քանի որ Հայաստանն անդամակցում է Ռուսաստանի գլխավորած Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) և «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն» (ՀԱՊԿ) անվտանգության դաշինքին, Միացյալ Նահանգների քաղաքականություն մշակողները Հայաստանը համարել են Ռուսաստանի հավատարիմ դաշնակից, որը գրեթե շահագրգռված չէ ռազմավարական գործընկերության հաստատել Վաշինգտոնի հետ:
Հայաստանում վերջերս բարձրացված հակառուսական բողոքների ալիքից հետևում է, որ այս ենթադրությունն այլևս չի համապատասխանում իրականությանը: Հայկական կառավարության անդամներից ոմանք խստորեն քննադատել են Ռուսաստանին՝ Ադրբեջանին վաճառվող զենքի ծավալների մեծացնելու համար: Բացի այդ, հայերից շատերի կարծիքով՝ Մոսկվան գաղտնի աջակցել է ապրիլի 2-5-ը Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակմանը: Այս հակառուսական տրամադրություններին նշանակալիորեն հակադրվում է 2013 թվականին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի արտահայտած այն փաստարկը, որ ԵՏՄ–ի կազմում Հայաստանն ավելի պաշտպանված կլինի ադրբեջանական ագրեսիայից:
Սխալ է նաև Վաշինգտոնում գերակշռող այն տեսակետը, որ Հայաստանը պակաս հոժարակամությամբ կընդունի ԱՄՆ-ի հետ դաշինք կազմելու առաջարկը, քան Ադրբեջանը: 1990-ականներին ԱՄՆ–ի կառավարությունը լայնածավալ ֆինանսական աջակցություն է տրամադրել Հայաստանի քաղաքացիական հասարակության շարժումներին: Այս ներդրումները մինչ օրս արդյունք են տալիս, քանի որ Հայաստանում ԱՄՆ-ի աջակցությամբ գործող ՀԿ–ներն անհամաչափորեն մեծ թիվ են կազմում երկրի բնակչության թվի համեմատ:
Թեև ԱՄՆ–ի քաղաքականություն մշակողներից շատերն ընդգծել են Վաշինգտոնի և Բաքվի դաշինքի ամրությունը, Արեգ Գալստյանը վերջերս նշել է, որ Միացյալ Նահանգների կառավարությունը որպես ռազմական օգնություն Հայաստանին հատկացրել է 23 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ Ադրբեջանին՝ միայն 11 միլիոն դոլար: Այս ոլորտին քաջատեղյակ մարդկանց համար սա զարմանալի չէ: Վաշինգտոնում քաղաքական փորձագետներից շատերը պնդում են, որ պատմության ընթացքում Հայաստանը եղել է ԱՄՆ-ին ավելի հավատարիմ ռազմավարական գործընկեր, քան Ադրբեջանը: Այս պնդումները հիմնավորելու համար՝ հայամետ լոբբիստները ընդգծել են Հայաստանի մասնակցությունն Աֆղանստանում ԱՄՆ–ի կողմից տարվող պատերազմում և Ռուսաստան հետ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ունեցած կապերը:
Հայ-ամերիկյան գործընկերության արդեն առկա ամուր հիմքերի և Հայաստանում ահագնացող հակառուսական տրամադրությունների պայմաններում ավելի հավանական է, որ Սարգսյանը կընդունի տնտեսական և ռազմական օգնության մասին ԱՄՆ–ի վստահելի առաջարկը: Միացյալ Նահանգների աջակցությունն ընդունելու դեպքում Սարգսյանը կարող է հանդարտեցնել դժգոհ հայ երիտասարդներին, ովքեր 2013 թվականին աջակցել են ԵՄ-ին Հայաստանի ասոցացման համաձայնագրի կնքման առաջարկին և 2015 թվականի հուլիսին մասնակցել են «Էլեկտրական Երևան» շարժման բողոքի ակցիաներին: Հայաստանում երիտասարդական բողոքի ակցիաների նվազումը զգալիորեն կնպաստի երկրում երկարաժամկետ քաղաքական կայունության հաստատմանը: Բացի այդ, Հայաստանի կայուն կառավարությունն ավելի արդյունավետորեն կդիմակայի Երևանի ներքին գործերին Ռուսաստանի միջամտությանը:
Երկրորդ, հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության զարգացմամբ կարող է նշանավորվել Հարավային Կովկասում Ռուսաստանի գերիշխանության ավարտը: Տարածաշրջանում ուժերի աշխարհաքաղաքական տեղաբաշխման հսկայական փոփոխությանը խոչընդոտելու նպատակով Ռուսաստանը կփորձի Հարավային Կովկասում գտնել Հայաստանի նման հավատարիմ մեկ այլ դաշնակից: Թեև Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին նվազ հակակրեմլական է՝ իրեն նախորդած Միխաիլ Սաակաշվիլիի համեմատ, Վրաստանի կառավարությունն ունի արտաքին քաղաքականության արևմտամետ հայացքներ և բացասական վերաբերմունք Վրաստանի տարածք Ռուսաստանի կամայական ռազմական ներխուժման նկատմամբ:
Տնտեսական և անվտանգության ոլորտներում Մոսկվայի և Բաքվի միջև համագործակցության ծավալների ընդլայնման պայմաններում նույնպես անհավանական է, որ Ադրբեջանը Ռուսաստանի համար կվերափոխվի Հայաստանի նման «վստահորդի»: Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական միջամտությանը Ադրբեջանի հակադրումը և ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում Միացյալ Նահանգների հետ տարիներ շարունակ տևած համագործակցությունն ընդգծում են Բաքվի՝ Ռուսաստանի ազդեցությունը չկրելու ցանկությունը: Իլհամ Ալիևի ելույթներից հետևում է, որ եթե Ռուսաստանն Ադրբեջանին առաջարկի անդամակցել ԵՏՄ–ին՝ որպես Հայաստանի հետ իր վատթարացող հարաբերությունների հակակշիռ, Ադրբեջանն ազգային ինքնիշխանության պահպանման հիմքով կմերժի Ռուսաստանի առաջարկը:
Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև պայքարով բնութագրվող Հարավային Կովկասի երկբևեռության հետևանքները կզգացվեն ամբողջ աշխարհում: Հարավային Կովկասում Միացյալ Նահանգների ազդեցության մեծացման արդյունքում Չինաստանը կարող է փոխել երկար տարիների ընթացքում պահպանվող այն տեսակետը, որ Մոսկվան չափազանց գերիշխող դիրք է զբաղեցնում Կովկասում, որպեսզի Պեկինը կարողանա ձեռք բերել իրական լծակներ: Հարավային Կովկասում իր աշխարհաքաղաքական ազդեցությունը մեծացնելու ցանկություն ունենալու դեպքում Չինաստանը կունենա ամուր հիմք: Ներկայումս տարածաշրջանի և Չինաստանի միջև տարեկան առևտրային շրջանառությունը գերազանցում է 2 միլիարդ դոլարը:
Կովկասյան երկրներում նավթաքիմիական, մեքենաշինական և բանկային արդյունաբերության ոլորտներում Չինաստանի անընդհատ աճող ներկայության հաստատման դեպքում Կովկասի նկատմամբ Ռուսաստանի տնտեսական գերիշխանությունը շուտով կթուլանա: Այդ իսկ պատճառով Հայաստանի հետ իր կապերը սերտացնելով՝ ԱՄՆ-ն կարող է Հարավային Կովկասը փոխակերպել աշխարհաքաղաքական մրցակցության բազմաբևեռ հարթակի և խափանել Ռուսաստանի՝ մեծ տիրության կարգավիճակ ձեռք բերելու նկրտումները:
Երրորդ, հայ-ամերիկյան գործընկերության ամրապնդումը մեծապես կթուլացնի ՀԱՊԿ անվտանգության դաշինքի փոխկապակցվածությունը: Թեև Ադրբեջանի հետ Ռուսաստանի առևտրային գործընկերությունը տնտեսապես ավելի շահութաբեր է, քան Հայաստանի հետ դաշինքը, Մոսկվան շարունակում է զենք վաճառել Հայաստանին՝ ցուցադրելով ՀԱՊԿ անվտանգության երաշխիքների հուսալիությունը:
Ռուսաստանի տնտեսական ճգնաժամի հետևանքով Պուտինի ռազմավարական հաշվարկները փոխվել են. այդուհանդերձ, Կրեմլի քաղաքականություն մշակողները թույլ են տվել, որպեսզի Ադրբեջանի հետ Մոսկվայի գործընկերությունից ստացվող շահույթը գերակայի անվտանգության ոլորտում Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի պարտավորությունների նկատմամբ: Համոզված լինելով, որ Հայաստանը կախվածության մեջ է գտնվում Ռուսաստանից, Պուտինը հանգել է այն եզրակացության, որ Ռուսաստանի կողմից Բաքվին զենք վաճառելու դեպքում Հայաստանը դուրս չի գա Ռուսաստանի ազդեցությունից:
Այդ իսկ պատճառով, եթե ԱՄՆ-ն մեծ քանակությամբ զենք վաճառի Հայաստանին, Կովկասում Պուտինի որդեգրած հավասարակշռման ռազմավարությունը կարող է խախտվել: Ռուսաստանի վերահաս բյուջետային ճգնաժամի պայմաններում Պուտինը կդժվարանա արդարացնել հայ-ամերիկյան դաշինքին հակազդելու համար ռազմական ծախսերի մեծ աճը: Հավանաբար, կձախողվեն նաև Ադրբեջանը ՀԱՊԿ–ի կազմում ներգրավելու Ռուսաստանի ջանքերը: Քիչ հավանական է, որ Ադրբեջանը կմիանա ՀԱՊԿ–ին, եթե Ռուսաստանը չդադարեցնի անվտանգության դաշինքին Հայաստանի անդամակցությունը:
Քանի որ Միացյալ Նահանգների համար Հայաստանում հենակետ ապահովելով՝ Երևանը միանշանակ կհաստատի, որ կորցրել է Ռուսաստանի անվտանգության երաշխիքների նկատմամբ վստահությունը, Հայաստանի արտաքին քաղաքականության արմատական փոփոխությունը կարող է բացասական ազդեցություն գործել նաև այլ ԱՊՀ երկրների հետ Ռուսաստանի փոխհարաբերությունների վրա: Եթե Ռուսաստանի նկատմամբ Հայաստանի վստահության կորստի պատճառով ՀԱՊԿ-ի նկատմամբ Ղազախստանի վստահությունը թուլանա, նախագահ Նորսուլթան Նազարբաևը կարող է ամրապնդել անվտանգության ոլորտում Չինաստանի հետ Աստանայի աճող գործընկերությունը: Բելառուսը նույնպես կարող է ակտիվացնել Եվրոպական միության (ԵՄ) հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված իր ջանքերը: Եթե Բելառուսը և Ղազախստանը թուլացնեն անվտանգության ոլորտում Ռուսաստանի հետ իրենց համագործակցությունը, ՀԱՊԿ–ն կարող է վերածվել խորհրդանշական դեր կատարող դաշինքից քիչ ավելի մեծ նշանակություն ունեցող դաշինքի: Ուստիև, ԱՄՆ-ի կողմից Հայաստանի հովանավորությունը կարող է խաթարել Մոսկվայի հավակնությունները՝ վերածելու ՀԱՊԿ–ն Ռուսաստանի գլխավորած անվտանգության դաշինքի, որը իսկապես կկարողանա մրցակցել ՆԱՏՕ–ի և ՇՀԿ-ի հետ:
Չորրորդ, Հայաստանին ԱՄՆ–ի ռազմական աջակցության տրամադրման արդյունքում Լեռնային Ղարաբաղի սառեցված հակամարտության շուրջ զարգացումների նկատմամբ Ռուսաստանի ազդեցության լծակը կթուլանա: Լարվածության շրջանում և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին զենք վաճառելով` Ռուսաստանը կարողացել է միակողմանիորեն փոխել երկու պատերազմող կողմերի ուժերի հավասարակշռությունը: Այս լծակի շնորհիվ Պուտինը շահարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը՝ Մոսկվայի ռազմավարական շահերը առաջ տանելու համար: Ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ժամանակ Ռուսաստանը գլխավորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի ռեժիմի պահպանումը, որն ավարտվել է հակամարտությամբ: Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության դիվանագիտական լուծումը նպաստել է Ռուսաստանի միջազգային կարգավիճակի ամրապնդմանը, որի շրջանակներում ընդգծվել է միջազգային հանրության շրջանում Մոսկվայի՝ խաղաղարարի և հակամարտությունները կարգավորողի դերը:
Եթե Հարավային Կովկասում ԱՄՆ-ն գործի Հայաստանի կողմից, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում Ռուսաստանի լծակները մեծապես կթուլանան: Նման զարգացումների դեպքում Պուտինը կարող է ավելի շատ ռուսական զենք վաճառել Ադրբեջանին՝ ի պատասխան ԱՄՆ-ի կողմից Հայաստանին տրամադրվող աջակցության: Եթե Ադրբեջանը կարողանա զգալի ռազմական առավելություն ձեռք բերել Հայաստանի նկատմամբ, Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, կփորձի խրախուսել Բաքվին պատերազմ հրահրել Հայաստանի դեմ՝ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ամբողջական վերահսկողություն հաստատելու համար: Ռուսաստանի աջակցությամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում Ադրբեջանի հաղթանակը կնպաստի ռուս- ադրբեջանական դաշինքի ամրապնդմանը և Միացյալ Նահանգների՝ Հայաստանն ամրապնդելու փորձի ստորացուցիչ տապալմանը:
Սակայն քիչ հավանական է, որ Պուտինը կկարողանա հասնել նման արդյունքի: Անկախ նրանից, թե վերջին հաշվով Ռուսաստանն ինչ ծավալի ռազմական օգնություն կցուցաբերի Բաքվին, Պուտինի համար շատ դժվար կլինի համոզել Իլհամ Ալիևին միակողմանի ռազմական գործողություններ սկսել Հայաստանի դեմ: Վերջին տարիներին ադրբեջանցի քաղաքականություն մշակողները հանգել են այն եզրակացության, որ Լեռնային Ղարաբաղում փոքրածավալ ագրեսիան ավելի նախընտրելի է, քան մեծ պատերազմի հրահրումը: Այս նախընտրությունը կարելի է բացատրել ներքին քաղաքականությամբ: Ալիևի վարչակարգի օրոք անվտանգությունը հիմնականում պահպանվում է արագընթաց ռազմական գործողությունների միջոցով, որոնց ընթացքում զավթվում են խորհրդանշական ծավալի տարածքներ՝ սահմանափակ թվով զոհերի հաշվին: Ապրիլի 2-ին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների սրումը նպաստել է Ալիևի կառավարության շուրջ հակահայկական ազգայնականների համախմբմանը, և հանրության ուշադրությունը շեղվել է Ադրբեջանի վատթարացող տնտեսության խնդիրներից:
Եթե ԱՄՆ-ն Հայաստանին տրամադրի Ռուսաստանի կողմից Հայաստան արտահանած խորհրդային զենքերի համեմատ ավելի կատարելագործված ռազմական տեխնոլոգիա, Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի վերածի լայնածավալ պատերազմի: Ադրբեջանցի քաղաքականության մշակողները դեռ լավ են հիշում 1988-1994թթ. պատերազմը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև: Այդ պատերազմը տարել է գրեթե 30000 ադրբեջանցու կյանք: Տնտեսական ճգնաժամի և մեծ թափ առած զանգվածային անկարգությունների պայմաններում Իլհամ Ալիևը չի կարող իրեն թույլ տալ կանգնել 1990-ականների արյունահեղության կրկնության վտանգի առաջ:
1990-ականների կեսերից սկսած՝ Ռուսաստանը Հարավային Կովկասում իր գերիշխանությունն ամրապնդել է Միացյալ Նահանգների կողմից փոքր դիմադրության պայմաններում: Այդուհանդերձ, այսօր ԱՄՆ-ի կառավարությունը հնարավորություն ունի փոխել իրադարձությունների այս ընթացքը՝ նշանակալիորեն մեծացնելով Հայաստանին տրամադրվող տնտեսական և ռազմական օգնությանը հատկացվող իր ծախսերը: Հայաստանի հետ դաշինք ստեղծելու միջոցով ԱՄՆ-ն կարող է առանցքային դեր կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու գործում և Ռուսաստանին թողնել առանց հուսալի դաշնակցի Հարավային Կովկասում: Չնայած այս առավելությունների՝ հաշվի առնելով Վաշինգտոնում առկա ադրբեջանամետ տրամադրությունները և Հարավային Կովկասում քաղաքական զարգացումների նկատմամբ ԱՄՆ քաղաքականություն մշակողների անտարբերությունը՝ հայ-ամերիկյան դաշինք, ամենայն հավանականությամբ, մոտ ապագայում չի ստեղծվի:
գիտությունների թեկնածու, Օքսֆորդի համալսարան
Նյութի աղբյուրը՝ huffingtonpost.com
Թարգմանությունը՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի