Հատուկ քննչական ծառայությունը հովանավորում է կոռուպցիոն հանցագործությունը՝ «Հրազդան» ՔԿՀ-ում
19:09, January 16, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն | ՀՀ Հատուկ Քննչական Ծառայություն, Քրեակատարողական հիմնարկներ2014 թվականի նոյեմբերի 25-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից գրություն է ներկայացվել ՀՀ Գլխավոր դատախազություն այն մասին, որ Կազմակերպություն է դիմել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալ Արմեն Շամիրյանը և հայտնել է, որ «Հրազդան» ՔԿՀ-ում պատիժը կրելու ընթացքում, անօրինական գործարքի մեջ է մտել Քրեակատարողական հիմնարկի ղեկավարության հետ, ըստ որի՝ Ա. Շամիրյանի հարազատները հանձնուքի միջոցով քրեակատարողական հիմնարկ են մտցրել մեծ թվով բջջային հեռախոսներ, իսկ ՔԿՀ ղեկավարությունն ապահովել է դրանց անարգել մուտքը: Այնուհետև ՔԿՀ ղեկավարությունը հեռախոսների վաճառքից հետո հետևել է, որ խցերում խուզարկություններ չկատարվեն՝ մինչև հեռախոսների գնորդների կողմից գումարի վճարումը: Ըստ նախնական պայմանավորվածության՝ ստացված շահույթը բաշխվելու էր Ա. Շամիրյանի և ՔԿՀ պետի տեղակալի միջև, սակայն ինչպես պնդում է դատապարտյալ Ա. Շամիրյանը, մինչև շահույթի ստացումը նրան տեղափոխել են «Հրազդան» ՔԿՀ-ից «Նուբարաշեն» ՔԿՀ, որի արդյունքում նա զրկվել է իր բաժին գումարից:
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ վերը նշված դեպքի առթիվ 2014 թվականի դեկտեմբերի 1-ին ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ:
Կատարված քննության արդյունքում քրեական գործ հարուցելուց մեկ տարի անց՝ 2015 թվականի դեկտեմբերի 23-ին, ՀՀ ՀՔԾ ավագ քննիչ Գ. Բեգոյանի կողմից որոշում է կայացվել՝ ՔԿՀ աշխատակիցների կողմից, պաշտոնեական լիազորությունները չարաշահելով, Ա. Շամիրյանի հետ ապօրինի գործարքի մեջ մտնելու և պաշտոնեական լիզորություններն անցնելով՝ Շամիրյանին սպառնալու, միաժամանակ Ա. Շամիրյանի կողմից ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու, նրա հարազատների կողմից սուտ մատնություն կատարելու, սուտ ցուցմունքներ տալու կապակցությամբ քրեական հետապնդում չիրականացնել՝ վերջիններիս գործողություններում հանացակազմի բացակայության հիմքով և կարճել հարուցված քրեական գործը:
Այս որոշումը 2016 թվականի հունվարի 11-ին բողոքարկվել է Արմեն Շամիրյանի և նրա փաստաբան Տիգրան Սաֆարյանի կողմից՝ դրա անհիմն լինելու հիմքով: Մասնավորապես՝ բողոքում նշվում է, որ կատարված քննությունն ի սկզբանե նպատակ չի ունեցել՝ պատասխանատվության ենթարկելու հանցագործություն կատարած անձանց, քանզի քննիչը, ունենալով իրար հակասող ապացույցների երկու աղբյուր, հիմնվել է միայն քրեակատարողական հիմնարկի ծառայողների ցուցմունքների վրա, այն դեպքում, որ Ա. Շամիրյանի և նրա հարազատների կողմից տրվել են տրամաբանական և ներքին հակասությունից զերծ ցուցմունքներ, ինչը չի կարելի ասել Քրեակատարողական հիմնարկի ծառայողների կողմից տրված ցուցմունքների մասին: Ինչպես նշված է բողոքում, կատարված քննությունն այնպիսի տպավորություն է ստեղծում, որ Հատուկ քննչական ծառայության «միակ հույսը» քրեակատարողական ծառայողների ազնիվ խոստովանությունն է եղել:
Բացի դրանից՝ այն դատապարտյալները, որոնք ներքաշված են եղել վերոնշյալ գործարքի մեջ որպես գնորդներ կամ ուղղակի ականատեսներ, անվտանգության նկատառումներից ելնելով, պիտի խուսափեին ասել ողջ ճշմարտությունը, քանի որ ենթադրյալ հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող անձինք, շարունակում են պաշտոնավարել նույն ՔԿՀ-ում:
Այսպիսով՝ Արմեն Շամիրյանը և նրա փաստաբան Տիգրան Սաֆարյանը ՀՀ Գլխավոր դատախազություն ներկայացված բողոքով պահանջել են՝ վերացնել ՀՀ ՀՔԾ ՀԿԳ քննիչ Գ. Բեգոյանի կողմից կայացված որոշումը, գործն ուղարկել նախաքննության՝ դրա կատարումը հանձնարարելով մեկ այլ քննիչի:
Ի դեպ, «Հրազդան» ՔԿՀ-ն այդ ժամանակ ղեկավարել է «Արմավիր» ՔԿՀ-ի ներկայիս պետ Տ. Նավասարդյանը: