«Դեպքի արդյունքում ոչ միայն ֆիզիկական վնաս եմ կրել, այլ նաև՝ հոգեբանական». հարցաքննվեց նաև «Հայ կանանց ճակատի» անդամ Սուսաննա Սիմոնյանը
18:38, March 16, 2017 | Նորություններ, Սեփական լրատվություն2017 թ. մարտի 14-ին և 16-ին ՀՀ Վարչական դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Կ. Զարիկյանի, շարունակվեց Ժ. Սեֆիլյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու՝ նախաքննական մարմնի միջնորդության քննարկման ժամանակ 2016 թ. հունիսի 22-ին տեղի ունեցած հավաքի վայրից ֆիզիկական ուժի գործադրմամբ ոստիկանության բաժին տեղափոխված, «Հայ կանանց ճակատի» անդամ Սուսաննա Սիմոնյանի դեմ՝ վերջինիս ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 172.3-րդ հոդվածով վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով՝ ՀՀ Ոստիկանության հայցի և ՀՀ Ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջով Սուսաննա Սիմոնյանի հակընդդեմ հայցի քննությունը:
Դատական նիստը կայացավ ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչ, ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ավագ իրավախորհրդատու Ռուբեն Եպիսկոպոսյանի և Սուսաննա Սիմոնյանի ու վերջինիս ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանի մասնակցությամբ:
Հարցաքննվեցին պատասխանող և հակընդդեմ հայցվոր կողմի միջնորդությամբ գործով որպես վկա ներգրավված, նույն հավաքի մասնակիցներ Գեղեցիկ Տոնոյանը, Նաիրա Բադալյանը և Անահիտ Խաչատրյանը:
Վերջիններս հայտնեցին, որ ոստիկանության ավտոմեքենայի դիմաց Ս. Սիմոնյանի պառկելու պահին ոստիկանության աշխատակիցները մոտեցել և բարձրացրել են գետնից, ինչից հետո Ս. Սիմոնյանը միանգամից բարձրացել է՝ շարունակելով գտնվել դատարանի տարածքում: Վկաների ցուցմունքի համաձայն՝ բերետավոր ոստիկանները առանց որևէ բան ասելու բռնել են Ս. Սիմոնյանի ձեռքերից և տեղափոխել ոստիկանության ավտոմեքենա, այդ ընթացքում Ս. Սիմոնյանն անմարդկային ձայնով ճչացել է՝ ֆիզիակական ցավի ազդեցությամբ:
Վկա Ա. Խաչատրյանն էլ հայտնեց, որ Ս. Սիմոնյանի հետ ոստիկանական մեքենա տեղափոխված Անուշ Կարապետյանից տեղեկացել է իրենց հասցեին ոստիկանների հնչեցրած վիրավորական արտահայտությունների մասին, ապա նշեց դեպքից հետո Ս. Սիմոնյանի մոտ առաջացած առողջական խնդիրների մասին: Դրան իր ցուցմունքով նաև Ն. Բադալյանն անդրադարձավ:
Տ. Սիրադեղյանը միջնորդեց գործով որպես վկա հարցաքննել նաև Ս. Սիմոնյանին, ինչին կողմերը չառարկեցին:
Ս. Սիմոնյանը ներկայացրեց իր ձերբակալմանը նախորդած դեպքերը և նշեց ձերբակալման պահին ոստիկանության աշխատակցի գործողությունների հետևանքով ստացած ֆիզիկական ցավի մասին, որից հետո երկարատև բուժում է ստացել և մինչ օրս էլ ցավեր ունի աջ ուսի հատվածում:
Ցուցմունքի համաձայն՝ չնայած ոստիկանությունում նրան լավ են վերաբերել, այնուամենայնիվ դեպքի վերաբերյալ իր հաղորդումը չի գրանցվել ոստիկանների կողմից: Հաջորդ օրը հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնում, այն ուղարկվել է ՀՀ ՀՔԾ, սակայն քրեական գործ հարուցելը մերժվել է:
Ս. Սիմոնյանը հավելեց, որ դեպքի արդյունքում ոչ միայն ֆիզիկական վնաս է կրել, այլ նաև՝ հոգեբանական:
Ս. Սիմոնյանի ներկայացուցիչը դատարան ներկայացրեց նաև դեպքից հետո կատարված լուսանկարներ, որտեղ պատկերված էին ստացած վնասվածքները:
Դատական նիստը հետաձգվեց ՀՀ Հատուկ քննչական ծառայության՝ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման օրինակը դատարանին տրամադրելու նպատակով:
Մարտի 16-ին կայացած նիստի ընթացքում կողմերը հանդես եկան նաև ամփոփիչ խոսքով, դատարան ներկայացվեցին գործի համար էական նշանակություն ունեցող ապացույցներ, ապա վճռի հրապարակման օր նշանակվեց:
Դատական նիստի մասին առավել մանրամասն կներկայացնենք ավելի ուշ: