9 քաղաքական ուժերից միայն 4-ն են պատասխանել հ/կ-ների հարցերին. Արթուր Սաքունցը հորդորեց չընտրել հարցմանը չպատասխանած քաղաքական ուժերին
18:30, March 16, 2017 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Ընտրական իրավունք«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը, որն ընդգրկում է 60-ից ավելի հասարակական կազմակերպություններ, ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հարցաշար է մշակել: Այն բաղկացած է 64 հարցերից, որոնց պետք է տալ «այո» կամ «ոչ» պատասխաններ:
Լրագրողների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լեւոն Բարսեղյանն ասաց, որ հարցաշարերը փետրվարի 25-ին ուղարկել են խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական ուժերին եւ խնդրել են պատասխանել մինչեւ մարտի 3-ը: Սակայն պատասխաններ ստացել են 4 ուժերից՝ Հայ հեղափոխական դաշնակցություն, «Ելք» դաշինք, ՕՐՕ դաշինք եւ «Ազատ դեմոկրատներ»: Նմանատիպ հարցաշարեր են կազմվել նաեւ քաղաքացիների համար, հարցմանը մասնակցել է Հայաստանի Հանրապետության 801 քաղաքացի:
Հարցման մանրամասները՝ տեսանյութում:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը քաղաքական ուժերի վերաբերմունքը գնահատեց որպես անպատասխանատու. «Այս 60 հարցից որեւէ հարցի վերաբերյալ պատասխան չունենալը կա՛մ նշանակում է քաղաքական ուժերը բովանդակային ծրագիր չունեն՝ ընդամենը թերթոններ են, որոնք տարածում են կամ ձեւ է, ինչպես մանդատն է ձեւական բնույթի, այդ իրենց ծրագիր ասածն է ձեւական բնույթի, կա՛մ ավելի վատ տարբերակը՝ հանրությանը արհամարհում են եւ հարկ չեն համարում հանրությանը ներկայացնել իրենց դիրքորոշումները կոնկրետ հարցերի վերաբերյալ: Այդ դեպքում հարց է ծագում, թե ինչի՞ համար եք առաջադրվել, կամ այդ ի՞նչ ձեւ եք թափում, որ գնում եք հանդիպումների եւ ասում եք մեզ ձայն տվեք, ինչի՞ համար ձայն տան: Սերժ Սարգսյանի ասած՝ եկել եք, որ ի՞նչ անեք»:
Արթուր Սաքունցը հորդորեց չընտրել հարցմանը չպատասխանած քաղաքական ուժերին. «Որովհետեւ նրանք խաբեբա են, հանրության առջեւ պատասխանատվություն չունեն: Եթե դուք, պարոնա՛յք, հրաժարվում եք ներկա լինել այս քննարկումներին, որը հնարավորություն է ձեր կարծիքը առանց որեւէ ֆինանսական լրացուցիչ ներդրումների ներկայացնելու, համոզելու, հորդորելու, մեկնաբանելու, նշանակում է դուք թատրոն եք խաղում ձեր նախընտրական հանդիպումների միջոցով: Մենք ուզում ենք, որ լինի քննարկում, լինի տեսակետների բախում եւ հանրությանը լրացուցիչ իրազեկենք, որպեսզի հանրությունը իրազեկված ընտրություն կատարի: Իսկ դուք փորձում եք ամբողջ նախընտրական քարոզչությունը վերածել «ռազբոռների», ինքնազենի, վարչական ռեսուրսների, լավաշների, ասֆալտապատման, ընտրական գործընթացի որակը հերթական անգամ ուզում եք գցել: